Հուդիթ

13

1Երբ երեկոյացավ, շտապեցրեց իր պաշտոնյաներին գնալ դուրս։ Բագուն փակեց վրանի դուռը, և նրանցից յուրաքանչյուրը գնաց իր անկողինը՝ հեռու վրանից, քանի որ բոլորն էլ մեծ գինարբուքից խոնջացած-հոգնած էին։ 2Վրանում մնացին միայն Հուդիթն ու Հողոփեռնեսը։ Հողոփեռնեսը, քանի որ շատ հարբած էր գինուց, մտնելով իր գահույքը, քնեց։ 3Իսկ Հուդիթը պատվիրեց իր աղախնին մնալ վրանից դուրս և սպասել իրեն, մինչև դուրս կգա, որպեսզի մյուս օրերի պես գնան աղոթելու։ Նույնն ասաց նաև Բագուին։ 4Եվ բոլորը գնացին սենյակից. այնտեղ ոչ ոք չմնաց։ Հուդիթը մոտեցավ գահույքին և ասաց. «Տե՛ր, Աստվա՛ծ զորությունների, այժմ հանուն Երուսաղեմի փառքի, հաջողեցրո՛ւ իմ գործը։ 5Որովհետև ժամանակն է այցելելու քո ժառանգությանը և իմ ձեռքով անելու գործը՝ մեզ վրա հարձակված թշնամիների վերացման համար»։ 6Մոտեցավ գահույքի գլխին, որ Հողոփեռնեսի գլխավերևի մոտ էր, նրա ազդրից հանեց դաշույնը, 7բռնեց նրա մազերից և ասաց. «Զորացրո՛ւ ինձ այսօր, Աստվա՛ծ Իսրայելի»։

8Եվ երկու անգամ իր ողջ ուժով հարվածելով նրա պարանոցին՝ կտրեց նրա գլուխը։ 9Ապա նրա մարմինը վայր գցեց գահույքից։ Որոշ ժամանակ անց դուրս եկավ ու իր նաժիշտին տվեց Հողոփեռնեսի գլուխը։ 10Նա գցեց իր կերակրի մախաղի մեջ, և երկուսը միասին, ըստ իրենց սովորության, ելավ անցան բանակի միջով, շրջվեցին ձորով և բարձրացան Բետիղուայի լեռը։ Եվ եկան քաղաքի դարպասների մոտ։

11Հուդիթը հեռվից կանչեց դարպասների պահապաններին. «Բացե՛ք, բացե՛ք դռները, քանի որ մեզ հետ է Տերը։ Մեր Աստվածը դեռ շատ հրաշագործություններ պիտի անի Իսրայելի մեջ և մեր թշնամիներին բեկանի, ինչպես որ արեց այսօր»։

12Երբ նրա քաղաքի մարդիկ լսեցին նրա ձայնը, փութացին իջնել իրենց քաղաքի դարպասի մոտ և կանչեցին քահանաներին ու ժողովրդի ծերերին։ 13Հավաքվեցին փոքրից մինչև մեծ, քանի որ բոլորն էլ զարմացել էին նրա վերադարձով։ Բացեցին քաղաքի դարպասը և նրանց ներս առան։ Եվ վառելով իրենց լապտերները՝ շրջապատեցին նրանց։ 14Եվ Հուդիթը բարձրաձայն ասաց. «Իսրայելի՛ որդիներ, օրհնեցե՛ք Աստծուն, որ Իսրայելի տնից չմերժեց իր ողորմությունը, այլ այս գիշեր իմ ձեռքով հարվածեց մեր թշնամիներին»։

15Եվ մախաղից հանելով գլուխը՝ ցույց տվեց նրանց և ասաց. «Ահա Ասուրի զորքերի զորագլուխ Հողոփեռնեսի գլուխը և ահա այն սավանը, որի վրա պառկած էր հարբած, և Տերը՝ , սպանեց նրան կնոջ ձեռքով։ 16Երդվում եմ Տիրոջով, որ պահպանեց ինձ այն ճանապարհին, որով գնացի։ Քանի որ իմ տեսքը խաբեց նրան և կորստյան մատնեց, սակայն նա ինձ չպղծեց և իմ անձը նախատինքի չարժանացրեց»։

17Եվ ողջ ժողովուրդը գոհացավ և խոնարհվելով երկրպագեց Աստծուն։ Եվ բոլորը միաձայն ասացին. «Տե՛ր, Աստվա՛ծ մեր, օրհնյա՜լ ես դու, որ այսօր ամոթի ենթարկեցիր քո ժողովրդի թշնամիներին»։

18Ոզիան ասաց Հուդիթին. «Դո՛ւստր, բարձրյալ Աստծու առաջ օրհնյալ ես դու առավել, քան երկրի վրայի բոլոր կանայք։ Եվ օրհնյալ է Տերը՝ Աստված, որ արարեց երկինքն ու երկիրը, և որ հաջողեցրեց քեզ՝ գլխատելու մեր իշխանին։ 19Քո անունը թող հավիտյան հիշվի մարդկանց կողմից և Աստծու առջև, 20և Տերը՝ իմ Աստվածը, թող փառավորի քեզ և բարություն շնորհի, քանի որ դու չխնայեցիր քո անձը մեր ազգի տառապանքը վերացնելու համար և վրեժ խնդրեցիր մեր հարվածների դիմաց՝ մեր Տիրոջ առջև ուղիղ ճանապարհով ընթանալով»։ Եվ ողջ ժողովուրդն ասաց. «Թող լինի, թող լինի»։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն