Եսայիա մարգարեյի գիրք

52

Փրկության ուրախ լուրը

1Զարթնի՛ր, զարթնի՛ր, Սիո՛ն, հագի՛ր քո զորությունը, Սիո՛ն. դու էլ քո փա՛ռքը հագիր, ո՛վ սուրբ քաղաքդ , որովհետև պիղծերն ու անթլփատներն այլևս չեն անցնելու քո միջով։

2Թոթափի՛ր քո փոշին, ոտքի՛ ել ու նստի՛ր, ո՛վ Երուսաղեմ, քանդի՛ր քո պարանոցի կապը, ո՛վ դու Սիոնի գերի դուստր։

3Արդարև, այսպես է ասում Տերը. «Դուք ձրի վաճառվեցիք և արծաթով չեք փրկվելու»։ 4Այսպես է ասում Տերը. «Իմ ժողովուրդը նախ եգիպտացիների երկիրն իջավ, որպեսզի իբրև նժդեհ ապրի այնտեղ, ապա բռնությամբ քշվեց։ 5Բայց այժմ ինչո՞ւ եք այստեղ»։ Այսպես է ասում Տերը. «Իմ ժողովուրդը զուր տեղը քշվեց. նրանք ապշահար էին մնացել և լաց էին լինում»։ Այսպես է ասում Տերը. «Ձեր պատճառով իմ անունը մշտապես հայհոյվում է հեթանոսների մեջ։ 6Դրա համար իմ ժողովուրդն այդ օրը պիտի ճանաչի իմ անունը, իմանա, որ ես նույնն եմ, որի մասին խոսում էին, և ահա եկել հասել եմ»։

7Լեռների վրա ի՜նչ գեղեցիկ են ոտքերը նրա, ով խաղաղության լուրն է , ով բարության ավետիսն է բերում և քո փրկության մասին հայտնում՝ Սիոնին ասելով. «Քեզ վրա թագավորելու է »։

8Քո պահապանների ձայնը բարձրացավ, բոլորն առհասարակ ցնծալով ձայն են տալու, որովհետև իրենց աչքերով են տեսնելու այն ժամանակը, երբ Տերը ողորմելու է Սիոնին։

9Լեռները Երուսաղեմի ավերակների հետ միասին ցնծության կոչ պիտի արձակեն, քանզի Տերը ողորմեց նրանց և փրկեց Երուսաղեմը։

10Տերն իր սուրբ բազուկը պիտի ցույց տա ի տես բոլոր ազգերի, և երկրի բոլոր կողմերը պիտի տեսնեն մեր Աստծու փրկությունը։

11Հեռացե՛ք, հեռացե՛ք, ելե՛ք այդտեղից և պիղծերին մի՛ մոտեցեք. ելե՛ք այդ երկրի միջից և հեռացե՛ք, դուք, որ վերցրել բերում եք Տիրոջ սպասքը։

12Ո՛չ խռովությամբ պիտի ելնեք և ո՛չ էլ փախչելով գնաք, քանզի ձեր առջևից Տերն ինքն է ընթանալու, և ձեզ հավաքելու է նա, որ Աստվածն է Իսրայելի։

Տիրոջ ծառան պիտի բարձրանա

13Ահավասիկ խելահաս պիտի դառնա իմ ծառան, պիտի հառնի, բարձրանա ու մեծապես փառավորվի։

14Ինչպես որ շատերը քեզ վրա պիտի զարմանան, այդպես էլ կանշքանա քո տեսքը մարդկանց համար և քո փառքը՝ մարդկանց որդիների համար,

15այդպես էլ բազում ազգեր զարմանալու են քեզ վրա, թագավորների բերանները պապանձվելու են, որովհետև տեսնելու են այն, ինչի մասին նրանց չի պատմվել, և իմանալու են այն, ինչի մասին չեն լսել։

Նոր Էջմիածին · HYEJB2017