Եսայիա մարգարեյի գիրք

46

Տերը պահպանում է Իսրայելին

1«Ընկավ Բելը, խորտակվեց Դագովնը. նրանց կուռքերը դրվեցին կենդանիների և անասունների վրա։ Իբրև բեռ դրանք կապեցիք ու բարձեցիք տանջված 2ու քաղցած կենդանիների վրա. անզոր լինելով փրկվելու պատերազմից, լքված ու խեղճ՝ գրաստների հետ միասին գերության քշվեցին։

3Լսե՛ք ինձ, ո՛վ դու Հակոբի և դուք, Իսրայելի բոլոր կենդանի մնացածնե՛ր, դուք, որ որովայնից իսկ ընտրյալ եք և մանկությունից

4մինչև ծերություն՝ խրատված, քանզի ես եմ։ Դուք մինչև խոր ծերություն էլ որ հասնեք, սակայն ես եմ. ես համբերությամբ պիտի տանեմ ձեզ, ես ստեղծեցի և ես էլ պիտի հանդուրժեմ, ես պիտի ընդունեմ ու փրկեմ ձեզ։

5Ո՞ւմ կնմանեցնեիք ինձ, հապա մտածե՛ք, ո՛վ դուք, մոլորյալնե՛ր,

6որ քսակից ոսկեղեն եք հանում, արծաթ եք կշռում կշեռքով և ոսկերիչներ վարձում, որպեսզի ձեռակերտ կուռքեր պատրաստեն, և խոնարհվելով երկրպագում եք դրանց։

7Վերցնում, ուսերիդ վրա դրած՝ բերում եք, և երբ գետնին եք դնում, այդպես մնում են տեղում ու չեն շարժվում. եթե որևէ մեկը կանչի դրանց, չեն լսի և չարիքից չեն փրկի նրան։

8Հիշե՛ք այս և հոգո՛ց հանեք, զղջացե՛ք դուք, մոլորյալնե՛ր, սրտանց դարձի՛ եկեք,

9մտաբերե՛ք առաջին գործերը՝ վաղուց կատարվածները, քանզի ես եմ Աստվածը, և ինձնից բացի մեկ ուրիշը չկա,

10որ նախապես պատմի վերջում կատարվելիք բաների մասին, երբ դեռ չեն եղել, բայց անպայման կատարվելու են։ Ես ասացի, որ իմ բոլոր խորհուրդներն իրականանալու են, և ամեն բան, ինչ որ ցանկանամ, կատարելու եմ։

11Ես արևելքից կանչեցի թռչուններին, իսկ հեռավոր երկրից՝ նրան, ում մասին մտածեցի. խոսեցի ու բերեցի, հաստատեցի և կատարեցի, բերեցի նրան և դրեցի հաջող ճանապարհի վրա։

12Լսե՛ք ինձ դուք, սրտով մոլորվածնե՛ր և արդարությունից հեռացածներ.

13մոտեցրի իմ արդարությունը, և այն այլևս չի հեռանա, իմ ճշմարտությունն ու փրկությունը չեմ ուշացնի. ես Սիոնում տվեցի Իսրայելին՝ որպես փառավորություն»։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն