Սաղմոսներ

129

Ապաշխարության աղոթք

Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար

1Խոր անդունդներից աղոթեցի քեզ, Տե՛ր,

2Տե՛ր, լսի՛ր իմ ձայնը, Թող ականջներդ լսեն աղոթքիս ձայնը։

3Եթե անօրենություններս քննես, Տե՜ր, Տե՜ր, ո՞վ կարող է կանգնել քո առջև,

4Քանզի քեզանից է քավությունը։

5Հանուն քո անվան համբերեցի, Տե՛ր, Հոգիս քո խոսքին սպասեց,

6Հոգիս Տիրոջը հուսաց։ Առավոտյան պահից մինչև երեկո, Առավոտյան պահից Իսրայելը Տիրոջը հուսաց։

7Տիրոջից է առատ ողորմությունը, Նրանից է ողջ փրկությունը,

8Եվ նա պիտի փրկի Իսրայելին իր բոլոր նեղություններից։

Նոր Էջմիածին · HYEJB2017