Սողոմոնի Առակների գիրք

9

Օրհներգ Ե

1Իմաստությունը իր տունը շինեց և յոթ սյուներ կանգնեցրեց,

2մորթեց իր անասունները, հանեց իր գինին և պատրաստեց իր սեղանը։

3Առաքեց իր ծառաներին՝ կանչելու բարձր ձայնով իր հացկերույթին, և ասաց.

4«Ով անզգամ է, թող գա ինձ մոտ»։ Իսկ պակասամիտներին ասաց.

5«Եկեք կերե՛ք իմ հացից և խմե՛ք իմ գինուց, որ հանեցի ձեզ համար։

6Թողե՛ք անզգամությունը, և դուք կապրեք, իմաստությո՛ւն փնտրեք, և դուք կփրկվեք, գիտությա՛մբ ուղղեք հանճարը և ճի՛շտ ըմբռնեք խրատը»։

7Ով խրատում է չարերին, անարգում է իր անձը, ով հանդիմանում է ամբարիշտներին, ատում է իր անձը։

8Մի՛ հանդիմանիր չարերին, որ քեզ չատեն, հանդիմանի՛ր իմաստունին, և կսիրի քեզ, հիմարին, և նա ավելի կատի քեզ։

9Իմաստունին ասա՛ պատճառը, և նա ավելի իմաստուն կդառնա, տեղեկացրո՛ւ արդարին, և նա կավելացնի ընկալումը։

10Իմաստության սկիզբը երկյուղն է Տիրոջից, սրբերի խորհուրդը՝ հանճար, օրենքի իմացությունը մտքի հարստություն է։

11Այս օրինակով դու երկար կապրես, և կավելանան քո կյանքի տարիները։

12Որդյա՛կ, եթե իմաստուն լինես, պիտի լինես քեզ համար և քո ընկերների. եթե անզգամ լինես, միայն չարիք պիտի գտնես։ Ով ստի վրա է հաստատվում, նա հողմեր է արածեցնում կամ թևավոր թռչուններ է փորձում բռնել. քանզի թողած իր այգու ճանապարհները՝ մոլորվում է իր արտի շավիղներում, գնում է անջրդի դաշտ ու և ծարավուտ հողից իր ձեռքով ոչ մի չի հավաքում։

13Անզգամ և հանդուգն կինը հացի կարոտ պիտի մնա, ու նաև նա, ով ամոթ չի զգում։

14Աթոռով նստում է իր տան դռանը, քաղաքի հրապարակներում

15և կպչում իրենց ուղիղ ճանապարհներով գնացող անցորդներին.

16«Ով ձեր մեջ առավել հիմար է, ինձ մոտ թող գա», իսկ պակասամիտներիդ հրամայում եմ և ասում.

17«Թաքուն կերած հացը համով է, գողացված ջուրը քաղցր է խմվում»։

18Եվ չգիտի, որ երկրածինները պիտի կորչեն իր մոտ, և դժոխքի խորքերը պիտի հասնեն։ Իսկ դու թռի՛ր հեռու և մի՛ մնա նրա մոտ, և աչքդ մի՛ դիր նրա վրա, որ այդպես անցնես օտար ջրից, և անցնես օտար գետից, հեռու մնաս օտար ջրից և չխմես օտար աղբյուրից. որպեսզի երկար ապրես, և ավելանան կյանքիդ տարիները։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն