Հուդիթ
14
1Եվ Հուդիթն ասաց. «Լսե՛ք ինձ, եղբայրնե՛ր, վերցրե՛ք այս գլուխը և կախե՛ք քաղաքի պարիսպների մահարձանից։ 2Եվ երբ առավոտ բացվի, ու արեգակը ծագի երկրի վրա, զինվե՛ք բոլորդ, ընտրե՛ք առաջնորդներ, քաղաքից դո՛ւրս եկեք և իջե՛ք դաշտը՝ մինչև Ասուրի որդիների նախապահակախումբը. և այլևս չիջնեք։ 3Եվ նրանք, վերցնելով իրենց զենքերը, կգնան իրենց բանակը, կարթնացնեն Ասուրի զորագլուխներին, որոնք հավաքվելով կդիմեն դեպի Հողոփեռնեսի վրանը, և նրան չգտնելով՝ նրանց վրա ահ կընկնի, և նրանք փախուստի կդիմեն ձեզնից։ 4Եվ դուք ու Իսրայելի բոլոր բնակիչները կհետապնդեք նրանց և դուրս կհանեք Իսրայելի սահմաններից։ 5Սակայն մինչև այդ անելը ինձ մո՛տ բերեք Աքիովր Ամովնացուն, որ տեսնի և ճանաչի Հողոփեռնեսի գլուխը, ով ոտնահարեց Իսրայելի տունը և ով իրեն շղթայակապ ուղարկեց մեզ մոտ՝ մեզ հետ մահանալու»։
6Եվ Ոզիայի տնից կանչեցին Աքիովրին։ Երբ եկավ ու տեսավ Հողոփեռնեսի գլուխը հավաքվածներից մեկի ձեռքերում, երեսնիվայր ընկավ ու ուշագնաց եղավ։ 7Եվ երբ ուշքի եկավ, ընկնելով Հուդիթի ոտքերը՝ երկրպագեց նրան և ասաց. «Օրհնյալ ես դու Իսրայելի բոլոր բնակավայրերում և բոլոր ազգերի մեջ։ Եվ որտեղ լսվի քո անունը, զարմանքի պիտի արժանանա։ 8Արդ, պատմի՛ր դու ինձ, թե ինչպե՛ս այսօր արեցիր այս»։ Հուդիթը ողջ ժողովրդի ներկայությամբ պատմեց նրան այն ամենը, ինչ արել էր իր ելնելու օրից մինչև այն ժամանակը։ 9Եվ երբ Հուդիթը դադարեց խոսելուց, ժողովուրդը բարձրաձայն աղաղակեց՝ փառավորելով Աստծուն իրենց քաղաքում։
10Երբ Աքիովրը տեսավ այն ամենը, ինչ արեց Իսրայելի Աստված, հավատաց Աստծուն իր ողջ սրտով, թլփատեց իր անթլփատ մարմինը և միացավ Իսրայելի տանը մինչև այսօր։ 11Եվ երբ առավոտը ծագեց, Հողոփեռնեսի գլուխը կախեցին պարսպից, բոլոր այրերը զինվեցին ու դուրս ելան դեպի լեռան արահետները։ 12Եվ Ասուրի որդիները, նրանց տեսնելով, ազդարարեցին իրենց առաջնորդներին։ Նրանք եկան իրենց զորագլուխների, իշխանների ու հազարապետների մոտ։ 13Սրանք էլ դիմեցին դեպի Հողոփեռնեսի վրանը և ասացին նրա սենեկապետին. «Մտի՛ր, արթնացրո՛ւ մեր տիրոջը, քանի որ ծառաները համարձակվեցին մեր դեմ պատերազմի ելնելու, պիտի նրանց իսպառ ոչնչացնենք»։
14Բագուն մտավ, բախեց սենյակի դուռը, քանի որ կարծում էր, թե Հուդիթի հետ քնած է։ 15Երբ ոչ ոք նրան չպատասխանեց, համարձակություն ձեռք բերեց, մտավ սենյակ և տեսավ, որ մերկ ու գլխահատ ընկած է գետնին։ 16Բագուն բարձրաձայն գոչեց, լաց ու կոծով պատռեց իր պատմուճանը։ 17Ապա մտավ նա Հուդիթի սենյակը և նրան այնտեղ չգտնելով՝ եկավ զորքի մոտ ու ասաց. 18«Ծառաներն ապստամբեցին, քանի որ մի եբրայեցի կին նախատինք արեց Նաբուքոդոնոսորի տանը. ահա՛ Հողոփեռնեսն անգլուխ ընկած է գետնին»։
19Եվ երբ Ասուրի իշխանները լսեցին այս խոսքերը, պատռեցին իրենց պատմուճանները և շատ վախեցած՝ աղաղակում էին բանակում։