Եբրայեցիս
1
Աստծու խոսքը իր Որդու միջոցով
1Աստված բազում ձևերով և բազում օրինակներով հնում խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով։ 2Այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր Որդու միջոցով, որին ժառանգ կարգեց ամեն ինչի, և որի միջոցով ստեղծեց տիեզերքը։ 3Նա, որ ճառագումն է նրա փառքի և արտահայտումը նրա էության, որ իր խոսքի զորությամբ պահում է տիեզերքը։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծու մեծության աջ կողմում՝ բարձունքներում։
Որդին հրեշտակներից մեծ է
4Նա այնքան գերազանց եղավ հրեշտակներից, որ նրանցից շատ ավելի տարբեր անուն ժառանգեց։ 5Արդարև, հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց. «Դու ես իմ որդին, ես այսօր ծնեցի քեզ» ։ Եվ դարձյալ. «Ես նրան հայր կլինեմ, իսկ նա ինձ որդի կլինի» ։
6Եվ դարձյալ, երբ անդրանիկին աշխարհ է մտցնում, ասում է. «Թող երկրպագեն նրան Աստծու բոլոր հրեշտակները» ։
7Իսկ հրեշտակների մասին էլ ասում է. «Նա իր հրեշտակներին հոգիներ դարձրեց և իր ծառաներին՝ հրեղեն բոցեր» ։
8Իսկ Որդու մասին ասում է. «Քո աթոռը, Աստվա՛ծ, հավիտենական է. քո արքայության գավազանը՝ շիտակության գավազան։
9Դու սիրեցիր արդարությունը և ատեցիր անօրենությունը. դրա համար, Աստվա՛ծ, քո Աստվածը քեզ օծեց ուրախության յուղով ավելի, քան քո ընկերներին» ։
10Նաև՝ «Դու, Տե՛ր, սկզբից երկիրը հիմնեցիր, և քո ձեռքի գործն է երկինքը։
11Նրանք կորստյան պիտի մատնվեն, բայց դու կաս և մնում ես։ Բոլորը պիտի մաշվեն որպես ձորձեր.
12Իսկ դու դրանք հագուստի պես պիտի շրջես և փաթաթես, և նրանք պիտի ոլորվեն։ Բայց դու միշտ նույնն ես, և քո տարիները չեն պակասելու» ։
13Հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին քո ոտքերին պատվանդան դարձնեմ» ։
14Չէ՞ որ բոլորն էլ սպասավորող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորություն նրանց, որ ժառանգելու են փրկությունը։