Հուդիթ
2
1Ասորեստանի Նաբուքոդոնոսոր թագավորը տասնութերորդ տարվա առաջին ամսվա տասներկուերորդ օրը ժողով հրավիրեց իր տանը՝ քննարկելու, թե ինչպե՛ս վրեժ լուծի բոլոր երկրներից։ 2Կանչեց նա բոլոր մեծամեծերին և կուսակալներին, իր բերանով հայտնեց նրանց իր գաղտնի որոշումը՝ ոչնչացնելու երկրի բոլոր ազգերին, որոնք չէին ընդառաջել պատերազմի ելնելու իր հրավերին։ 3Նրանց ներկայացրեց հարձակման իր ծրագիրը։ Եվ նրանք պատասխան տալով՝ ասացին. «Թող մեռնի թագավորին ընդդիմացող և նրա հրամանին չանսացող ամեն ոք»։
4Այս ամենից հետո Ասորեստանի Նաբուքոդոնոսոր արքան կանչեց իր ողջ զորքի սպարապետ Հողեփեռնեսին և ասաց նրան. 5«Այսպես է ասում մեծ արքան՝ ողջ երկրի տերը. դու պիտի ելնես իմ առջևից՝ վերցնելով քեզ հետ իրենց զորությանը վստահ անձեր՝ հարյուր քսան հազար հետևակ և տասներկու հազար հեծյալների բազմություն, 6և գնաս արևմուտքի կողմերը, որովհետև այնտեղ իմ հրամանները արհամարհեցին։ 7Նրանց կպատվիրես, որ ինձ հանձնեն երկիրն ու ջուրը, այլապես իմ բարկությամբ նրանց դեմ կելնեմ և ողջ երկիրը ոտնատակ կանեմ իմ զորքով և հափշտակության կտամ։ 8Ձորերն ու ծործորները կլցվեն նրանց վիրավորներով, գետերը կհորդեն նրանց արյունով, 9և ողջ երկրով մեկ նրանց գերության կմատնեմ։
10Ե՛լ ուրեմն ինձնից առաջ, գրավի՛ր նրանց երկրները, և նրանք քեզ կհանձնվեն։ Սակայն թո՛ղ, որ ե՛ս նրանց պատժեմ։ 11Նրանց, ովքեր չանսան, թող քո աչքը չխնայի, այլ հանձնի մահվան և հափշտակության այն ողջ տարածքում, որ քեզ հանձնարարեցի։ 12Երդվում եմ իմ թագավորության իշխանությամբ, ինչ ասացի, կանեմ, 13իսկ այն, ինչ հրամայեցի քեզ, զանց չառնես, այլ ինչպես որ ասացի, նույնությամբ կկատարես և չհապաղես»։
14Եվ Հողոփեռնեսը ելավ իր տիրոջ մոտից, կանչեց իր մոտ Ասորեստանի բոլոր իշխաններին ու զորագլուխներին, 15հաշվառեց պատերազմի ընտրյալներին, ինչպես հրամայել էր իր տերը՝ հարյուր քսան հազար հետևակ, և հեծելազոր աղեղնավորներ՝ տասներկու հազար, 16և նրանց պատերազմի պատրաստեց։ 17Եվ նա բազում ուղտեր ու գրաստներ առավ՝ կահ-կարասին վրան բառնալու, ինչպես նաև անթիվ-անհամար ոչխարներ, արջառներ և այծերի երամակներ՝ սննդի համար։ 18Նրանց ճանապարհի համար պարեն տվեց, ինչպես նաև թագավորի տանից շատ ոսկի ու արծաթ։
19Եվ ելավ պատերազմի ինքն ու ողջ զորքը, որպեսզի պատրաստեն թագավորի ելքը դեպի արևմուտքի բոլոր երկրներ զինակառքերով, հեծելազորով և ընտիր հետևակներով։ 20Նրանց հետ կային մարախի բազմության ու երկրի ավազի չափ անթիվ դաշնակիցներ։ 21Եվ գնացին նրանք երեք օրվա ճանապարհ՝ Նինվե քաղաքից մինչ Բեկտեղեթ դաշտը, և բանակեցին Վերին Կիլիկիայի ձախակողմյան լեռան մոտ։ 22Եվ վերցնելով իր ողջ զորքը՝ հեծելազորը, հետևակն ու զինակառքերը՝ այնտեղից ելավ դեպի լեռնակողմը։ 23Հարվածեց Փուդին ու Լուդին, թալանեց Հռասիսի ու Իսմայելի որդիներին, որոնք բնակվում էին անապատի դիմաց՝ Քեղովնից հարավ։ 24Ապա անցավ Եփրատ գետը և մտավ Միջագետք, կործանեց Աբրովնի ձորից մինչև ծովեզերքն ընկած բոլոր քաղաքները, 25գրավեց Կիլիկիայի տարածքները՝ ոչնչացնելով իր բոլոր դիմադիրներին, իսկ հարավում եկավ հասավ Հաբեթի սահմանները, որն Արաբիային դեմ հանդիման է։ 26Պաշարեց Մադիամի բոլոր որդիներին, կրակի տվեց նրանց բոլոր վրաններն ու ավերեց, քանդեց նրանց ոչխարների բոլոր գոմերը։
27Եվ իջավ նա Դամասկոսի դաշտը, ցորենի հնձի ժամանակ կրակի տվեց ողջ անդաստաններն ու ագարակները, ոչնչացրեց նաև նրանց ոչխարներն ու նախիրները, ավերեց նրանց քաղաքները, կոտորեց նրանց մանուկներին և սրով սպանեց նրանց երիտասարդներին։ 28Եվ ահ ու երկյուղ ընկավ ծովեզերքի՝ Տյուրոսի, Սիդովնի, ինչպես նաև Սուրի, Իկինայի, Հեմնանի բնակիչների վրա, նաև նրանց վրա, ովքեր բնակվում էին Ազովտոսում և Ասկաղոնում։
Նոր Էջմիածին · HYEJB2017