Ովսէէ մարգարեյի գիրք

1

1Տիրոջ խոսքը, որ եղավ Երիի որդի Ովսեեին Հուդայի թագավորներ Ոզիայի, Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրերին և Իսրայելի թագավոր Հերոբովամի՝ Հովասի որդու ժամանակ։

Ովսեեի կինն ու զավակները

2Տիրոջ խոսքերի սկիզբը՝ Ովսեեին։ Տերն ասաց Ովսեեին. «Գնա՛, դու քեզ համար պոռնկացող և պոռնկության որդինե՛ր առ, որովհետև երկիրը պոռնկանալով հեռանալու է Տիրոջից»։

3Եվ գնաց առավ Գոմերին՝ Դաբելայիմի դստերը. և հղիացավ ու նրան որդի ծնեց։ 4Եվ Տերն ասաց նրան. «Նրա անունը դի՛ր Հեզրայել, որովհետև մի փոքր ևս, կպահանջեմ Հեզրայելի արյունը Հեուի տնից և կդադարեցնեմ Իսրայելի տան թագավորությունը։

5Այն օրը կփշրեմ Իսրայելի աղեղը Հեզրայելի հովտում»։

6Կրկին հղիացավ և դուստր ծնեց։ Եվ Տերն ասաց նրան. «Նրա անունը դի՛ր “Ողորմություն չգտած” [𝕸 Լո-Ռուխամա], որովհետև այլևս չեմ ողորմի Իսրայելի տանը, այլ կընդդիմանամ նրանց հակառակությամբ։

7Հուդայի որդիներին, սակայն, կողորմեմ և նրանց կփրկեմ Տիրոջ՝ իրենց Աստծու ձեռքով, բայց չեմ փրկի նրանց ո՛չ աղեղի, ո՛չ սրի և ո՛չ պատերազմի, ո՛չ կառքերի և ո՛չ ձիերի, ո՛չ էլ հեծյալների միջոցով»։

8Ողորմություն չգտածին կտրեց կրծքից։ Դարձյալ հղիացավ ու որդի ծնեց։

9Եվ ասաց. «Նրա անունը դի՛ր “Ոչ իմ ” [𝕸 Լո-Ամմի], քանի որ դուք իմ ժողովուրդը չեք, ես էլ ձեր ոչ մի բանը չեմ»։

Նոր Էջմիածին · HYEJB2017