Եսայիա մարգարեյի գիրք

62

Երուսաղեմը պիտի վերագտնի իր փառքը

1Չեմ լռի հանուն Սիոնի և չեմ ների հանուն Երուսաղեմի, մինչև լույսի պես չծագի նրա արդարությունը, և փայլակի պես չբոցավառվի նրա փրկությունը։

2Բոլոր ազգերը պիտի տեսնեն քո արդարությունը, թագավորները՝ քո փառքը, և դու նոր անունով ես կոչվելու, որ Տերն է անվանելու։

3Տիրոջ ձեռքին վայելչության պիտի դառնաս և քո Աստծու ձեռքին՝ արքայական թագ։

4Այլևս չես կոչվելու Լքյալ, ոչ էլ քո երկիրն է կոչվելու Ավերակ։ Քեզ պիտի կոչեն Իմ կամքը, իսկ քո երկիրը՝ Շեն բնակություն, որովհետև Տերը բարյացակամ է լինելու քո նկատմամբ, և քո երկիրը բնակությամբ պիտի լցվի։

5Ինչպես որ երիտասարդն է ամուսնանում կույսի հետ, այնպես էլ քո որդիները պիտի ապրեն քեզ հետ, և ինչպես որ, օրինակ, փեսան է ուրախանում հարսի համար, այնպես էլ Տերն է ուրախ լինելու քեզ համար։

6Քո պարիսպների վրա, ո՛վ , ամբողջ օրն ու ողջ գիշերը պահապաններ պիտի կարգեմ, որ մինչև վերջ չդադարեն հիշել Տիրոջը։

7Ձեր նմանը չի լինի, երբ նա վերստին ուղղի և Երուսաղեմը պարծանք դարձնի երկրի վրա։

8Տերը երդվեց իր փառքով և իր բազկի զորությամբ, որ քո ցորենն ու կերակուրը չի տա քո թշնամիների ձեռքը, և օտարների որդիները չեն խմի քո գինին, որի համար դու հոգնեցիր,

9այլ ովքեր այդ ամբարեցին, նրանք պիտի ուտեն և օրհնեն Տիրոջը, և ովքեր այդ հավաքեցին, նրանք պիտի խմեն իմ սուրբ սրահներում։

10Նե՛րս մտեք իմ դռներով, պատրաստե՛ք ճանապարհները, շտկե՛ք շավիղները, ճամփա՛ բացեք իմ ժողովրդի համար, ճանապարհը մաքրեք քարերից և դրոշա՛կ բարձրացրեք՝ որպես նշան ազգերի մեջ։

11Ահա թե ինչ ազդարարեց Տերը մինչև երկրի ծագերը. «Ասացե՛ք Սիոնի դստերը. ահավասիկ գալիս է քո Փրկիչը, և իր վարձն իր հետ է, գործը՝ իր աչքի առաջ»։

12Տիրոջ ձեռքով փրկված Սուրբ է կոչելու նրան, իսկ դու կոչվելու ես Փնտրված և ոչ թե Լքված»։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն