Հուդիթ
1
1Ասորեստանի Նինվե մայրաքաղաքում Նաբուքոդոնոսորի թագավորելու տասներկուերորդ տարում Մարաց աշխարհի Արփաքսադ թագավորը, որի նստավայրը Եկբատանն էր, 2Եկբատանի շուրջը երեք կանգուն լայնությամբ և վեց կանգուն երկարությամբ կոփածո քարերով պարիսպ կառուցեց։ Պարսպի բարձրությունը յոթանասուն կանգուն արեց, իսկ լայնությունը՝ հիսուն կանգուն։ 3Դռների երկու կողմերում հարյուր կանգուն երկարություն և վաթսուն կանգուն լայնություն ունեցող աշտարակներ կանգնեցրեց։ 4Դարպասները կառուցեց յոթանասուն կանգուն բարձրությամբ և քառասուն կանգուն լայնությամբ՝ իր մեծաքանակ զորքի և հետևակների գումարտակների ազատ ելքի համար։
5Այն օրերին Նաբուքոդոնոսոր արքան պատերազմեց Արփաքսադ արքայի դեմ այն մեծ դաշտում, որ գտնվում է Հռագավի շրջանում։ 6Նրան միացան լեռնային շրջանների բնակիչները և բոլոր նրանք, ովքեր բնակվում էին Եփրատ, Տիգրիս, Հյուդասպ գետերի շրջակայքում և ելիմացիների Արիովք արքային պատկանող դաշտավայրերում։ Այսպիսով, շատ ազգեր հավաքվեցին Քիղովթի որդիների դեմ պատերազմելու։ 7Ապա ասորիների Նաբուքոդոնոսոր արքան բանբերներ առաքեց Պարսկաստանի բնակիչների, արևմուտքի բնակիչների, Կիլիկիայի, Դամասկոսի, Լիբանանի և ծովեզերքի բոլոր բնակիչների մոտ, 8ինչպես նաև նրանց մոտ, ովքեր ապրում էին Կարմելոսում, Գաղաադում, Վերին Գալիլեայում և Հեզրայել մեծ դաշտում, 9Սամարիայի քաղաքներում, Հորդանանի մյուս՝ մինչև Երուսաղեմ հասնող կողմում, նաև Բետանեում, Քեղուսում, Կադեսում և մինչև Եգիպտոսի գետը ընկած տարածքներում, ինչպես նաև Տափնասում, Ռամեսսեում ու ողջ Գեսեմ երկրում՝ 10մինչև Մեմփիս և Տանիս, ինչպես և մինչև Եթովպիայի սահմանները բնակվող բոլոր եգիպտացիների մոտ։
11Երկրի բոլոր բնակիչներն արհամարհեցին ասորեստանցիների Նաբուքոդոնոսոր թագավորի խոսքը և չմիացան նրան՝ պատերազմի գնալու, որովհետև նրանից չվախեցան, նրա բանբերներին էլ անարգեցին։ 12Նաբուքոդոնոսոր արքան խիստ բարկացավ այդ երկրների վրա, իր թագավորությամբ և իր աթոռով երդվեց բոլորին սրով ոչնչացնելով՝ վրեժ լուծել Կիլիկիայի, Դամասկոսի, Ասորիքի, ինչպես նաև Մովաբի բնակիչներից, Ամմոնի որդիներից ու ողջ Հուդայի երկրից և բոլոր եգիպտացիներից՝ մինչև երկու ծովերի սահմանները։
13Այս ամենից հետո տասնյոթերորդ տարում իր ողջ զորությամբ ելավ Արփաքսադ արքայի դեմ, հաղթեց ու կործանեց Արփաքսադի ողջ զորքը, նրա երիվարներն ու մարտակառքերը։ 14Եվ տիրելով նրա քաղաքներին՝ հասավ մինչև Եկբատան, գրավեց նրա աշտարակները, տակնուվրա արեց նրա հրապարակներն ու գեղեցկությունը նախատինքի վերածեց։ 15Բռնելով Արփաքսադին Հռագավի շրջանում՝ սպանեց նրան իր սրով։ 16Եվ վերադարձրեց իր զորքն ու բոլոր այն մարտիկներին, որոնք մեծ բազմությամբ եկել էին իր հետ։ Ե՛վ ինքը, և՛ իր ողջ զորքը հարյուր քսան օր հանգստության և զվարճանքի մեջ էին։
Նոր Էջմիածին · HYEJB2017