Հուդիթ

7

1Եվ Հողոփեռնեսը վաղ առավոտյան պատվիրեց իր զորքին և իրեն օգնելու եկածներին չվել գնալ Բետիղուա ու լեռնակողմի ելքերը և հասնելով այնտեղ՝ տալ Իսրայելի որդիների դեմ։ 2Այդ օրը պատերազմի ելան բոլոր այրերը՝ հարյուր յոթանասուն հազար հետևակ և տասներկու հազար հեծյալ՝ չհաշված բեռնակիր ռամիկներին, որոնք անթիվ-անհամար էին։ 3Եվ բանակեցին նրանք Բետիղուայի մոտ գտնվող հովտում՝ աղբյուրի կողքին, և բանակի առաջամասը լայնությամբ տեղավորվեց հարավային կողմում՝ մինչև Դովթայիմ և Բեղբեմ, իսկ երկարությամբ՝ Բետիղուայից մինչև Կիամովն, որը Եսդրելովմի, այսինքն՝ Հեզրայելի դիմաց է։ 4Եվ Իսրայելի որդիները, տեսնելով այսքան մեծ բազմություն, շատ վախեցան և ասացին միմյանց. «Այժմ սրանք կլիզեն երկրի ողջ երեսը, և նրանց ծանրության դեմ չեն կարողանա դիմակայել ո՛չ բարձունքները, ո՛չ ձորերը և ո՛չ էլ բլուրները»։ 5Եվ յուրաքանչյուրն իր զենքը վերցնելով՝ քաղաքի աշտարակներին ջահեր վառեցին և ողջ գիշերը պահպանում էին այն։ 6Եվ երրորդ օրը Հողոփեռնեսը ողջ հեծելազորը հանեց Բետիղուայում գտնվող Իսրայելի որդիների դեմ։ 7Հասավ քաղաքի ելքերի մոտ, հետազոտեց աղբյուրների ջրերը և շտապեց պաշարել դրանք։ Պատերազմող այրերի բանակներ նշանակեց դրանց վրա, իսկ ինքը վերադարձավ իր բանակը։

8Եվ նրան մոտեցան Ամովնի որդիների իշխանները, Մովաբի որդիների առաջնորդները, ծովեզերքի զորագլուխները և ասացին. 9«Տե՛ր մեր, լսի՛ր ծառաներիդ խոսքը, որ զորքդ հարվածի չենթարկվի, 10որովհետև Իսրայելի որդիների ժողովուրդն իրենց նիզակների վրա չէ, որ հույս են դրել, ոչ էլ զենքի, այլ այն բարձր լեռների, որտեղ բնակվում են, և հնարավոր չէ նրանց հասնել։ 11Արդ, տե՛ր, դու մի՛ պատերազմիր նրանց դեմ այնպես, ինչպես սովորաբար արվում է պատերազմներում։ Եվ որպեսզի քո զորքի այրերից ոչ ոք չընկնի, 12և քո զորքը փրկվի, սպասի՛ր քո բանակում. թող քո ծառաները փակեն ջրերի աղբյուրները, որոնք ելնում են այն լեռների ստորոտներից, 13և որտեղից խմում են այդ քաղաքի բնակիչները, և այդպիսով նրանք ծարավից կմեռնեն, և ապա իրենք իսկ կհանձնեն քաղաքը քեզ։ Եվ ապա մենք ողջ զորքով կելնենք մերձավոր լեռների գագաթները, կբանակենք նրանց վրա մեկ մարդու պես։ 14Եվ քանի որ իրենք, իրենց կանայք ու որդիները սպառված կլինեն սովից և ծարավից, ուստի մինչ նրանց վրա սուր իջնելը գետնին կտապալվեն իրենց քաղաքի հրապարակներում։ 15Ապա նրանց չարության դեմ արժանին կհատուցես, քանի որ կռվի ելան և չհնազանդվեցին քեզ խաղաղությամբ»։

16Հողոփեռնեսին ու նրա գործակիցներին դուր եկավ այս խորհուրդը, և հրաման տվեց անել այնպես, ինչպես ասվեց։ 17Եվ Ամովնի որդիների բանակը գնաց, և նրա հետ՝ հինգ հազար Ասորեստանի որդիներից։ Նրանք բանակեցին ձորի հովտում և փակեցին Իսրայելի որդիների ջրերի աղբյուրները։ 18Ելան Եսավի որդիներն ու Ամովնի որդիները, բանակեցին Դովթայիմի դիմացի լեռներում. նրանցից մի քանիսին հարավակողմ ուղարկեցին, ոմանց՝ հյուսիս՝ Եգրեբիղի դիմաց, որը Քուշի մոտ է և Քումուրի ձորի վրա։ Ասորեստանցիների մեկ այլ զորք բանակեց դաշտում և ծածկեց երկրի ողջ երեսը։ Այնտեղ բանակեցին նաև մեծ բազմությամբ բեռնակիրներ կահ-կարասիով և վրաններով հանդերձ։

19Եվ Իսրայելի որդիները գոչեցին Տիրոջը՝ իրենց Աստծուն, քանի որ պաշարված էին թշնամիներով, և նրանց միջից դուրս գալու ոչ մի հնար չկար։ 20Եվ Ասորեստանի զորքը՝ հետևակ, կառքեր, հեծելազոր, երեսունչորս օր պաշարեց նրանց։ Սպառվեցին ջրի բոլոր ամանները, որ ունեին Բետիղուայի բնակիչները, 21հորերը ցամաքել էին, մի օրվա խմելու անգամ չկար, և չափով ու կշռով էին ըմպում։

22Եվ շատ տառապեցին նրանց կանայք ու մանուկները, իսկ երիտասարդները սպառվում էին ծարավից, ընկնում էին քաղաքի հրապարակներում ու դռների ելքերում. ոչ մի մխիթարություն չկար։ 23Եվ ողջ ժողովուրդը՝ երիտասարդները, կանայք, մանուկները, հավաքվեցին Ոզիայի և քաղաքի իշխանների մոտ, լաց եղան բարձրաձայն և բոլոր ծերերի առջև ասացին. 24«Թող դատ անի մեր և ձեր միջև, որ մեզ հետ այս անիրավությունը գործեցիք՝ խաղաղությամբ չխոսելով Ասուրի որդիների հետ։ 25Եվ հիմա ոչ ոք չկա, որ օգնի մեզ։ Աստված մատնեց մեզ նրանց ձեռքը, որ տոչորվելով ընկնենք նրանց առաջ և սաստիկ ծարավից կորստյան մատնվենք։ 26Այժմ աղաչե՛ք դուք նրանց և նրանց որպես ավար տվե՛ք ողջ քաղաքը, 27որովհետև մեզ համար ավելի լավ է՝ կենդանի մնալ՝ թեկուզև նրանց կողմից հափշտակված և ստրկացված, քանի որ չենք կարողանում մեր աչքերով տեսնել սպառված հոգիներով մեր երեխաների ու կանանց մահը։ 28Արդ, երդվեցնում ենք ձեզ երկնքով ու երկրով և մեր հայրերի Աստծով, ով պատժում է մեզ մեր հայրերի մեղքերի համար, որպեսզի այս օրերին նա իր խոսքերի համաձայն չվարվի»։

29Եվ մեծ լաց ու ողբ արեցին բոլորը միասին և բարձրաձայն գոչեցին Տիրոջը՝ Աստծուն։ 30Ոզիան ասաց նրանց. «Քաջալերվե՛ք, եղբայրնե՛ր, հինգ օր էլ համբերե՛ք, և Տերը կուղարկի իր ողորմածությունը մեզ վրա, որովհետև նա թույլ չի տա, որ մենք վերանանք։ 31Եվ երբ այս օրերն անցնեն, ու մեզ օգնություն չգա, այն ժամանակ կանենք այնպես, ինչպես ասում եք»։ 32Եվ ժողովրդին արձակեց իրենց տները՝ քաղաքի աշտարակներն ու պարիսպները պաշտպանելու։ Եվ մեծ վարանմունքի ու տարակուսանքի մեջ էին։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն