Սիրաք

10

Երկրի իշխանությունը Տիրոջից է

1Իմաստուն դատավորը խրատում է իր ժողովրդին, խելամիտ մարդու իշխանությունը կարգավորված է լինում։

2Ինչպիսին ժողովրդի իշխանն է, այնպիսին նրա սպասավորներն են, ինչպիսին քաղաքի առաջնորդն է, այնպիսին՝ նրա բնակիչները։

3Տգետ թագավորը կորստյան է մատնում իր ժողովրդին. քաղաքը կառուցվում է հզորների իմաստությամբ։

4Երկրի իշխանությունը Տիրոջ ձեռքին է. նա է ժամանակին արժանի մարդուն բարձրացնում իշխանության։

5Տիրոջ ձեռքին է մարդու հաջողությունը. նա է իր փառքը դնում օրենսգետի վրա։

6Մերձավորիդ նկատմամբ ոխ մի՛ պահիր նրա բոլոր մեղանչումների պատճառով և թշնամական արարքներ մի՛ գործիր նրա դեմ։

7Ամբարտավանությունը ատելի է թե՛ Տիրոջը և թե՛ մարդկանց. դա երկուսի համար էլ անիրավություն է։

8Թագավորությունն անցնում է մի ազգից մյուսին անիրավության, թշնամանքի և ընչաքաղցության պատճառով։

9Ինչո՞ւ է հպարտանում մարդը, որ հող է ու մոխիր։

10Դեռևս կենդանի՝ թափվում է նրա փորոտիքը։

11Բժիշկը կարճացնում է երկարատև ցավերը։

12Թագավորն այսօր կա, իսկ վաղը վախճանվում է։

13Երբ մարդը մեռնում է, սողուններ, ճիճուներ և որդեր է ժառանգում։

14Մարդու ամբարտավանության սկիզբը նրա ապստամբելն է Տիրոջ դեմ, նրա սրտի ստահակությունն իր Արարչի դեմ։

15Մեղքի սկիզբը ամբարտավանությունն է. ով ունի այն, նրանից պղծություն պիտի ժայթքի։

16Դրա համար էլ Տերը նրան սարսափելի հարվածներ հասցրեց և իսպառ կործանեց նրան։

17Տերը ջախջախեց իշխանների աթոռները և նրանց փոխարեն հեզերին նստեցրեց։

18Տերն արմատախիլ արեց հեթանոսներին և նրանց փոխարեն խոնարհներին տնկեց։

19Տերը քարուքանդ արեց ժողովուրդների բնակավայրերը և դրանք կորստյան մատնեց մինչև հիմքերը։

20Կործանեց և կորստյան մատնեց դրանք, և դրանց հիշատակը վերացրեց երկրից։

Տերը մեծարում է արժանավորին

22Ամբարտավանությունը մարդկանց համար չի հաստատված, և ոչ էլ զայրալից բարկությունը՝ կանանցից ծնվածների համար։

23Ո՞վ է մարդու պատվական զավակը. նա, ով երկնչում է Տիրոջից։ Ո՞վ է մարդու անարգ զավակը. նա, ով զանց է առնում Տիրոջ պատվիրանները։

24Բազում եղբայրների մեջ ավագն է պատվականը, իսկ Տիրոջ աչքում՝ իրենից երկնչողները։

25Հարուստ լինի, անվանի թե , նրա պարծանքը Տիրոջ երկյուղն է։

26Արդարացի չէ իմաստուն աղքատին անպատվելը, և օրինավոր չէ անարդար մարդուն պատվելը։

27Հարուստը, դատավորը և իշխանը գովաբանվում են, սակայն նրանցից և ոչ մեկը մեծ չէ նրանից, ով երկնչում է Տիրոջից։

28Իմաստուն ծառային ազատներն են սպասավորում, և խելամիտ մարդը չի տրտնջում դրա համար։

29Քո գործը կատարելու համար մի՛ պերճաբանիր և մեծություն մի՛ ծախիր քո նեղության ժամանակ։

30Ավելի լավ է նա, ով փողոց է մաքրում, քան նա, ով սիգալով ճեմում է, բայց մնում է հացի կարոտ։

31Որդյա՛կ, հեզությա՛մբ փառավորիր քո հոգին և նրան պատի՛վ տուր ըստ իր արժանիքների։

32Ո՞վ կարդարացնի նրան, որ մեղանչում է իր հոգու մեջ, կամ ո՞վ կփառաբանի նրան, որ անարգում է իր կյանքը։

33Աղքատը մեծարվում է իր իմաստության համար, իսկ հարուստը փառաբանվում իր հարստության համար։

34Ով իմաստությամբ փառավորվում է հարստության մեջ, որքա՜ն ևս կփառավորի աղքատության մեջ, իսկ նա, ով չի մեծարվում աղքատության մեջ, առավել ևս չի մեծարվի հարստության մեջ։

Նոր Էջմիածին · HYEJB2017