Սողոմոնի Առակների գիրք

31

1Իմ խոսքերն Աստծու կողմից են ասված՝ նման թագավորի խրատի, որ նրան ուսուցանել է իր մայրը։ 2Օ՜, որդյա՛կ, Աստծու խոսքերն են, առաջնեկդ, քեզ եմ ասում, որդյա՛կ. Օ՜, որդյա՛կ, որովայնիս . Օ՜, որդյա՛կ, իմ ուխտերի զավակ։ 3Մի՛ տուր կանանց հարստությունդ, ոչ էլ քո կյանքդ ու միտքդ՝ հետին խորհուրդների. 4խոհեմությա՛մբ գործիր ամեն բան, խոհեմությա՛մբ խմիր։ Մեծամեծերը բարկասիրտ են, թող գինի չխմեն, 5որ չհարբեն և չմոռանան իմաստությունը և չկարողանան ուղիղ դատել թույլին։ 6Տրտմածներին խմի՛չք տվեք, և գինի՛ տվեք տառապյալներին, 7Որ խմեն և մոռանան իրենց թշվառությունը և չհիշեն իրենց ցավերը։ 8Աստծու խոսքո՛վ բաց քո բերանը և ողջամտությա՛մբ դատիր բոլորին, 9ընտրի՛ր և զատի՛ր աղքատին ու թույլին։

10Եթե առաքինի գտնվի, բոլոր պատվական քարերից թանկագին կլինի։ 11Ամուսնու սիրտը վստահ է նրա վրա, և նա երբեք ավարի կարոտ չի լինի։ 12Ողջ կյանքում գործակից է դառնում իր ամուսնուն բարիքի և ոչ թե չարիքի մեջ։

13Բուրդ և կտավ գտնելով՝ պիտանի հանդերձներ է պատրաստում իր ձեռքերով։ 14Եվ եղավ շահավետ նավի նման. հեռվից գանձեր է հավաքում։

15Արթնանում արշալույսին, կերակուր է տալիս տնեցիներին և գործ՝ նաժիշտներին։ 16Գեղեցիկ արտ տեսնելիս՝ գնում է այն և իր ձեռքի աշխատանքով մշակում է իր հողը։

17Մեջքին պինդ կապած՝ բազուկները գործի մեջ է դնում 18ու ճաշակում գործի քաղցրությունը, և ողջ գիշեր չի մարում նրա ճրագը։ 19Ձեռքը օգուտին մեկնած՝ անձանձրույթ մատներով իլիկ է պտտում։

20Ձեռքը բաց է աղքատներին, և բաժին է տալիս խեղճերին։ 21Եթե ամուսինը ուշանա էլ, չի մտահոգվում տան համար, քանզի բոլորին, ովքեր նրա հետ են, կրկնակի է հագցրել։

22Ամուսնու համար բեհեզ և ծիրանի է գործել իսկ իր համար՝ ծածկոցներ։ 23Երևելի է նրա ամուսինը դրսում, երբ նստում է ժողովրդի մեջ՝ երկրի բնակիչների ու ծերերի խորհրդի մեջ։

24Կինը կտավ է պատրաստում և վաճառում և ծածկոցներ՝ քանանացիներին։ 25Չափով և իմաստությամբ է բացում բերանը և սահման դնում իր լեզվին։

26Ուժ և վայելչություն հագած՝ ուրախ պիտի լինի իր վերջին օրերին։ 27Նրա տան ճանապարհները պարկեշտ են, և նա պարապության չի կերել։

28Նրա ողորմածությունները իր որդիներին ոտքի են կանգնեցնում և մեծարում։ Նրա ամուսինը գովում է նրան՝ ասելով. 29«Բազում դուստրեր հարստություն ստացան, շատերը սխրանք գործեցին, բայց դու գերազանց եղար և բոլորից անցար։

30Կեղծ հաճություն և սին գեղեցկություն չկա քո մեջ»։ Քանզի իմաստուն և բարեպաշտ կինը պիտի օրհնվի։ Նա պատիվ է տալիս Աստծուց երկյուղածներին, 31դուք էլ պատի՛վ տվեք նրան նրա շուրթերի պտղից, և թող նրա ամուսինը գովվի դրսում. քանզի մարդու ճանապարհներն իր հայացքի առջև են ընթանում, և նա հաջողություն պիտի գտնի հավիտյանս հավիտենից։

Նոր Էջմիածին · HYEJB2017