Սաղմոսներ
33
2Ամեն ժամ պիտի Տիրոջն օրհնաբանեմ, Ամեն ժամ նրա օրհնությունը բերանիս մեջ թող լինի։
3Անձս Տիրոջով պիտի պարծենա. Թող լսեն հեզերը և ուրախանան։
4Մեծարե՛ք Տիրոջն ինձ հետ, Միասին պանծացնենք նրա անունը։
5Խնդրեցի Տիրոջը, և լսեց ինձ. Իմ բոլոր նեղություններից փրկեց ինձ։
6Մոտեցե՛ք Տիրոջը և առե՛ք լույսը, Եվ ձեր երեսը թող չամաչի։
7Այս աղքատը Տիրոջն աղոթեց, և Տերը լսեց նրան, Նրա բոլոր նեղություններից փրկեց նրան։
8Տիրոջ հրեշտակների բանակն Իրենից երկյուղածների շուրջն է Եվ պահում է նրանց։
9Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ քաղցր է Տերը։ Երանելի է այն մարդը, որ նրան է հուսացել։
10Երկյուղե՛ք Տիրոջից, նրա բոլո՛ր սրբեր, Քանզի ոչինչ չի պակասի նրանից երկյուղածներից։
11Մեծամեծերն աղքատացան և քաղցեցին, Բայց ովքեր Տիրոջն են փնտրում, Նրանցից չի պակասի ոչ մի բարիք։
12Եկե՛ք, իմ որդինե՛ր, և լսե՛ք ինձ. Տիրոջ երկյուղը ձեզ կուսուցանեմ։
13Այն մարդը, որ ցանկանում է կյանքը, Սիրում է տեսնել իր օրերը բարության մեջ.
14Լռեցրո՛ւ լեզուդ չարությունից, Շրթունքներդ թող նենգություն չխոսեն։
15Չարից զգուշացի՛ր և բարի՛ք գործիր, Խնդրի՛ր խաղաղություն և հետևի՛ր նրան։
16Տիրոջ աչքն արդարների վրա է, Նրա ականջները՝ նրանց աղոթքներին։
17Տերը հատուցում է չարագործներին՝ Նրանց հիշատակը երկրի երեսից ջնջելու։
18Տիրոջն աղոթեցին արդարները, և Տերը լսեց նրանց. Իրենց բոլոր նեղություններից փրկեց նրանց։
19Տերը մոտ է նրանց, ովքեր սրտամաշ են, Եվ հոգով խոնարհներին փրկում է։
20Բազում են արդարների նեղությունները, Բայց ամեն ինչից Տերը փրկում է նրանց
21Եվ պահպանում է նրանց բոլոր ոսկորները, Որպեսզի ոչ մեկը չփշրվի։
22Մեղավորին չարությունը կսպանի, Արդարին ատողը կպատժվի։
23Տերը փրկում է իր ծառաների հոգիները, Եվ բոլոր նրան հուսացողները չեն զղջա։
Նոր Էջմիածին · HYEJB2017