Հուդիթ
12
1Եվ հրամայեց տանել նրան իր գանձատունը։ Հրամայեց նաև նրան մատուցել իր խորտիկներից և այն գինուց, որն ինքն էր ըմպում։ 2Հուդիթն ասաց. «Ես չեմ ուտի դրանցից, որպեսզի մեղք գործած չլինեմ։ Թո՛ւյլ տուր, որ քո աղախինը սպառի իր հետ բերած կերակուրը»։ 3Իսկ Հողոփեռնեսն ասաց. «Իսկ եթե սպառվի, որտեղի՞ց տանք քեզ դրանից, քանի որ մեզ մոտ քո ազգից ոչ ոք չկա»։
4Եվ Հուդիթն ասաց. «Երդվում եմ քեզնով, տե՛ր իմ, որ մինչ իմ բերած կերակուրի սպառվելը, Տերն իմ ձեռքով կկատարի այն, ինչ որ խոսվեց»։ 5Եվ Հողոփեռնեսի ծառաները տարան նրան վրան, և նա ննջեց այնտեղ մինչև կեսգիշեր և առավոտյան՝ պահակախմբի փոխվելու պահին, 6մարդ ուղարկեց Հողոփեռնեսի մոտ՝ ասելով. «Թող իմ տերը հրամայի, որ իր աղախնին թույլ տան դուրս գալ և աղոթել»։
7Հողոփեռնեսը հրամայեց պահապաններին նրան արգելք չլինել։ Եվ նա երեք օր մնաց այդ բանակում։ Գիշերը ելնում էր Բետիղուայի ձորը, լվացվում էր բանակի մոտ գտնվող աղբյուրում՝ ըստ հրեաների օրենքի։ 8Եվ երբ լվացվում էր, աղոթքի էր կանգնում առ Տերն՝ Աստվածն Իսրայելի, որ հաջողի իր ծրագիրն իր ժողովրդի փրկության համար։ 9Սրբված վերադառնում էր և մնում վրանում, մինչև մատուցում էին իր կերակուրը՝ երեկոյան միայն։ 10Չորրորդ օրը Հողոփեռնեսը կոչունք արեց միայն իր պաշտոնյաների համար և օտարներից ոչ մեկին կոչունքի չհրավիրեց։ 11Եվ ասաց Բագու ներքինուն, որ իր ունեցվածքի հազարապետն էր. «Գնա՛, համոզի՛ր քեզ մոտ գտնվող եբրայեցի կնոջը, որ ուտի և ըմպի մեզ հետ։ 12Ամոթ կլինի մեզ համար, եթե անտարբեր լինենք այդպիսի կնոջ նկատմամբ։ Եվ եթե բնավ չխոսենք նրա հետ, եթե նրան մեզ չմերձեցնենք, կարող է ծիծաղել մեզ վրա»։
13Եվ Բագուն ելավ Հողոփեռնեսի մոտից, մտավ նրա մոտ ու ասաց նրան. «Թող գեղեցիկ աղախինդ չդանդաղի գալու իմ տիրոջ մոտ՝ փառավորվելու նրա կողմից և նրա հետ ըմպելու գինի ուրախության։ Դու այսօր կլինես իբրև Ասուրի որդիների դուստրերից մեկը, որոնք սպասավորում են Նաբուքոդոնոսոր արքային»։
14Հուդիթն ասաց նրան. «Եվ ո՞վ եմ ես, որ ընդդիմանամ իմ տիրոջը։ Այն ամենը, ինչ հաճելի է նրա աչքին, անմիջապես կանեմ։ Դա ինձ համար ցնծություն կլինի մինչև իմ մահվան օրը»։
15Եվ ելավ, զարդարվեց իր զարդարանքով՝ ըստ կանացի արդուզարդի, եկավ իր նաժիշտը, տարավ նրան, նստեցրեց Հողոփեռնեսի դիմաց՝ նրա տակ դնելով այն գորգը, որ Բագուից ստանալով՝ օգտագործում էր ամեն օր։ Եվ Հուդիթը նստեց նրա վրա։ 16Հողոփեռնեսի սիրտն ալեկոծվեց, հոգին խռովվեց, մեծ ցանկություն առաջացավ նրա հետ լինելու. արդեն, այն օրվանից, ինչ տեսել էր նրան, Հողոփեռնեսն առիթ էր փնտրում նրան խաբելու։ 17Եվ Հողոփեռնեսն ասաց նրան. «Խմի՛ր դու և մեզ հետ ուրա՛խ եղիր»։ 18Հուդիթն ասաց. «Այո՛, տե՛ր, քանի որ այսօր իմ կյանքը արժևորվեց ավելի, քան իմ ծննդյան օրվանից սկսած մյուս օրերը»։
19Եվ վերցրեց, կերավ ու ըմպեց նրանց առաջ այն, ինչ պատրաստել էր իր աղախինը։ 20Եվ Հողոփեռնեսն ուրախություն ապրեց նրանով և շատ գինի խմեց, որքան երբեք չէր խմել իր ծննդյան օրվանից։