Անգէ մարգարեյի գիրք

2

Նոր տաճարի պայծառությունը

1Յոթերորդ ամսում, որ ամսվա քսանմեկերորդ օրն էր, Տերը խոսեց Անգեոս մարգարեի միջոցով և ասաց. 2«Ասա՛ Զորաբաբելին՝ Հուդայի ցեղից Սաղաթիելի որդուն, Հեսուին՝ Հովսեդեկ քահանայապետի որդուն, և ժողովրդի բոլոր մնացորդներին. 3“Ձեզնից ո՞վ տեսած կլինի այս տունն իր նախկին փառքի մեջ, և հիմա ինչպիսի՞ն եք տեսնում այն. կարծես ոչինչ է ձեր առջև”»։ 4«Եվ արդ, զորացի՛ր դու, Զորաբաբե՛լ,- ասում է Տերը,- զորացի՛ր, Հեսո՛ւ, Հովսեդեկ քահանայապետի որդի՛, և թող զորանա այդ երկրի ողջ ժողովուրդը,- ասում է Տերը,- գործի՛ անցեք, որովհետև ես ձեզ հետ եմ,- ասում է Ամենակալ Տերը։ Այն խոսքով, որ ուխտեցի ձեզ հետ եգիպտացիների երկրից ելնելիս, 5և իմ Հոգով, որ կա ձեր մեջ, քաջալերվե՛ք»։ 6Քանի որ այսպես է ասում Ամենակալ Տերը. «Դարձյալ կշարժեմ երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը։ 7Բոլոր ազգերին միասին կսասանեմ. բոլոր ազգերի ընտիր-ընտիր ինչքերը կգան, և այդ տունը փառքով կլցնեմ,- ասում է Ամենակալ Տերը։ 8Իմն է արծաթը, և իմն է ոսկին,- ասում է Ամենակալ Տերը,- 9որպեսզի այդ տան վերջին փառքը լինի ավելի մեծ, քան նախկինինը,- ասում է Ամենակալ Տերը։ Եվ այդ տեղին կտամ,- ասում է Ամենակալ Տերը,- հոգիների՛ խաղաղություն, ամեն մեկի, ով կաշխատի ոտքի հանել այդ տաճարը»։

Պիղծ ընծաների դեմ

10Իններոդ ամսվա քսանչորսին՝ Դարեհի երկրորդ տարում, Տիրոջ խոսքը եղավ Անգեոս մարգարեին, և ասաց. 11«Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Հարցրո՛ւ օրենքը ձեր քահանաներից և ասա՛. 12“Եթե մարդ սրբագործված միս դնի իր հագուստի քղանցքի մեջ, և իր հագուստը դիպչի հացի կամ թանի, կամ գինու, կամ յուղի, կամ որևէ կերակուրի, մի՞թե այն կսրբանա”»։ Քահանաները պատասխան տվեցին և ասացին՝ ո՛չ։ 13Եվ Անգեոսն ասաց. «Եթե պիղծը կամ հոգով անսուրբը դիպչի դրանցից որևէ մեկի, մի՞թե այն կպղծվի»։ Քահանաները պատասխան տվեցին և ասացին՝ կպղծվի։ 14Պատասխան տվեց Անգեոսը և ասաց. «Նույնպես և այս ժողովուրդը, նույնպես և այս ազգը՝ իմ առաջ,- ասում է Տերը,- նույնպես և նրանց ձեռքերի բոլոր գործերը. ինչ որ դիպչի նրանց, կպղծվի նրանց նախկին հափշտակությունների պատճառով, և կմորմոքեն իրենց չարիքների երեսից. և ատեցիք դռների առաջ հանդիմանողներին»։

Տերը խոստանում է իր օրհնությունը

15«Եվ արդ, դրե՛ք ձեր սրտում այս օրվանից և սրանից առաջ, երբ դեռ Տիրոջ տաճարի քարը քարի վրա չէր դրվել։ 16Ո՞վ էիք, երբ քսան քոռ գարի էիք լցնում ձեր ամանները, բայց տասը քոռ գարի էր լինում, և լցնում էիք ձեր հնձանները՝ հիսուն մար հանելու համար, բայց քսան էր լինում։ 17Անպտղությամբ, խորշակով ու կարկուտով հարվածեցի ձեզ և ձեր ձեռքերի բոլոր գործերը, բայց դուք չդարձաք դեպի ինձ,- ասում է Տերը։ 18Կարգի բերե՛ք ձեր սրտերն այս օրվանից և սրանից հետո, իններորդ ամսվա քսանչորսերորդ օրից և այն օրվանից, երբ Տիրոջ տաճարի հիմքը դրվեց։ Դրե՛ք ձեր սրտերում. 19մի՞թե կհայտնվի ինչ-որ բան ձեր կալի և որթատունկի, թզենու, նռնենու և ձիթենու վրա, որ չէին պտղաբերում. այս օրվանից կօրհնեմ»։

Տիրոջ խոստումը Զորաբաբելին

20Եվ Տիրոջ խոսքը դարձյալ եղավ Անգեոս մարգարեին ամսի քսանչորսին, և ասաց. 21«Ասա՛ Զորաբաբելին՝ Հուդայի ցեղից Սաղաթիելի որդուն. “Դարձյալ շարժում եմ երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը. 22կկործանեմ թագավորների գահերը և կոչնչացնեմ թագավորների զորությունը, կկործանեմ կառքերն ու հեծյալներին։ Կընկնեն երիվարներն ու սրանց հեծյալները, յուրաքանչյուրը սրով՝ իր եղբոր դեմ։ 23Այն օրը,- ասում է Ամենակալ Տերը,- Զորաբաբե՛լ, Սաղաթիելի որդի՛, կվերցնեմ քեզ՝ իմ ծառային, և կդնեմ քեզ որպես , քանի որ քեզ ընտրեցի”»,- ասում է Ամենակալ Տերը։

Նոր Էջմիածին · HYEJB2017