Հուդիթ
11
1Եվ Հողոփեռնեսն ասաց նրան. «Դու, կի՛ն, համարձա՛կ եղիր և մի՛ երկնչիր, քանի որ ես չեմ չարչարում նրանց, ովքեր ցանկանում են ծառայել Նաբուքոդոնոսոր արքային, որը տիրում է ողջ երկրին։ 2Եվ եթե լեռնակողմում բնակվող քո ժողովուրդը չապստամբեր, ես նիզակ չէի առնի դրանց դեմ. իրենք իրենց այդ վիճակի մեջ դրեցին։ 3Իսկ այժմ ասա՛ ինձ. ինչո՞ւ ես դու փախել և եկել մեզ մոտ։ Քաջալերվի՛ր, քանի որ փրկվելու համար ես եկել, կապրես այս գիշեր, մյուս օրերը՝ նույնպես։ 4Քեզ ոչ ոք չի վնասի, այլ բարյացակամ կլինեն քո նկատմամբ, ինչպես որ լինում են իմ տիրոջ՝ Նաբուքոդոնոսորի բոլոր ծառաների նկատմամբ»։
5Եվ Հուդիթն ասաց նրան. «Ընդունի՛ր աղախնիդ խոսքերը և թո՛ւյլ տուր՝ աղախինդ խոսի քո առաջ, և իմ տիրոջը ոչ մի սուտ բան չեմ ասի այս գիշեր։ 6Եվ եթե լսես քո աղախնին և հետևես իմ խոսքերին, Աստված քո գործին հաջողություն կտա և քո խոսքն անկատար չի մնա։ 7Երդվում եմ ողջ երկրի արքա Նաբուքոդոնոսորով և նրա զորությամբ, որն ուղարկել է քեզ, որ ուղղություն տաս ամեն մի էակի, որովհետև միայն մարդիկ չէ, որ քո շնորհիվ կծառայեն նրան, այլ նաև վայրի գազանները, անասուններն ու երկնքի թռչունները կապրեն միայն Նաբուքոդոնոսորի և նրա տան համար։ 8Որովհետև լսեցինք քո իմաստության և հանճարի մասին, որ պատմվում է ողջ երկրով մեկ, թե նրա ողջ թագավորության մեջ դու առանձնանում ես քո բարերարությամբ, իմաստության հզորությամբ և սքանչանքի արժանիությամբ պատերազմական գործի մեջ։ 9Այժմ այն խոսքերի մասին, որ ասել է Աքիովրը խորհրդակցության ժամանակ. այդ խոսքերը մենք իմացանք, քանի որ Բետիղուայի մարդիկ խնամեցին նրան, և նա պատմեց այն ամենը, ինչ ասել է քեզ։ 10Արդ, տե՛ր, մի՛ անտեսիր նրա խոսքերը, այլ պահի՛ր քո սրտում, քանի որ ճիշտ են։ Քանզի ոչ ոք չի կարող չարչարել մեր ազգը, և թշնամու սուրը չի կարող վնասել մեզ, բացի այն պահից, երբ մեղանչենք մեր Աստծու դեմ։ 11Արդ մի՛ վնասիր քեզ, տե՛ր իմ, և ոչ էլ քո զորքին, քանի որ իրենց Աստծու դեմ մեղանչելու պատճառով հասել է նրանց մահվան ժամանակը, քանի որ նրանք անօրենության մեծ մեղքեր են գործել. 12երբ սպառվեց նրանց ջուրն ու կերակուրը, մտածեցին ուտել այնպիսի անասուններ, որոնք արգելված էին իրենց Աստծու կողմից, 13ինչպես նաև ցորենի առաջին բերքը, գինու և յուղի տասանորդը, որ տրվում է Երուսաղեմում մեր Աստծուն ծառայող քահանաներին։ Սկսեցին ուտել այն, ինչ քահանաներից բացի ոչ ոք իրավունք չուներ ուտելու։ 14Եվ որովհետև Երուսաղեմում էլ նույնն արեցին, մարդ ուղարկեցին այնտեղ, որպեսզի իրենց արածների համար քահանայի ձեռքով թողություն ստանան։ 15Արդ, երբ այս ամենն արեցին, դատապարտվեցին ոչնչացման։ 16Արդ ես՝ քո աղախինը, երբ իմացա, փախա նրանցից, և Աստված առաքեց ինձ քեզ հետ մեծ գործ անելու, որից պիտի զարմանա ողջ երկիրը, երբ լսի։ 17Որովհետև քո աղախինը աստվածապաշտ է և օր ու գիշեր աղաչում է Տիրոջը՝ երկնքի Աստծուն։ Արդ, թող մնամ ես քեզ մոտ, տե՛ր իմ, և գիշերը քո աղախինը թող ելնի հովտի ծործորը և աղոթի Տիրոջը՝ իր Աստծուն, որ հայտնի ինձ նրանց դատապարտության ժամը։ 18Ես կգամ ու կպատմեմ քեզ, դու կելնես քո ողջ զորքով, և նրանցից ոչ ոք չի փրկվի քեզանից։ 19Եվ Հուդայի երկրի միջով կտանեմ քեզ մինչև Երուսաղեմ, աթոռդ կդնեմ այնտեղ. և կժողովես նրանց որպես հոտ, որոնք հովիվ չունեն, և ոչ մի շուն քեզ վրա չի հաչի։ Եվ այս ամենն ինձ պատմվեց Աստծու կողմից, ու ես եկա քեզ հայտնելու»։
20Հուդիթի խոսքերը համոզիչ թվացին Հողոփեռնեսին ու նրա բոլոր ծառաներին, և զարմացած նրա իմաստությամբ՝ ասացին. 21«Աշխարհի մի ծագից մինչև մյուս ծագը այսպիսի կին չկա և՛ իր խոսքի իմաստությամբ, և՛ իր դեմքի գեղեցկությամբ»։
22Եվ Հողոփեռնեսն ասաց նրան. «Բարի արեց Աստված, որ ուղարկեց քեզ առաջնորդելու ժողովրդին, որպեսզի հզորանա մեր ձեռքը, և կորչեն մեր դեմ ապստամբողները։ 23Արդ տեսնում եմ քեզ կայտառ տեսքով, իսկ քո խոսքերը՝ համոզիչ։ Եվ եթե Աստված անի այնպես, ինչպես որ ասացիր, Նա կլինի նաև իմ Աստվածը, իսկ դու կմնաս Նաբուքոդոնոսորի տանն ու հայտնի կլինես ողջ երկրում»։