Աբդիա մարգարեյի գիրք

1

Տերը հայտնում է Եդովմի կործանումը

1Աբդիուի տեսիլքը, որ Տերը հայտնեց Եդովմի մասին. «Տերը պատգամաբեր ուղարկեց ազգերին, և լսեցինք նրա պատգամը. “Ելնենք պատերազմելու Եդովմի դեմ”»։

2Եվ Եդովմին Տերն ասաց. «Ահա քեզ սակավաթիվ դարձրի ազգերի մեջ, և դու շատ ես անարգված։

3Քո սրտի հպարտությունը քեզ բարձրացրեց՝ բնակվելու ժայռերի փոսերում, բարձրացնելու իր բնակավայրը և ասելու իր սրտում. “Ո՞վ ինձ գետին կիջեցնի”»։

4«Եթե բարձրանաս արծվի պես, և եթե աստղերի մեջ դնես քո բույնը, այնտեղից էլ կիջեցնեմ քեզ,- ասում է Տերը։

5Եթե գողերն ու գիշերվա ավազակները մտնեին քեզ մոտ, որտե՞ղ պիտի թաքնվեիր, և արդյո՞ք իրենց համար բավականին բան չէին գողանա, և եթե այգեկութ անողները մտնեին քեզ մոտ, մի՞թե մի ողկույզ անգամ կթողնեին։

6Ինչպե՞ս քննության ենթարկվեց Եսավը, և բացահայտվեցին նրա գաղտնիքները։

7Մինչև սահմանները քեզ ուղարկեցին, քո ուխտի բոլոր մարդիկ քո դեմ դարձան, քո խաղաղության մարդիկ քո դեմ զորացան, դարանակալեցին քեզ. իմաստություն չկար նրա մեջ»։

8«Այն օրը,- ասում է Տերը,- կվերացնեմ իմաստությունը Եդովմի երկրից և հանճարը՝ Եսավի լեռից։

9Եվ կսարսեն քո պատերազմողները, որ Թեմանայում են, քանի որ կվերանա մարդը Եսավի լեռից

10եղբոր՝ Հակոբի սպանության և նրա դեմ ամբարշտության պատճառով։ Ամոթը կծածկի քեզ, և կջնջվես հավիտյան»։

Եդովմի մեղքը

11«Այն օրվանից, երբ հակառակվեցիր, այն օրը, երբ այլազգիները գերեվարեցին նրա զորքերը, և օտարները մտան նրա դռներով, և Երուսաղեմի վրա վիճակ էին գցում. դուք էլ նրանցից մեկի նման էիք։

12Պետք չէ տեսնեիր քո եղբոր անկումն օտարների օրը, պետք չէ ոտնահարեիր Հուդայի որդիներին նրանց կորստյան օրերին և պետք չէ մեծաբանեիր նեղության օրը։

13Պետք չէ մտնեիր ժողովուրդների [𝕸 իմ ժողովրդի] դռներով նրանց ցավերի օրը, պետք չէ տեսնեիր նրանց ժողովարանները նրանց կործանման օրը և պետք չէ հարվածեիր նրանց զորքին նրանց կորստյան օրը։

14Պետք չէ գրավեիր նրանց կիրճերը՝ նրանցից ազատվածներին սպանելու համար, և պետք չէ պաշարեիր նրանց փախստականներին նրանց նեղության օրը»։

Իսրայելի վրեժխնդրությունը

15«Քանի որ մոտ է Տիրոջ օրը բոլոր ազգերի համար. ինչպես որ դու արեցիր, լինելու է քեզ համար, և քո հատուցումը գալու է քո գլխին.

16քանզի ինչպես որ խմեցիր իմ սուրբ լեռան վրա, կխմեն բոլոր ազգերը, կխմեն, կընկնեն ու կլինեն չեղածների նման»։

Իսրայելի հաղթանակը

17«Բայց լեռան վրա կլինի փրկությունը, և սրբարանը կլինի, և Հակոբի տունը կժառանգեն նրա ժառանգորդները։

18Հակոբի տունը կրակ կդառնա, Հովսեփի տունը՝ բոց, և Եսավի տունը՝ եղեգ. կվառվեն նրա շուրջը և կուտեն այն, և Եսավի տան համար կրակաբեր չի մնա, քանի որ Տերը խոսեց։

19Նագեբացիները կժառանգեն Եսավի լեռը, սեփելացիները՝ այլազգիներին, և կժառանգեն Եփրեմի լեռը, Սամարիայի դաշտը, Բենիամինին և գաղաադացուն։

20Եվ սա կլինի Իսրայելի որդիների գերության տիրույթը, քանանացիների երկիրը մինչև Սարփաթ, և Երուսաղեմի գերությունը մինչև Եփրաթա, և կժառանգեն Նագեբի քաղաքները։

21Եվ կելնեն փրկվածները Սիոն լեռից՝ վրեժ լուծելու Եսավի լեռից. և Տիրոջն է լինելու արքայությունը»։

Նոր Էջմիածին · HYEJB2017