Սիրաք
12
Ճշմարիտ և կեղծ բարեկամներ
1Որդյա՛կ, եթե բարիք ես անում, իմացի՛ր՝ ում ես անում, և շնորհ կստանաս քո բարիքի դիմաց։
2Բարի՛ք արա բարեպաշտին և փոխարենը հատուցում կստանաս եթե ոչ նրանից, ապա Բարձրյալից։
3Բարիք չկա նրա համար, ով մշտապես չարիք է գործում և ողորմածություն չի ցուցաբերում։
4Օգնի՛ր բարեպաշտին և ձեռք մի՛ երկարիր մեղավորին։
5Բարի՛ք արա խոնարհին և մի՛ օգնիր ամբարիշտին,
6պահի՛ր քո հացը և մի՛ տուր նրան, որպեսզի դրանով նա չհաղթի քեզ,
7Այլապես կրկնակի չարիք կստանաս նրան արած քո բոլոր բարությունների դիմաց, որովհետև Բարձրյալն ատում է մեղավորներին և վրեժ առնում ամբարիշտներից։ Օգնի՛ր բարի մարդուն և զորավիգ մի՛ եղիր մեղավորին։
8Բարեկամը չի ճանաչվում երջանկության մեջ, և ոչ էլ թշնամիդ վշտակից կլինի քեզ։
9Մարդու երջանկության ժամանակ տրտմության մեջ են լինում նրա թշնամիները, իսկ վշտի ժամանակ նրա բարեկամը լքում է նրան։
10Հավիտյան մի՛ հավատա քո թշնամուն, քանզի ինչպես պղինձն է ժանգոտվում, այնպես էլ՝ նրա չարությունը։
11Եթե նա թեկուզ խոնարհվի և գլխահակ գնա, ուշքդ վրա՛ն պահիր և զգուշացի՛ր նրանից, նրա առջև մաքուր հայելու նմա՛ն եղիր ու կիմանաս, որ նա իսպառ չի մաքրվել ժանգից։
12Նրան մի՛ պահիր քեզ մոտ, որպեսզի քեզ կործանելով չգրավի քո տեղը։ Նրան մի՛ նստեցրու քո աջ կողմում, որպեսզի երբևէ չհավակնի քո աթոռին. ի վերջո դու կհասկանաս իմ խոսքերը և չես ափսոսա իմ խրատների համար։
13Ինչպես նա, ով կարեկցում է խայթված օձահմային, և նա, ով գնում է գազանների դեմ, այդպես է և նա, ով ընդառաջ է գնում մեղավոր մարդուն ու շաղախվում նրա մեղքերին։
14Մի պահ նա կլինի քեզ հետ և երբ փորձես հեռանալ, չի համբերի։
15Թշնամին քաղցր է իր շրթունքներով, բայց իր սրտում խորհում է խորխորատի մեջ քեզ կործանելու մասին։
17Թշնամին իր աչքերով է արտասվում, բայց եթե հարմար պահ գտնի, արյունից չի հագենա։
18Եթե քեզ չարիք պատահի, նրան այնտեղ կգտնես քեզանից առաջ, և օգնության փոխարեն նա՛ ոտք կդնի քո առջև։
19Նա թափ կտա իր գլուխը, ծափ կզարկի ձեռքով, իբր շատ է տագնապում, և կեղծ զարմանքով կայլայլի իր երեսը։
Նոր Էջմիածին · HYEJB2017