Հուդիթ
16
1Եվ Հուդիթն ասաց. «Տիրոջը փառաբանե՛ք թմբուկներով, Օրհնեցե՛ք նրան ծնծղաներով, Ուղղե՛ք նրան երգեր և օրհնություններ, Մեծարե՛ք նրան և կանչե՛ք նրա անունը,
2որովհետև Տերը պատերազմներ խորտակող Աստվածն է, որ ինձ փրկեց ինձ հալածողների բազմամարդ բանակից։
3Եկավ Ասուրը հյուսիսի լեռներից, եկավ իր բյուրավոր զորքով, որոնց բազմությունը ծածկեց ձորերը, իսկ նրանց երիվարների բազմությունը՝ բլուրները։
4Նա որոշեց հրկիզել իմ սահմանները, սրի անցկացնել իմ երիտասարդներին, ավար առնել մանուկներին, գերեվարել իմ կույսերին։
5Տերը՝ ամենակալ Աստված, կործանեց նրանց կնոջ ձեռքով.
6նրանց առաջնորդը երիտասարդի ձեռքով չընկավ, ոչ էլ տիտանների որդիները սպանեցին նրան, հաղթանդամ հսկաները չէ, որ հարձակվեցին նրա վրա, այլ Հուդիթը՝ Մերարեի դուստրը, որը խաբեց նրան իր դեմքի գեղեցկությամբ,
7քանի որ մերկացավ իր այրիության հանդերձից՝ բարձրացնելու Իսրայելի տառապյալներին, իր դեմքն օծեց անուշահոտ յուղով,
8զարդարեց իր գլուխը զարդերով և հագավ իր բեհեզյա զգեստը՝ նրան խաբելու համար։
9Նրա ոտքի կոշիկների գեղեցկությունը մոլորեցրեց նրա սիրտը, նրա գեղեցկությունը գերեց նրան։ Եվ դաշույնը խրեց նրա պարանոցը։
10Նրա քաջասրտությունից պարսիկները դողահար եղան, նրա քաջությունից մարերը խռովվեցին։
11Այդ ժամանակ ցնծացին իմ տառապյալները, իսկ իմ ժողովրդին տկարացնողները բղավեցին, պարտվեցին, աղաղակեցին ու փախուստի դիմեցին։
12Երիտասարդ մայրերի որդիները խոցոտեցին նրանց, և կոտորվեցին աղքատ պանդուխտների որդիների նման ու կորան իմ Տիրոջ պատերազմից։
13Օրհնում եմ Տիրոջը՝ իմ Աստծուն, նոր օրհներգերով. Տե՛ր, մեծ ես դու և փառավոր, սքանչելի ես անսպառ զորությամբ։
14Թող ծառայեն քեզ քո բոլոր արարածները, քանի որ ասացիր, և եղան, առաքեցիր քո հոգին, և ստացան այն ու կառուցվեցին, և չկա մեկը, որ դեմ կանգնի քո ձայնին։
15Որովհետև լեռները հիմքերից ջրերի հետ սասանվեցին, և քարերը քո դեմքի առջև մոմի պես հալվեցին, սակայն քեզ երկյուղածությամբ հայողներին քավիչ ես լինում։
16Ամեն մի զոհ անուշաբույր և ամեն մի ճարպ ողջակեզի քիչ է քեզ համար։ Սակայն երկյուղ ունեցողը հավիտյան մեծ է քեզ համար։
17Վա՛յ այն ազգերին, որ ելնում են մեր ազգի դեմ, որովհետև Ամենակալ Տերը նրանցից վրեժ է լուծելու դատաստանի օրը։ Նրանց տալու է հուր և որդեր՝ նրանց մարմիններին, և լացելու են՝ սգալով հավիտյան»։
18Եվ երբ հասան Երուսաղեմ, երկրպագեցին Աստծուն, և երբ ժողովուրդը սրբվեց, մատուցեցին իրենց ողջակեզները, կամավոր զոհերն ու նվերները։ 19Հուդիթը Հողոփեռնեսի ողջ սպասքն ու կահ-կարասին նվիրեց Տիրոջը՝ Աստծուն։ 20Եվ ժողովուրդը երեք ամիս զվարճանում էր Երուսաղեմում՝ սրբության առջև։ Եվ Հուդիթը նրանց հետ էր։
21Այդ օրերից հետո ամեն մեկը գնաց իր ժառանգության վայրը։ Եվ Հուդիթը գնաց Բետիղուա և խնամում էր իր տունը։ Եվ այն ժամանակից նրա անունը փառավորվում էր ողջ երկրով մեկ։ 22Շատերը ցանկացան նրան իր կյանքի ողջ ընթացքում՝ իր ամուսնու՝ Մանասեի մեռնելուց հետո, մինչև իր նախնիներին միանալը։ 23Հուդիթը սակայն մնաց իր ամուսնու տանը՝ օր օրի ավելի փառավորվելով, ծերացավ և դարձավ հարյուր հինգ տարեկան, ազատ արձակեց իր նաժիշտին և մահացավ Բետիղուայում։ Նրան թաղեցին իր ամուսնու՝ Մանասեի շիրիմում։ 24Եվ Իսրայելի ողջ տունը յոթ օր սուգ արեց նրա համար։ Եվ նա մինչ իր մահը իր ողջ ունեցվածքը բաժանեց իր ամուսնու՝ Մանասեի ազգականներին, իր մերձավորներին էլ բաժին հանեց։
25Հուդիթի կենդանության օրերին ու նրա մահվանից հետո երկար ժամանակ ոչ ոք չէր անհանգստացնում Իսրայելի որդիներին։