Սողոմոնի Առակների գիրք

11

1Կեղծ կշեռքը պիղծ է Տիրոջ առջև, իսկ արդար կշեռքն ընդունելի է նրան։

2Ուր թշնամանք է մտնում, այնտեղ է նաև անարգանքը։ Խոնարհների բերանը իմաստություն է խորհում։

3Ուղիղների կատարելությունը առաջնորդելու է իրենց, իսկ արհամարհողների գայթակղությունը կործանելու է իրենց։

4Ունեցվածքը չի օգնի դատաստանի օրը, այլ արդարությունը կփրկի մահից։ Արդարը մեռնելով մեծ ափսոսանք է թողնում, ամբարիշտների կորուստը բիրտ ու անարգ կլինի։

5Մաքուր մարդու արդարությունն ուղղում է ճանապարհները, իսկ անիրավը մատնվում է ամբարշտության։

6Ուղղամիտների արդարությունը փրկում է իրենց, իսկ անօրենները պիտի կորչեն անմտությամբ։

7Արդար մարդու վախճանումով նրա հույսը չի կորչում, բայց ամբարիշտների պարծանքը պիտի կորչի։

8Արդարը որսացողներից պիտի ազատվի, նրա փոխարեն ամբարիշտը պիտի բռնվի։

9Անօրենների բերանը որոգայթ է ընկերներին, իսկ արդարների իմաստությունը հաջողություն է։

10Արդարների բարությամբ կառուցվում է քաղաքը, իսկ ամբարիշտների կորստյամբ ուրախություն է լինում։

11Ուղղամիտների օրհնությամբ բարձրանում է քաղաքը, բայց կկործանվի ամբարիշտների բերանով։

12Պակասամիտն արհամարհում է ընկերներին, իմաստուն մարդը լռություն է սիրում։

13Երկերեսանի մարդը գաղտնիքը հայտնում է ատյանում, իսկ վստահելի մարդը ծածկում է իրողությունը։

14Առաջնորդ չունեցողները կթափվեն տերևների նման, բազում խորհուրդներով կգտնվի։

15Անզգամը չարիք է գործում, երբ խառնվում է արդարներին և ատում է զգուշության ձայնը։

16Շնորհալի կինը բարձրացնում է ամուսնու փառքը, իսկ իրավունքն ատող կինը անարգանքի աթոռ է։ Ծույլերը կարոտ պիտի մնան հարստությանը, իսկ ժրաջանները կհաստատվեն հարստության մեջ։

17Ողորմած մարդը բարիք է գործում իր հոգուն, իսկ անողորմը կործանում է իր մարմինը։

18Ամբարիշտն անիրավ գործեր է անում, իսկ արդարների զավակը ճշմարտության վարձն է։

19Արդար որդին կյանքի համար է ծնվում, իսկ ամբարիշտը հալածում է մահը։

20Աստծու համար պիղծ են թյուր ճանապարհները, և նրան ընդունելի են ուղիղ ճանապարհով ընթացողները։

21Անիրավ մարդուն երաշխիք կանգնողը անպատիժ չի մնա։ Իսկ ով է սերմանում, արժանի վարձ կստանա։

22Ինչպես ոսկե գինդը խոզի քթին, այնպես է գեղեցկությունը չարաբարո կնոջ համար։

23Արդարների ցանկությունն ամբողջովին է, իսկ ամբարիշտի հույսը պիտի կորչի։

24Կան, որ բաշխում են իրենց ունեցածը և ստանում են բազմապատիկ, և կան, որ անհագ հավաքում են, բայց մնում են կարոտյալ։

25Ամեն անկեղծ անձ օրհնված է, իսկ բարկացող մարդը տգեղ է կերպարանքով։

26Ով ցորենը խնայի, պիտի թողնի օտարներին. ով կուտակի, հրապարակավ պիտի անիծվի, իսկ ով բաշխի առատորեն, կօրհնվի։

27Ով բարիք է անում, բարության կգտնի, իսկ ով չարիք է անում, չարիքը կհասնի նրան։

28Ով հույսը դնում է հարստության վրա, պիտի կործանվի, իսկ ով օգնում է արդարներին, պիտի պայծառանա։

29Ով չի հոգում իր տան մասին, հողմի բաժին է դառնալու, և անմիտը ծառայելու է իմաստունին։

30Արդարության պտղից է բուսնում կյանքի ծառը, անօրեն անձինք տարաժամ պիտի վերանան։

31Եթե արդարը հազիվ է փրկվում, ի՞նչ կլինի ապա մեղավորի և ամբարիշտի վերջը։

Նոր Էջմիածին · HYEJB2017