Սողոմոնի Առակների գիրք
4
Ճառ Ե
1Մանուկնե՛ր, լսե՛ք ձեր հոր խրատը և անսացե՛ք ճանաչելու իմաստություն, 2քանզի ձեզ բարի պարգևներ պիտի պարգևեմ։ Մի՛ թողեք իմ օրենքները, 3որովհետև ես ևս հնազանդ որդի եմ եղել հորս համար և սիրելի՝ մորս աչքին, 4որոնք ուսուցանում էին ինձ և ասում. «Մեր խոսքը թող հաստատվի քո սրտում, պահի՛ր մեր պատվիրանները և ապրի՛ր, 5իմաստությո՛ւն ստացիր, հանճա՛ր ստացիր և մի՛ մոռացիր, և մի՛ արհամարհիր իմ բերանի պատգամները, և մի՛ խոտորիր իմ շուրթերի խոսքերից։ 6Մի՛ թող այդ, և նա կպատսպարի քեզ, սիրի՛ր այն, և նա կպահի քեզ»։ 7Առաջինը իմաստությունն է։ Ձե՛ռք բեր այն, և ամեն ինչից առաջ ձե՛ռք բեր զգոնություն։ 8Պարփակվի՛ր նրանով, և նա կբարձրացնի քեզ, մեծարի՛ր այն, և նա քեզ իր գիրկը կառնի, 9շնորհի պսակը կդնի գլխիդ և վայելուչ պսակով վերակացու կլինի քեզ։
Ճառ Զ
10Լսի՛ր, որդյա՛կ, և ընդունի՛ր իմ խոսքերը, և քո կյանքի տարիները կբազմանան, և կավելանան քո կյանքի ճանապարհները։ 11Իմաստության ճանապարհներն եմ քեզ ուսուցանում և խելամուտ դարձնում ուղիղ շավիղներին, 12որպեսզի եթե գնաս, ընթացքդ չխափանվի, եթե վազես, ապա չհոգնես։ 13Ամո՛ւր պահիր իմ խրատը և բաց մի՛ թող, այլ պահի՛ր այն ինքդ քեզ համար կյանքիդ ընթացքին, 14ամբարիշտների ճանապարհով մի՛ գնա, և մի՛ նախանձիր անօրենների ճանապարհներին, 15և մի՛ անցիր այն տեղով, որտեղ նրանք են բնակվում։ 16Հեռացի՛ր նրանցից և խորշի՛ր այնտեղից, քանզի չեն ննջում, եթե չարիք չեն գործում։ Նրանց քունը փախել է, և չեն ննջում, 17ովքեր ամբարշտության կերակուր են ուտում և հարբում անօրենության գինով։ 18Արդարների ճանապարհները ծագող լույսի են նման, որ առաջնորդում են և լուսավորում, մինչև օրը լուսավոր դառնա։ 19Խավար են ճանապարհներն ամբարիշտների, և չգիտեն՝ ինչպե՜ս են գայթակղվում։
Ճառ Է
20Որդյա՛կ, անսա՛ իմ իմաստությանը և ակա՛նջ դիր իմ խոսքերին, 21և քո աղբյուրները չեն ցամաքի։ Քո սրտի մե՛ջ պահիր դրանք, 22քանզի կյանք են գտնողների, և բժշկություն՝ ամբողջ մարմնի համար։ 23Ողջ խնամքով պահի՛ր քո սիրտը, որովհետև դրանից է բխում կյանքի աղբյուրը։ 24Հեռո՛ւ վանիր քեզանից կամակոր բերանը և անիրավ շրթունքները մերժի՛ր քեզանից։ 25Թող քո աչքերն ուղիղ նայեն, և քո թարթիչները արդարությամբ թարթեն։ 26Ոտքիդ շավիղներն ուղի՛ղ դարձրու, և ուղղի՛ր ճանապարհները քո։ 27Մի՛ խոտորիր ո՛չ աջ, ո՛չ ձախ, չար ճանապարհից ոտքդ հեռացրո՛ւ։ Դեպի աջ տանող ճանապարհները ճանաչում է Աստված, և թյուր են դեպի ձախ տանող ճանապարհները։ Աստված ուղիղ կանի քո շավիղները և քո ճանապարհը խաղաղությամբ կառաջնորդի։
Նոր Էջմիածին · HYEJB2017