Միքիա մարգարեյի գիրք

3

Միքիայի ազդարարությունն Իսրայելի իշխաններին

1Եվ կասի. «Լսե՛ք, Հակոբի՛ տան իշխաններ և Իսրայելի՛ տան մնացորդներ։ Դուք չէ՞, որ պիտի իմանաք արդարադատությունը,

2դուք, որ ատում եք բարին և չարիք եք փնտրում, հեռացնում եք նրանցից իրենց մաշկը և նրանց միսը՝ իրենց ոսկորներից»։

3Ինչպես որ կերան իմ ժողովրդի միսը և նրանց մաշկը քերթեցին նրանց վրայից, նրանց ոսկորները փշրեցին և կտրատեցին նրանց մարմինները՝ իբրև թե կաթսաների, և նրանց միսը՝ իբրև թե պուտուկների մեջ եփելու համար,

4այնպես էլ կաղաղակեն Տիրոջը, բայց չի լսի նրանց և իր երեսը կդարձնի նրանցից այն ժամանակ, քանի որ նրանց չարչարեցին իրենց գործերով։

Ընդդեմ այն մարգարեների, որոնք մոլորեցնում են Իսրայելին

5Այսպես է ասում Տերն այն մարգարեների համար, որոնք մոլորեցնում են իմ ժողովրդին, որոնք կծոտում են իրենց ատամներով և են քարոզում նրան, սակայն ոչինչ չդրվեց նրանց բերանը, և հարուցեցին նրանց դեմ։

6Դրա համար տեսիլքի փոխարեն գիշեր կլինի ձեզ համար, և խավար կլինի ձեզ համար գուշակության փոխարեն. արեգակը կմտնի մարգարեների վրա, և ցերեկը կխավարի նրանց վրա։

7Երազատեսները կամաչեն, գուշակները կծաղրվեն, և բոլորը կբամբասեն նրանց, որովհետև չի լինի մեկը, որ լսի նրանց։

8Բայց ես զորությամբ լցվեցի Տիրոջ Հոգով, արդարադատությամբ և կարողությամբ՝ Հակոբին հայտնելու իր ամբարշտությունները և Իսրայելին՝ իր մեղքերը։

Միքիան կանխատեսում է Իսրայելի կործանումը

9Լսե՛ք սա, Հակոբի՛ տան առաջնորդներ և Իսրայելի՛ տան մնացորդներ, որ անարգում եք արդարադատությունը և շեղում եք բոլոր արդարներին,

10որ Սիոնն արյամբ եք կառուցում և Երուսաղեմը՝ անիրավությամբ։

11Նրա առաջնորդները կաշառքներով էին դատում, նրա քահանաները վարձով էին պատասխան տալիս, նրա մարգարեներն արծաթով էին հայտնում գուշակությունները և Տիրոջն էին ապավինում և ասում. «Մի՞թե Տերը մեզ հետ չէ. մեզ վրա չարիք չի գա»։

12Դրա համար Սիոնը ձեր պատճառով կհերկվի արորով, Երուսաղեմը կլինի մրգապահների հյուղակի պես, իսկ տաճարի լեռը՝ մայրիների անտառի նման։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն