Սիրաք
1
Իմաստության խորհուրդը
1Ամեն իմաստություն Տիրոջից է, և այն կա և կմնա նրա հետ հավիտյան։
2Ո՞վ կարող է երբևէ հաշվել ծովի ավազը, անձրևների շիթերը և անցած օրերը։
3Ո՞վ կարող է քննել երկնքի բարձրությունը, երկրի լայնությունը և իմաստության խորքերը։
4Իմաստությունն ստեղծվեց ամեն ինչից առաջ, զգոնությունը և հանճարը հավիտենից կային։
5Իմաստության արմատները նրա մեջ հայտնվեցին։
8Իմաստությունը մեկ է և խիստ ահեղ, որ նստում է իր գովության աթոռին։
9Ինքը՝ Տերը, հաստատեց այն, տեսավ և չափեց այն ու հեղեց իր գործերի վրա,
10ամեն մարմնի վրա՝ ըստ իր պարգևի, և այն բաշխեց իր սիրելիներին։
11Տիրոջ հանդեպ երկյուղը փառք է ու պարծանք, ուրախություն է և ցնծության պսակ։
12Տիրոջ հանդեպ երկյուղը զվարճացնում է սիրտը և ուրախություն, խնդություն ու երկար կյանք պարգևում։
13Ով երկյուղ է կրում Տիրոջից, նա բարիք կստանա հետո և իր վախճանի օրը կօրհնվի։
16Իմաստության սկիզբը երկյուղն է Տիրոջից, որ հավատացյալների համար հաստատվել է մայրական արգանդից, մարդկանց հետ բնավորվել է հավիտենական հիմքից և հավատարիմ կմնա նրանց սերնդի հետ։
20Իմաստության լրումը երկյուղն է Տիրոջից. այն մարդկանց կսնի իր պտուղներով,
21մարդու ամբողջ տունը կլցնի ցանկալի բաներով և շտեմարանները՝ նրա վաստակով։
Լինել համբերատար և զուսպ
22Իմաստության պսակը Տիրոջ հանդեպ երկյուղն է։
23Նա է ծլեցնում խաղաղություն և կատարյալ առողջություն, տեսնում և քննում է ամեն բան։
24Նա բխեցրեց իմաստունի խրատը և գիտությունը, բարձրացրեց նրանց փառքը, ովքեր ունեն այն։
25Իմաստության արմատը երկյուղն է Տիրոջից, և նրա ոստերը՝ երկար կյանքը։
28Անիրավ զայրույթը չի կարող արդարանալ, քանի որ նրա զայրույթի ընթացքը նրան տանում է դեպի կործանում.
29համբերատարը առժամանակ զսպում է իրեն, և հետո դարձյալ ուրախությունը տիրում է նրան։
30Նա առժամանակ կթաքցնի իր խոսքերը, և շատերի շուրթերը կպատմեն նրա իմաստության մասին։
31Իմաստության գանձերի մեջ խրատի առակներ կան։
32Մեղավորի համար աստվածապաշտությունը գարշելի է։
33Եթե իմաստության ես ձգտում, պահի՛ր Տիրոջ պատվիրանները, և Տերը քեզ կպարգևի այն։
34Արդարև, իմաստության զգոնությունը Տիրոջ երկյուղն է, և հավատն ու հեզությունը հաճելի են Տիրոջը։
35Մի՛ անտեսիր Տիրոջ հանդեպ երկյուղը և նրան մի՛ մոտեցիր երկբայությամբ։
37Կեղծավորություն մի՛ արա մարդկանց առջև և զգո՛ւյշ եղիր քո շրթունքներից։
38Մի՛ բարձրացրու քեզ, որպեսզի չընկնես, քեզ վրա անարգանք չբերես, և Տերը չնվաստացնի քեզ,
40քանզի նրան չմոտեցար Տիրոջ երկյուղով, և քո սիրտը լի է նենգությամբ։
Նոր Էջմիածին · HYEJB2017