Սողոմոնի Առակների գիրք

2

Ճառ Բ

1Որդյա՛կ, եթե ընդունես իմ պատգամներն ու պատվիրանները և պահես քո մեջ, 2քո ականջը կլսի իմաստությունը, սիրտդ էլ իմաստության կխոնարհեցնես, և դու այն իբրև խրատ կավանդես որդուդ։ 3Իսկ եթե իմաստությունը վերակոչես և հանճարին դառնաս ձայնակից, 4և եթե փնտրես այն իբրև ընտիր արծաթ և իբրև գանձ փնտրես այն, 5այդժամ կհասկանաս երկյուղը Տիրոջից և կգտնես Աստծու գիտությունը. 6քանզի Տերն է տալիս իմաստությունը, և նրա երեսից են ճառագում գիտությունն ու հանճարը, 7նա է ուղղամիտների փրկությունը, վերակացու է լինում նրանց ընթացքին, 8նա է պահպանում արդարների ճանապարհը և ամրացնում իր երկյուղածների ճանապարհները։ 9Այն ժամանակ կհասկանաս արդարությունն ու իրավունքը և բոլոր շավիղները կուղղես դեպի բարություն, 10և երբ իմաստությունը գա մտքիդ մեջ, և գիտությունը քո անձին համարես, 11բարի խոհերը կզգուշացնեն քեզ և մաքուր մտքերը քեզ կպահպանեն, 12որպեսզի փրկվես չար ճանապարհից և անհավատարիմ մարդուց։ 13Վա՜յ նրանց, որ թողած ճանապարհը ուղիղ՝ խավարի ճանապարհով կգնան, 14որ կուրախանան չար գործերով և կխնդան՝ չարի կողմը խոտորվելով։ 15Շեղ են լինելու նրանց ճանապարհները, իսկ շավիղները՝ զիգզագ, 16փորձելու են քեզ հեռացնել ուղիղ ճանապարհից և օտարացնել արդար կարծիքից։

17Որդյա՛կ իմ, թող քեզ չբռնի չար մտածումը, որ մանկության ժամանակ թողել է ուսումը և Աստծու ուխտը մոռացել։ 18Նա իր տունը դրեց մահվան մոտ, իր շավիղները՝ դժոխքի մոտ, երկրածինների հետ։ 19Նրա հետ գնացողներից ոչ ոք հետ չի դառնալու, չի էլ զղջալու, և չի հասնելու ուղիղ ճանապարհի ու չի ապրելու կյանքի տարիներն իր։ 20Իսկ եթե գնացած լինեին բարի ճամփաներով, հեշտությամբ կգտնեին արդարության շավիղները։ 21Հեզաբարո մարդիկ կբնակվեն երկրում, անմեղները կմնան այնտեղ։ Այո՛, ուղիղնե՛րը կբնակվեն երկրում, և անարատները կմնան այնտեղ։ 22Ամբարիշտների ճանապարհները կջնջվեն երկրից, և անօրենները կմերժվեն նրանից։

Նոր Էջմիածին · HYEJB2017