Եսայիա մարգարեյի գիրք

57

Մեղադրանքներ կռապաշտներին

1«Տեսե՛ք, ինչպե՜ս կորավ արդարը, և չկա մեկը, որ սրտին մոտ ընդունի. արդար մարդիկ վերանում են, և ոչ ոք ուշադրություն չի դարձնում, որ արդարն անիրավության պատճառով է վերանում։

2Թող խաղաղ լինի նրա գերեզմանը, ով վերացավ մեջտեղից։

3Բայց դուք մոտեցե՛ք, առա՛ջ եկեք, անօրե՛ն որդիներ, պոռնկածի՛ն որդիներ, շնությա՛ն որդիներ։

4Ինչո՞վ եք գոռոզանում, ո՞ւմ վրա եք բացում ձեր բերանները և կամ ո՞ւմ վրա եք հանում ձեր լեզուները. մի՞թե դուք կորստյան որդիներ չեք, անօրենության սերունդ,

5որ սաղարթախիտ ծառերի տակ ընկած՝ աղաչում էիք ձեր կուռքերին, անդունդներում՝ ժայռերի կատարներին, և խոր ձորերում զոհում էիք ձեր որդիներին։

6Այդ է քո բաժինը, այդ նույնն է քո վիճակը. նրանց առաջ խմելու ընծա թափեցիր, նրանց զոհեր մատուցեցիր, և այս ամենի վրա մի՞թե չեմ բարկանալու,- ասում է Տերը։

7Այնտեղ՝ բարձր ու մեծ լեռան վրա է քո անկողինը, և դու այնտեղ ելար զոհեր մատուցելու։

8Ապա դռների դրանդիների հետևում հաստատեցիր քո հիշատակները։ Կարծում էիր՝ եթե ինձնից հեռանաս, ավելի՞ բան պիտի գտնես։ Քո անկողինները լայնացրիր և փռվեցիր դրանց վրա. սիրեցիր քո հոմանիներին

9և հաճախակի դարձրիր քո պոռնկությունը նրանց հետ։ Հեռավորներից շատերին քե՛զ կապեցիր և պատգամաբերներ ուղարկեցիր քո սահմաններից դուրս։ Նկուն դարձար ու գերեզման իջար,

10հոգնատանջ եղար քո բազում ճանապարհորդություններից և չասացիր. “Այժմ հանգստանամ”, որովհետև ուժիդ համեմատ էիր գործում, դրա համար էլ չհնազանդվեցիր ինձ։

11Ո՞ւմից վախեցար ու զարհուրեցիր, որ ստեցիր և չհիշեցիր ինձ, միտքդ չբերեցիր, սրտիդ մեջ չդրեցիր, իսկ ես քեզ տեսա ու անտեսեցի։ Ես այն եմ, որ հավիտենական եմ, իսկ դու ինձնից չվախեցար։

12Արդ, ես պիտի պատմեմ իմ արդարության և քո չարիքների մասին, որոնք քեզ չեն օգնելու,

13երբ աղաղակես, և քեզ չեն փրկելու քո նեղությունից. դրանց բոլորին հողմերը պիտի տանեն և մրրիկները բաժան-բաժան պիտի անեն։ Իսկ նրանք, ովքեր ինձ վրա են հույս դրել, պիտի ստանան երկիրը և ժառանգեն իմ սուրբ լեռը։

Խաղաղություն հեռավորներին և մերձավորներին

14Նրանք պիտի ասեն. “Նրա առաջ բացե՛ք ճանապարհները, խոչ ու խութերը հեռացրե՛ք իմ ժողովրդի ճանապարհից”»։

15Այսպես է ասում Բարձրյալը, որ հավիտենապես բնակվում է բարձունքներում, Սուրբը սրբերի մեջ. նրա անունը Բարձրյալ է, և նա սրբերի մեջ է հանգչում, համբերություն է տալիս տարակուսանքի մեջ ընկածներին և ՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել։

16Ես հավիտյան վրեժխնդիր չեմ լինելու ձեզնից և ոչ էլ մշտապես բարկանալու եմ ձեզ վրա, քանզի հոգին ինձնից է բխում, և ամեն շունչ ես եմ ստեղծել։

17Մեղքի պատճառով սակավ ժամանակ տրտմություն հասցրի նրան, հարվածեցի նրան ու իմ երեսը շրջեցի նրանից, և նա տրտմեց ու իմ առաջ թախծելով՝ գնաց իր ճանապարհները։

18Ես տեսա նրա սրտի ճանապարհները և բժշկեցի նրան, սփոփեցի ու ճշմարիտ մխիթարություն տվեցի նրան։ Նրա սգավորների համար ստեղծեցի։

19Թող , խաղաղություն լինի հեռավորներին և մերձավորներին,- ասում է Տերը,- ու ես պիտի բժշկեմ նրանց։

20Իսկ անօրենները պիտի ալեկոծվեն և հանգիստ չգտնեն, ու նրա ջրերը պիտի անհետանան՝ կոխկրտվելով ու կավի հետ խառնվելով։

21Ամբարիշտների համար խաղաղություն չկա»,- ասում է Տերը։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն