Եսայիա մարգարեյի գիրք

18

Վա՜յ եթովպացի սուրհանդակներին

1Վա՜յ եթովպացիներին՝ գետի այն կողմում առագաստանավերին ապավինած երկրին,

2որ ընծաներ էր ուղարկում ծովով և մագաղաթյա հրովարտակներ՝ ջրերի կոհակների վրայով, որպեսզի արագընթաց սուրհանդակները գնան գոռոզացած ազգի մոտ, ազգ, որ օտար է ու չար, և դրանից ավելին ոչ ոք չի կարող լինել, ազգ, որ անհույս է ու ոտքի տակ տրված։ Եվ այժմ ամբողջ երկրի գետերն 3աշխարհի պես բնակեցված են. պիտի բնակեցվի նրանց երկիրը, երբ նշանը լեռան վրայից վերանա, և լսելի լինի փողի ձայնի նման,

4քանզի այսպես ասաց ինձ Տերը. «Ապահովություն պիտի լինի իմ քաղաքում, ինչպես միջօրեի տոթագին լույսը և ամառային օրերի զով ամպը»։

5Նախքան հունձը, երբ ծաղիկը բողբոջելու լինի, երբ խաղողի ծաղիկը բացվի ու ազոխ դառնա, մանր-մունր ողկույզները պիտի կտրեն մանգաղով, ճյուղերը պիտի հատեն ու դեն նետեն։

6Ամեն ինչ պիտի թողնի երկնքի թռչուններին և երկրի գազաններին. նրանց վրա պիտի հավաքվեն երկնքի թռչունները, երկրի բոլոր գազանները պիտի հասնեն նրանց վրա։

7Այն ժամանակ Զորությունների Տիրոջն ընծաներ պիտի մատուցվեն տանջված ու խոնարհ ժողովրդի կողմից, այդ օրերից հետո և հավիտենական ժամանակներում՝ մեծ ժողովրդի կողմից, մի ազգից, որ ոտնատակ է տրվել, բայց հույսով է մնացել և ապրում է իր երկրում՝ գետի այն կողմում, այն տեղում, որտեղ կոչվեց Զորությունների Տիրոջ անունը լեռան վրա։

Նոր Էջմիածին · HYEJB2017