Հուդիթ
3
1Եվ խաղաղության խոսքով պատգամախոս ուղարկեցին նրա մոտ և ասացին. 2«Ահա մենք Նաբուքոդոնոսորի ծառաներն ենք և կանգնած ենք քո առաջ, վարվի՛ր մեզ հետ, ինչպես որ հաճո է քեզ։ 3Ահա մեր տները, ցորենի ողջ դաշտերը, հոտերը, անդաստանները և մեր խաշների բոլոր գոմերը քո առջև են, վարվի՛ր, ինչպես որ հաճո է քեզ։ 4Ահա մեր քաղաքները և նրանց բնակիչները. քո ծառաներն ենք, արի՛, մտի՛ր սրանց մեջ, ինչպես որ հաճո է քեզ»։
5Եվ պատգամաբեր այրերը եկան Հողոփեռնեսի մոտ, որ ասեն նրան այս ամենը։ 6Եվ նա իր զորքով իջավ ծովեզերք և պահապաններ կարգեց պարսպապատ քաղաքների վրա։ Եվ այդ քաղաքներից իրեն պատերազմակիցներ առավ, 7և ընդառաջ ելան այն քաղաքները երգերով ու պսակներով, ծնծղաներով ու թմբուկներով։ 8Եվ ամայացրեց նրանց շրջապատը, կտրեց պաշտամունքի անտառները։ Եվ քանի որ հրամայված էր իրեն, ոչնչացրեց տեղական աստվածներին, որպեսզի բոլոր ազգերն ու ցեղերն իբրև աստված միայն Նաբուքոդոնոսորին պաշտեն։ 9Եվ նա եկավ դեմ հանդիման Եսդրելովմին, որը Դովտեայի մոտ է՝ Հուդայի երկրի մեծ սարի դիմաց։ 10Եվ նա բանակ դրեց Գայեի ու Բիշանուի միջև, մնաց այնտեղ մի ամիս՝ իր զորքի համար ռոճիկ և դարման ամբարելու։