Սողոմոնի Առակների գիրք

18

1Ով ցանկանում է բարեկամներից հրաժարվել, պատճառներ է փնտրում. նմանը ամեն նախատինք պիտի կրի։

2Պակասամիտին իմաստությունը ոչ մի բանի պետք չէ, քանզի նա առավել անզգամությամբ կվարվի։

3Երբ ամբարիշտը հասնում է չարիքների խորքերը, արհամարհում է, բայց իր վրա անարգանք և նախատինք են հասնում։

4Մարդու սրտում խորհուրդը խոր է, բխող գետ է և կյանքի աղբյուր։

5Դատաստանի ժամանակ ամբարիշտը չպետք է արդարացվի, ոչ էլ արդարի իրավունքը մերժվի։

6Անզգամի շուրթերը չարիքներ են հասցնում նրան, և նրա հանդուգն բերանը հրավիրում է մահն իր վրա։

7Անզգամի բերանը կործանում է իր համար, և նրա շուրթերը որոգայթ են իր հոգուն։

8Երկյուղը կործանում է ծույլին, կանացի տղամարդիկ քաղցի պիտի մատնվեն։

9Ով իրեն չի բժշկում գործով, իր անձը փչացնողի եղբայրն է։

10Տիրոջ անունը հայտնի է զորության մեծությունից, նրան փութացող արդարները բարձրանում են։

11Հարուստի ստացվածքն ամուր է, և նրա փառքն ամուր հովանի ունի։

12Կործանումից առաջ մարդու սիրտը հպարտանում է և փառքից առաջ՝ խոնարհվում։

13Ով պատասխանում է առանց խոսքը լսելու, անզգամություն և նախատինք է անում։

14Իմաստուն ծառան հանդարտեցնում է մարդու ցասումը, իսկ ո՞վ կարող է հանդուրժել մարդու նեղսրտությունը։

15Իմաստունի սիրտը ձեռք է բերում իմաստություն, իմաստունների ականջները խորհուրդներ են փնտրում։

16Շնորհներն ընդարձակում են մարդու կարողությունը և նրան բազմեցնում իշխանների հետ։

17Իր խոսքի սկզբում արդարը ինքն իրեն մեղադրում է, երբ հանդիմանվում է ոսոխի կողմից։

18Լռությունը մեղմացնում է հակառակությունը և զորեղների միջև վճռում է հարցը։

19Եղբորից օգնություն ստացած եղբայրն ամուր քաղաքի պես է. հզոր ու բարձր է հաստատուն թագավորության պես։

20Մարդ իր բերանի պտղով պիտի հագեցնի իր որովայնը և իր շուրթերի պտղով պիտի հագենա։

21Մահն ու կյանքը լեզվի զորության վրա են. ով նվաճի այն, պիտի ճաշակի նրա պտուղը։

22Ով է գտել, է գտել և ուրախություն ստացել Աստծուց։ Ով վանում է բարի կնոջը, վանում է բարիքը, իսկ ով շնացող կին պահի, անմիտ է և ամբարիշտ։

23Աղքատն աղաչում է թախանձագին, իսկ հարուստը՝ պատասխանում անզուսպ։

24Մարդը լկտիությամբ բոզանոց է գնում։ Մոտիկ բարեկամը լավ է հեռավոր եղբորից։

Նոր Էջմիածին · HYEJB2017