Հայտնութիւն

20

Հազարամյա թագավորությունը

1Եվ տեսա մի ուրիշ հրեշտակ, որ իջնում էր երկնքից և իր ձեռքին ուներ դժոխքի բանալին ու մեծ շղթաներ։ 2Եվ բռնեց վիշապին՝ հին օձին, որ Բանսարկուն և Սատանան է. և հազար տարով շղթայեց նրան։ 3Նրան գցեց դժոխքի անդունդների մեջ, փակեց ու կնքեց, որպեսզի այլևս երբեք չմոլորեցնի ազգերին, մինչև լրանա հազար տարին։ Եվ այնուհետև նա պետք է արձակվի մի փոքր ժամանակով։

4Տեսա նաև գահեր, որոնց վրա նստեցին նրանք, ում տրվեց դատելու։ Տեսա նաև այն հոգիներին, որոնք Հիսուսին և Աստծու խոսքին իրենց տված վկայության համար չարչարվել էին, և որոնք չերկրպագեցին գազանին ու նրա պատկերին և չստացան նրա դրոշմն իրենց ճակատների, ոչ էլ իրենց աջ ձեռքի վրա. նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ թագավորեցին հազար տարի։ 5Իսկ մնացած մեռյալներից ոչ ոք չկենդանացավ, մինչև կլրանար հազար տարին։ Այս է մեռելների առաջին հարությունը։ 6Երանելի՜ ու սուրբ են նրանք, ովքեր բաժին ունեն առաջին հարության մեջ։ Սրանց վրա երկրորդ մահն իշխանություն չունի. նրանք Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի քահանաներ պիտի լինեն ու նրա հետ պիտի թագավորեն հազար տարի։

Սատանայի պարտությունը

7Եվ երբ լրանա հազար տարին, հրեշտակը պիտի արձակի սատանային և հանի բանտից։ Սա պիտի ելնի ու մոլորեցնի երկրի չորս կողմերում գտնվող ազգերին, որոնք հայտնի են Գովգ և Մագովգ անունով՝ պատերազմի նպատակով հավաքելու համար ծովի ավազի չափ զորք։ 8Նրանք պիտի դուրս գան երկրի ամբողջ լայնությամբ և պիտի շրջապատեն սրբերի բանակներն ու սիրելի քաղաքը։ 9Եվ երկնքից, Աստծու կողմից կրակ պիտի իջնի ու լափի նրանց, իսկ բանսարկու սատանան, որը մոլորեցրեց նրանց, պիտի գցվի հրի և ծծմբի ծովի մեջ, 10որտեղ գազանը և սուտ մարգարեն էին, և պիտի չարչարվեն զօր ու գիշեր։

11Տեսա նաև մի մեծ, սպիտակ գահ և նրան, ով նստել էր դրա վրա. նրա երեսից երկինք ու երկյուղ կրեցին ու փախան և թաքնվելու տեղ անգամ չգտան։ 12Եվ տեսա մեծ ու փոքր մեռելների, որոնք կանգնել էին գահի առաջ։ Բացվեցին գրքեր, բացվեց նաև մեկ այլ ՝ Կյանքի գիրքը։ Մեռելները դատվեցին ըստ գրվածքների՝ իրենց գործերի համաձայն։ 13Ծովը բաց թողեց իր մեռելներին, մահն ու դժոխքն էլ՝ իրենց մեռելներին, և յուրաքանչյուրը դատվեց ըստ իր գործերի։ 14Մահը և դժոխքը նետվեցին հրե լճի մեջ։ Սա է երկրորդ մահը՝ հրե լիճը։ 15Եվ ում անունը Կյանքի գրքում գրված չգտնվեց, նա գցվեց հրե լճի մեջ։

Նոր Էջմիածին · HYEJB2017