Հովէլ մարգարեյի գիրք
2
Մոտ է Տիրոջ օրը
1Փո՛ղ հնչեցրեք Սիոնում, քարո՛զ կարդացեք իմ սուրբ լեռան վրա. թող հավաքվեն երկրի բոլոր բնակիչները, քանի որ հասել է Տիրոջ օրը, քանի որ մոտ է
2խավարի և մեգի օրը, ամպի և մառախուղի օրը։ Իբրև առավոտ՝ բազմամարդ և հզոր զորքը կտարածվի լեռների վրա. դրա նմանը չի եղել երբևիցե, և դրանից հետո էլ չի լինի սերնդեսերունդ։
3Նրա առջևից լափող կրակ է, նրա հետևից՝ բորբոքված բոց. նրա առջևում երկիրը որպես վայելչության դրախտ է, իսկ նրա հետևում՝ ավերված դաշտ. և փրկվող չի լինի նրանից։
4Նրա տեսքը երիվարների տեսքի նման է. կարշավեն հեծյալների նման,
5կասպատակեն ինչպես կառքերի շաչյունը՝ լեռների գագաթներին, ինչպես կրակի բոցի ձայնը, որ ուտում է եղեգը, ինչպես պատերազմի պատրաստված բազմամարդ ու հզոր զորքը։
6Նրա առջև կկործանվեն ազգեր, և ամեն մի դեմք սևացած պտուկի կնմանվի։
7Կհարձակվեն որպես ախոյաններ, և պատերազմող մարդկանց նման կելնեն պարիսպների վրա. յուրաքանչյուրն իր ճանապարհով կգնա, և չեն շեղվի իրենց շավիղներից։
8Մարդն իր եղբորից և ընկերոջից չի զատվի։ Իրենց ծանր զենքերով կգնան և իրենց նետերով կընկնեն, բայց չեն վախճանվի։
9Կարշավեն քաղաքի վրա, կընթանան պարիսպների վրայով, կդիմեն դեպի ապարանքները և գողերի նման ներս կմտնեն պատուհաններից։
10Նրա առջև երկիրը կխռովվի, և երկինքը կշարժվի, արեգակն ու լուսինը կխավարեն, և աստղերը կթաքցնեն իրենց լույսը։
11Եվ Տերն իր ձայնը կհնչեցնի իր զորքի առաջ, քանի որ չափազանց մեծաթիվ է նրա բանակը, և հզոր՝ նրա պատերազմական գործը. քանի որ մեծ է Տիրոջ օրը, մեծ և չափազանց փառավոր, և ո՞վ կարժանանա դրան։
Կոչ ապաշխարության
12«Եվ արդ, ասում է Տերը՝ ձեր Աստվածը, դարձե՛ք ինձ ձեր ամբողջ սրտով, պահքով, լալով ու կոծելով։
13Պատռե՛ք ձեր սրտերը և ոչ թե հագուստները և դարձե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, որովհետև ողորմած է և գթած, համբերատար և բազումողորմ և զղջում է մարդկանց չարիքների համար»։
14Ո՞վ գիտի, թերևս դառնա ու զղջա և իր հետևից թողնի օրհնություն, զոհաբերություններ ու պատարագներ Տիրոջը՝ մեր Աստծուն։
Կոչ ծոմապահության և պաղատանքի
15Փո՛ղ հնչեցրեք Սիոնում, սրբագործե՛ք պահքը, աղո՛թքը քարոզեք.
16հավաքե՛ք ձեր ժողովրդին, սրբագործե՛ք ժողովարանը, ընտրե՛ք ծերերին, հավաքե՛ք կաթնակեր երեխաներին. թող փեսան ելնի իր սենյակից և հարսը՝ առագաստից։
17Թող աստիճանների և զոհասեղանի միջև քահանաներն ու Տիրոջ պաշտոնյաները լաց լինեն և ասեն. «Խնայի՛ր, Տե՛ր, քո ժողովրդին, և քո ժառանգությունը նախատինքի մի՛ հանձնիր, որ ազգերը տիրեն նրան, որպեսզի հեթանոսների մեջ չասեն. “Ո՞ւր է նրանց Աստվածը”»։
Տիրոջ պատասխանը
18Տերը նախանձախնդրությամբ լցվեց իր երկրի համար ու խնայեց իր ժողովրդին։
19Եվ Տերը պատասխան տվեց իր ժողովրդին և ասաց. «Ահա ես ձեզ ցորեն, գինի և յուղ եմ ուղարկում. կգոհանաք դրանցով, և այլևս ձեզ չեմ հանձնի ազգերի նախատինքին։
20Հյուսիսայինով կհալածեմ ձեզնից և նրան անջուր երկիր կվտարեմ, կկործանեմ նրա սկիզբն առաջին ծովում և նրա վերջը՝ վերջին ծովում. նրա թարախը կելնի, և կբուրի նրա հոտը, քանի որ մեծացան նրա գործերը։
21Քաջալերվի՛ր, երկի՛ր, ցնծա՛ և ուրախացի՛ր, որովհետև Տերը մեծացրեց իր գործերը քեզ համար։
22Քաջալերվի՛ր, վայրի՛ երե, որովհետև անապատի դաշտերը դալարեցին, որովհետև ծառը տվեց իր պտուղը, որթատունկն ու թզենին ցույց տվեցին իրենց զորությունը։
23Սիոնի՛ որդիներ, ցնծացե՛ք և ուրախացե՛ք Տիրոջով՝ ձեր Աստծով, քանի որ Տերը ձեզ արդար կերակուր տվեց. և ձեզ համար կտեղան գարնանային և աշնանային անձրևները, ինչպես նախկինում։
24Կլցվեն ցորենի կալերը, և կհորդեն գինու և յուղի հնձանները։
25Ձեզ կհատուցեմ այն տարիների դիմաց, երբ մորեխը, ջորյակն ու թրթուրը կերան, և իմ մեծ զորքը, որ ուղարկեցի ձեզ վրա։
26Եվ ուտելով կուտեք ու կհագենաք և կօրհնաբանեք Տիրոջ՝ ձեր Աստծու անունը, որ հրաշքներ գործեց ձեզ համար, և իմ ժողովուրդն այլևս չի ամաչի հավիտյան։
27Եվ կիմանաք, որ ես Իսրայելի մեջ եմ, և ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, և չկա ոչ ոք ինձնից բացի, և իմ ժողովուրդը չի ամաչի հավիտյան։
28Եվ կլինի, որ սրանից հետո իմ Հոգուց կհեղեմ ամեն մարմնի վրա, և կմարգարեանան ձեր որդիներն ու ձեր դուստրերը, ձեր ծերերը երազներով կերազեն, և ձեր երիտասարդները տեսիլքներ կտեսնեն։
29Իմ ծառաների վրա և իմ աղախինների վրա այն օրերին իմ Հոգուց կհեղեմ, և կմարգարեանան։
30Նշաններ ցույց կտամ վերևում՝ երկնքում, և նշաններ ներքևում՝ երկրի վրա. արյուն, հուր և ծխե մրրիկ։
31Արեգակը կփոխվի խավարի, և լուսինը՝ արյան, նախքան Տիրոջ մեծ ու փառավոր օրվա գալուստը»։
32Եվ կլինի, որ ամեն ոք, ով կանչի Տիրոջ անունը, կապրի, քանի որ Սիոն լեռան վրա և Երուսաղեմում կլինի փրկվածը, ինչպես որ ասաց Տերը, և ավետարանվածը, որոնց Տերը կկանչի իր մոտ։