Սիրաք

11

Չդատել ըստ տեսքի

1Խոնարհ մարդու իմաստությունը բարձր է պահում նրա գլուխը և մեծամեծների մեջ է բազմեցնում նրան։

2Մարդուն մի՛ գովիր իր գեղեցկության համար և մի՛ արհամարհիր իր խեղճ տեսքի համար։

3Մեղուն փոքր է թռչողների մեջ, սակայն նրա պտուղը քաղցրության սկիզբն է։

4Մի՛ պարծեցիր զգեստների պերճությամբ և փառքիդ օրը մի՛ հպարտացիր, քանզի սքանչելի են Տիրոջ գործերը, և դրանք ծածկված են մարդկանցից։

5Բազում բռնակալներ գետնին նստեցին, և նա, որից չէին սպասում, թագ ստացավ։

6Բազում հզորներ խիստ անարգվեցին, և անվանի մարդիկ մատնվեցին այլոց ձեռքը։

7Քանի դեռ չի քննվել, մի՛ մեղադրիր մարդուն, իմացի՛ր՝ հետո՛ պատժիր։

8Քանի դեռ չես լսել, մի՛ պատասխանիր և մի՛ միջամտիր խոսակցությանը։

9Մի՛ պայքարիր այն բաների համար, որ քեզ չեն վերաբերում, և մեղավորների ատյանում նրանց կողքին մի՛ նստիր։

10Որդյա՛կ, շատ գործեր մի՛ ձեռնարկիր, քանզի բազում գործերի մեջ չես կարող անպարտ մնալ, և եթե հետամուտ լինես դրանց, չես հասնի վերջին և չես խուսափի կործանումից։

Խրատ հարստության և աղքատության մասին

11Մարդ կա, որ տքնում, աշխատում ու աճապարում է, սակայն էլ ավելի կարիքի մեջ է մնում,

12մարդ էլ կա, որ ծույլ է, օգնության կարոտ, զորությունից զուրկ, աղքատության մեջ թաղված,

13սակայն Տիրոջ աչքը նրան նայում է բարությամբ, ոտքի է կանգնեցնում նրան իր աղքատությունից, բարձրացնում է նրա գլուխը, և շատերը զարմանում են դրա վրա։

14Բարիքը, չարիքը, կյանքը և մահը, աղքատությունն ու հարստությունը Տիրոջից են։

15Սերն ու իմաստությունը, գործերի ճանապարհը նրանից են։

16Մոլորությունն ու խավարը մեղքի պատճառով հաստատվեցին։ Չարությունը հնանում է չարությամբ ընթացողների հետ։

17Տիրոջ պարգևը բարեպաշտներին է մնում. հավիտյան է նրա բարեհաճությունը։

18Ով հարստանում է ժլատությամբ և կուտակելով, նրա վարձի բաժինը այս է լինում.

19երբ նա ասում է՝ «Հանգիստ գտա և այժմ պիտի վայելեմ իմ հարստությունը»,

20սակայն չգիտի, թե երբ գա օրհասը, նա այլոց կթողնի այն ու կմեռնի։

21Հավատարի՛մ մնա քո ուխտին, նվիրվի՛ր նույն ուխտին և ծերացի՛ր քո գործի մեջ։

22Մի՛ զարմացիր մեղավոր մարդու գործերի վրա, հավատա՛ Տիրոջը ու տոկա՛ քո տքնության մեջ։

23Քանզի Տիրոջ համար դյուրին է աղքատին անակնկալ հարստացնելը։

24Տիրոջ օրհնությունը բարեպաշտների վարձն է, և շատ շուտով Նրա օրհնությունը խնդություն է տալու նրանց։

25Մի՛ ասա՝ «Էլ ինչի՞ կարիք ունեմ» և «Սրանից հետո էլ ի՞նչ բարիք պիտի լինի ինձ»։

26Մի՛ ասա՝ «Սա բավական է ինձ. սրանից հետո էլ ի՞նչ չարիք կարող է լինել»։

Մահվան խորհուրդը

27Երջանկության օրը մոռացվում են չարիքները, չարիքի օրը չեն հիշվում բարիքները,

28քանզի Տիրոջ համար դյուրին է վախճանի օրը մարդուն հատուցել ըստ իր անցած ճանապարհների։

29Մեկ ժամվա տանջանքը մոռանալ է տալիս հաճույքները, և մարդու վախճանի ժամին հայտնի են դառնում նրա գործերը։

30Մարդու վախճանից առաջ երանի մի՛ տուր նրան. մարդ ճանաչվում է իր որդիներով։

31Ամեն մարդու մի՛ ընդունիր քո տունը, քանզի բազմաթիվ են նենգավոր մարդու որոգայթները։

32Ինչպես որսորդն է դարան մտնում կաքավ որսալու համար, այնպես էլ ամբարտավանը, որի ուշքն ու միտքը քեզ գլորելն է։

33Նա բարիքը վերածում է չարիքի և արատավորում այն, ինչը ցանկալի է։

34Կայծերի շատությունից բորբոքվում է կրակը, այդպես էլ մեղավոր մարդը մահ է նյութում։

35Զգուշացի՛ր խորամանկ մարդուց, քանզի նա չարիք է նյութում. գուցե նա քեզ հավիտենական պարսավանքի տակ դնի։

36Քո տանը բնակեցրո՛ւ օտարին, և նա խռովություն կգցի քո տան մեջ ու քեզ կօտարացնի քո յուրայիններից։

Նոր Էջմիածին · HYEJB2017