Եզրասի գիրք

1

Ա. Վերադարձ Զորաբաբելի ղեկավարությամբ

(1.1–6.22)

Կյուրոսի հրովարտակը հրեաների՝ գերությունից վերադարձի մասին

()

1Պարսից Կյուրոս արքայի թագավորության առաջին տարում, որպեսզի կատարվի Երեմիա մարգարեի բերանով ասված Տիրոջ խոսքը, Տերն արթնացրեց պարսից Կյուրոս թագավորի հոգին, և նա հրովարտակ արձակեց իր ողջ թագավորության մեջ և բոլորին հետևյալը գրեց. 2«Այսպես է ասում պարսից Կյուրոս թագավորը. Տերը՝ երկնքի Աստվածն ինձ տվեց երկրի բոլոր թագավորությունները. նա հրամայեց ինձ իր համար կառուցել Հուդայի երկրի քաղաքում։ 3Ձեզանից ով Տիրոջ ժողովրդից է, և որի հետ է իր Աստվածը, թող ելնի Հուդայի Երուսաղեմ և կառուցի Տիրոջ՝ Իսրայելի Աստծու տունը, և ինքը, որ բնակվում է Երուսաղեմում, նրա հետ թող լինի։ 4Իր ողջ հարստությունը թող վերցնի իր հետ և տանի այնտեղ, որտեղ բնակություն կհաստատի. թող իր հետ վերցնի իր ողջ ունեցվածքը, ինչ որ լինի՝ արծաթեղեն և ոսկեղեն, կահ-կարասի կամ անասուն, և իր ընկերների հետ թող տանեն իրենց հետ՝ մասնակցելու Երուսաղեմում Տիրոջ՝ Աստծու տաճարի պատրաստության համար»։

Վերադարձ Երուսաղեմ

5Եվ ոտքի ելան Հուդայի ու Բենիամինի նահապետական տների իշխանները, քահանաներն ու ղևտացիները, բոլոր նրանք, որոնց հոգիներն արթնացրեց Տերը՝ Աստված, ելնելու և կառուցելու Տիրոջ՝ Աստծու տաճարը Երուսաղեմում։ 6Բոլոր նրանք, որ նրանց շրջակայքում էին բնակվում, օգնում և զորացնում էին նրանց ձեռքերը՝ տալով արծաթ, , կահ-կարասի ու անասուն. ընծաներով ու նվերներով լիացնում էին նրանց։ 7Կյուրոս թագավորն էլ բերել տվեց Տիրոջ տաճարի ողջ սպասքն ու կահքը, որ Նաբուքոդոնոսորը վերցրել էր Երուսաղեմից և ի պահ հանձնել իր աստվածների տանը։ 8Այդ ամենը պարսից Կյուրոս թագավորը բերել տվեց Միթրիդատ գանձապահի ձեռքով և հաշվելով հանձնեց Հուդայի Սամանասարին։ 9Այս է դրանց թիվը. երեսուն ոսկեղեն կոնք, հազար քսանինը արծաթե կոնք. 10Երեսուն ոսկե սկավառակներ և արծաթեղեն այլևայլ՝ հազար։ 11Ոսկեղեն և արծաթեղեն ողջ սպասքը հինգ հազար չորս հարյուր կտոր էր, որ Սամանասարի և Բաբելոնի գերությունից Երուսաղեմ վերադարձողների հետ էին։

Նոր Էջմիածին · HYEJB2017