Եսթեր

4

Եսթերը դառնում է թագուհի

1Այս դեպքերից հետո թագավորի բարկությունն անցավ, բայց նա այլևս չէր ուզում Ասթինեի անունը տալ, որովհետև չէր մոռանում նրա խոսքերը։ Իսկ կինը, այսպես մերժվելով, զրկվեց փառքից։ 2Հետո սպասավորներն ասացին թագավորին. «Թագավորի համար գեղեցիկ արտաքինով կույս աղջիկներ թող փնտրեն։ 3Թագավորը թող հրամայի պաշտոնյաներ նշանակել իր թագավորության բոլոր երկրներում, որոնք, կույս աղջիկներ ընտրելով, ուղարկեն Սիսիս քաղաքի կանանոցը՝ հանձնելով նրանց արքունի կանանց պահապան ներքինուն, և թող արքան հրամայի նրանց տալ յուղ, օճառ և բոլոր պիտույքները։ 4Այն կինը, որ հաճելի կլինի թագավորին, թող թագավորի Ասթինեի փոխարեն»։ Այս ամենը հաճելի թվաց արքային, և այդպես էլ արեց։

5Սիսիս քաղաքում մի հրեա մարդ կար՝ Մուրթքե [𝕸 Մորդեխայ] անունով, որը Բենիամինի ցեղից էր, Կիսեի որդի Սեմեիի որդի Հայիրի որդին։ 6Նա բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորի կողմից Երուսաղեմից գերիների սերնդից էր։ 7Նա խնամում էր իր հորեղբոր՝ Ամինադաբի դստերը, որի անունը էր, և որին վերցնելով հորից ու մորից՝ ցանկանում էր կնության առնել։ Աղջիկը շատ գեղեցիկ էր։ 8Երբ թագավորի հրամանը տարածվեց, Սիսիս քաղաքում Օվգեի ձեռքի տակ բազմաթիվ աղջիկներ հավաքվեցին։ Եսթերին նույնպես տարան կանանց վերակացու Օվգե ներքինու մոտ։ 9Աղջիկը նրան հաճելի թվաց ու գտավ նրա առջև։ Օվգեն շտապեց նրան տալ իր բաժին օճառն ու այլ պարագաները, ինչպես նաև յոթ նաժիշտ աղջիկներ՝ արքունիքից։ Եսթերին ու նրա նաժիշտներին մյուսներից ավելի էր հոգ տանում։ 10Եսթերը չհայտնեց իր ազգությունը և հայրենիքը, քանի որ Մուրթքեն նրան պատվիրել էր այդ մասին լռել։ 11Իսկ Մուրթքեն ամեն օր շրջում էր կանանց տան շուրջը՝ ցանկանալով նորություններ իմանալ Եսթերի մասին։ 12Որովհետև լրանում էին տասներկու ամիսները, և մոտ էր այն ժամանակը, երբ աղջիկը մտնելու էր թագավորի մոտ։ Իսկ խնամքի օրերն այսպես էին ընթանում. վեց ամիս էին անուշահոտ յուղերով, վեց ամիս էլ կանանց լողացնում էին անուշահոտ խունկերով ու օճառներով։ 13Հետո նոր մտնում էին արքայի մոտ։ Եվ ով ինչ ցանկանար, տրվում էր նրան՝ նրանցով թագավորի մոտ՝ սենյակը մտնելու համար։ 14Երեկոյան մտնում էր թագավորի մոտ և ցերեկը վերադառնում իր ընկերների և Օվգե ներքինու՝ կանանց պահապանի մոտ և այնտեղ էր մնում, մինչև որ նրան անունով կրկին չկանչեին թագավորի սենյակը։

15Երբ լրացավ Եսթերի՝ Մուրթքեի հորեղբայր Ամինադաբի դստեր՝ արքայի մոտ մտնելու ժամանակը, նա ամեն ինչ արեց այնպես, ինչպես պատվիրել էր իրեն կանանց պահապան ներքինին. Եսթերն արժանանում էր բոլոր նրանց բարեհաճությանը, ովքեր թեկուզ մեկ անգամ տեսնում էին նրան։ 16Եսթերն արքայի մոտ մտավ նրա թագավորության յոթերորդ տարվա տասներկուերորդ՝ Ադար ամսին (որ հայկական Արեգն է)։ 17Եսթերը շատ հաճելի թվաց արքային, բոլոր կանանցից ավելի շնորհի արժանացավ, և արքան նրա գլխին դրեց թագուհու թագը։ 18Թագավորը յոթնօրյա խնջույք արեց իր բոլոր սիրելիների և զորականների համար, փառավոր կատարեց Եսթերի հարսանիքը և հրամայեց թողություն շնորհել բոլոր նրանց, ովքեր իր թագավորության տակ էին։ 19Իսկ Մուրթքեն խնամում և ծառայում էր թագավորի տանը։

20Եսթերը չհայտնեց իր հայրենիքը, որովհետև Մուրթքեն այդպես էր պատվիրել նրան։ Նա երկնչում էր Աստծուց և նրա պատվիրանները կատարում այնպես, ինչպես նախկինում նրա մոտ. Եսթերը չփոխեց իր կենցաղավարությունը։

21Իսկ թագավորի երկու , որ արքունիքի գլխավոր պահապանապետներն էին, տրտմեցին՝ նախանձելով Մուրթքեին, որ իրենցից ավելի պատիվների է արժանանում թագավորից, և ցանկանում էին սպանել Արտաշես արքային։ 22Մուրթքեն, իմանալով այդ, հայտնեց Եսթերին, իսկ Եսթերը մահափորձի մասին զգուշացրեց արքային։ 23Արքան պատժեց երկու ներքինիներին և նրանց կախաղան բարձրացրեց։ Ապա հրամայեց ճշգրտությամբ արձանագրել այդ դեպքերը՝ թե ինչպես Մուրթքեն հավատարիմ եղավ իրեն։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն