Երեմիայի մարգարեյի ողբերը

1

Իսրայելի գերությունից և Երուսաղեմի ավերածությունից հետո էր, երբ Երեմիան նստել լաց էր լինում և այս ողբն ասում Երուսաղեմի վրա։

Երուսաղեմը՝ լքված որբևայրի

Ալեֆ

1Ինչպե՜ս զատվեց ու նստեց միայնակ՝ քաղաքը բազմամարդ, տրտմությամբ լցված որբևայրի մի դարձավ հեթանոսների մեջ. երկրի իշխանը հարկատու դարձավ։

Բեթ

2Նա գիշերը դառնորեն լաց եղավ. արցունքներ կան նրա ծնոտներին։ Այդ օրը նրա սիրելիների մեջ չգտնվեց մեկը, որ լիներ նրան. նրա բոլոր բարեկամներն անարգեցին նրան ու թշնամիներ դարձան։

Գիմել

3Հուդան մատնվեց գերության, բազում տառապանքների, նեղության, ստրկության ու ծառայության. նա նստեց հեթանոսների մեջ և հանգիստ չգտավ. թշնամական պաշարման մեջ՝ բոլոր հալածիչները նրա վրա հասան։

Դալեթ

4Սիոնի ճանապարհները սուգ բռնեցին, որովհետև նրա տարեկան տոներին եկողներ չկան։ Նրա դարպասներն ամայացան, նրա քահանաները հեծում, հառաչում ու հոգոց են հանում։ Նրա կույսերը գերեվարվեցին, իսկ ինքն էլ դառնացած է իր հոգում։

Հեյ

5Նրան նեղողները կանգնեցին նրա գլխին, նրա թշնամիներն ուրախության մեջ են, քանի որ Տերը խոնարհեցրեց նրան նրա բազմաթիվ ամբարշտությունների համար. նրա մանուկները, նեղողների առաջն ընկած, գերի քշվեցին։

Վավ

6Սիոնի դուստրերի ամբողջ վայելչությունը վերացավ. նրանց իշխանները նմանվեցին այն խոյերին, որոնք կեր չեն գտնում. նրանք իրենց այնքան ցանկալի իրերը տվեցին կերակուրների համար, որպեսզի հագեցնեն իրենց մարմինները։ Գնում էին նրանք մտամոլոր, նեղողների առաջն ընկած, հալածիչներից քշված։

Զայն

7Երուսաղեմը հիշեց իր տառապանքի օրը և օրն իր բաժանումի, թախծեց այն բոլոր փափագելի բաների համար, որոնց արժանացել էր սկզբում։ Երբ ժողովուրդը թշնամիների ձեռքն ընկավ, ոչ ոք չկար, որ օգներ նրան, տեսան դա նրա ատելիները, քամահրեցին ու ծաղրեցին նրա գերությունը։

Խեթ

8 գործեց Երուսաղեմը, դրա համար էլ նրան մեծարողները խայտառակեցին նրան, քանզի տեսան նրա անարգանքը, և նա ինքն էլ հետ դառնալով հոգոց էր հանում։

Տեթ

9Նրա պղծությունն իր ոտքերի առաջ էր, սակայն նա իր վախճանի մասին չմտածեց. առատորեն արցունք թափեց, բայց ոչ ոք չկար, որ մխիթարեր նրան։ Նայի՛ր տառապանքներիս, ո՛վ Տեր, քանզի թշնամիներս հպարտացան իմ դեմ։

Յոդ

10Թշնամին իր ձեռքը երկարեց իմ գանձերին։ Ես տեսա հեթանոսներին, որոնք մտան քո սրբարանը, մինչդեռ նրանց հրամայել էիր, որ քո ժողովրդի սրբավայրը չմտնեն։

Կաֆ

11Ամբողջ ժողովուրդը էր փնտրում ու հառաչում. ամեն բան, ինչ թանկ էր նրան, տվեց հացի դիմաց, որպեսզի պահի իրեն։ Նայի՛ր, ո՛վ Տեր, և տե՛ս, որ ես դարձա անարգված։

Լամեդ

12Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, ո՛վ անցորդներ, հե՛տ դարձեք, նայե՛ք ու տեսե՛ք՝ ինձ հասած ցավերի նման ցավեր եղե՞լ են արդյոք. Տերը ձայնը բարձրացրեց ինձ վրա և իր բարկության ու ցասման ժամին խոնարհեցրեց ինձ։

Մեմ

13Իր բարձունքից կրակ ուղարկեց իմ ոսկորներին, ցանց գցեց իմ ոտքերին և ինձ հետ շպրտեց, կործանեց իմ անձը՝ հանապազօրյա տառապանքի ու տրտմության մեջ։

Նուն

14Տերը կանխավ ասաց ինձ իմ ամբարշտության մասին, իր ձեռքը գցեց և իմ պարանոցին ծանրացրեց իր լուծը. իմ զորությունը տկարացավ։ Տերն ինձ մատնեց իմ ցավերին, ու ես չեմ կարողանում հանդարտվել։

Սամեխ

15Նա ջնջեց իմ միջից իմ ընտիր-ընտիր զորավորներին, իմ ընտրյալների կոտորածի ժամն ազդարարեց. Տերը, ինչպես հնձանում, ճզմեց կույսին՝ Հուդայի դստերը։ Ահա թե ինչու եմ ինձ լացի տվել։

Այն

16Աչքն իմ արցունք թափեց, քանզի նրանք, ովքեր իմ մխիթարիչներն էին և իմ հոգին ինձ էին վերադարձնում, հեռացան ինձնից։ Իմ որդիները մատնվեցին կործանման, որովհետև թշնամիներս զորացան։

Պե

17Սիոնն իր բազուկները տարածեց առ , բայց չկար ոչ ոք, որ մխիթարեր նրան։ Նրա շուրջը նրան նեղողներն են. նրանց մեջ Երուսաղեմը մի նողկալի կին դարձավ։

Ցադե

18Արդար է Տերը, ես դառնացրի նրան։ Ո՜վ ժողովուրդներ, բոլորդ լսե՛ք այս և տեսե՛ք իմ ցավերը. իմ օրիորդներն ու երիտասարդները քշվեցին գերության։

Քոֆ

19Ես կանչեցի իմ սիրեկաններին, բայց նրանք արհամարհեցին ինձ. իմ քահանաներն ու երեցներն այստեղ՝ քաղաքում, մեռան. կերակուր փնտրեցին կենդանի մնալու համար, սակայն չգտնվեց։

Ռեշ

20Նայի՛ր, Տե՛ր, ես նեղության մեջ եմ. ոսկորներս հալումաշ եղան, սիրտս մեջս տրորվեց, դառնացած եմ։ Դրսից սուրն ինձ անժառանգ դարձրեց, ինչպես մահը՝ ներսից։

Շին

21Լսե՛ք, լսե՛ք այս. ես հեծում ու հառաչում եմ, և ոչ ոք չկա, որ մխիթարի ինձ։ Իմ բոլոր թշնամիներն իմացան իմ վրա եկած չարիքների մասին և ոտնահարեցին ինձ, քանզի դո՛ւ ստեղծեցիր այդ օրը, դո՛ւ կանչեցիր այդ ժամանակը, որ վայը գա ինձ վրա։

Տավ

22Բոլոր չար գործերը թող կանգնեն քո առաջ, և դու ճռաքա՛ղ արա նրանց այնպես, ինչպես ճռաքաղ արեցիր ինձ իմ բոլոր մեղքերի համար, քանզի անթիվ են իմ հառաչանքները, և սիրտն իմ լի է տրտմությամբ։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն