Սիրաք

14

Ժլատի թշվառությունը

1Երանի՜ այն մարդուն, որ չի մեղանչել իր շուրթերով և խոցված չէ մեղքի հարուցած տրտմությամբ։

2Երանի՜ այն մարդուն, որին չի տանջում իր խիղճը, և ով իր հույսը չի կորցրել։

3Հարստությունը բարիք չէ ժլատ մարդու համար. չկամ մարդու ինչի՞ն է պետք իր ունեցվածքը։

4Ով իրեն զրկելով հավաքում է, նա հավաքում է այլոց համար, և նրա բարիքները ուրիշները պիտի վայելեն։

5Ով չար է իր անձի հանդեպ, ո՞ւմ համար կլինի. նա ուրախ չի լինի նույնիսկ իր բարիքների մեջ։

6Ավելի չար մարդ չկա, քան նա, ով չարակամ է ինքն իր նկատմամբ, և դա նրա չարության հատուցումն է։

7Թեկուզև բարիք անի՝ պատահաբար կանի, և հետո հիշելով՝ դարձյալ իր չարությունը կանի։

8Չար է նա, ով նախանձոտ աչքերով է նայում, երեսը թեքում է և անտեսում մարդկանց։

9Ագահի աչքը քչով չի հագենա. չար անօրենությունը չորացնում է հոգին։

10Չար աչքը նախանձոտ է նույնիսկ իր հացին և կարոտ է իր սեղանին։

Հետամուտ լինել իմաստության

11Որդյա՛կ, ըստ քո ունեցվածքի բարությո՛ւն արա և Տիրոջն արժանի զո՛հ մատուցիր։

12Հիշի՛ր, որ մահը չի ուշանա, և գերեզմանի ուխտը քեզ հայտնի չէ։

13Մինչև վախճանվելդ բարի՛ք արա քո բարեկամին, ձե՛ռք մեկնիր ըստ քո կարողության և տո՛ւր աղքատին։

14Քեզ մի՛ զրկիր լավ օրից, և բարի ցանկության մասնիկն իսկ թող չվրիպի քեզնից։

15Արդյո՞ք քո վաստակն ուրիշին չես թողնելու, և մի՞թե զրկանքներիդ պտուղը բաժանելու համար վիճակ չի գցվելու։

16Տո՛ւր, վերցրո՛ւ և ուրախացրո՛ւ քո հոգին,

17քանզի գերեզմանում չի կարելի վայելք փնտրել։

18Ամեն մարմին շորի նման մաշվում է, իսկ դժոխքից ազատվելը դյուրին չէ, որովհետև ի սկզբանե է մահը։

19Ինչպես սաղարթախիտ ծառի դալար տերևը մերթ թափվում է և մերթ բուսնում, այնպես էլ մարմնի և արյան տեսակն է. մեկը վախճանվում է, մյուսը՝ ծնվում։

20Ամեն գործ, որ ենթակա է փտելու, վերանում է, և այն ստեղծողը նրա հետ էլ պիտի գնա։

22Երանի՜ այն մարդուն, որ կվախճանվի իմաստությամբ, կխոսի իր բանականությամբ և իր մտքով կթափանցի նրա գաղտնիքների մեջ։

23Հետամո՛ւտ եղիր նրան իբրև որսորդ և դարանակա՛լ եղիր նրա ճանապարհին։

24Ով կկանգնի նրա պատուհանների դեմ, նա էլ ունկնդիր կլինի նաև նրա դռների մոտ,

25ով իջևան հաստատի նրա տան մոտ, նա էլ ցից կխփի նրա պատերին

26և իր վրանը կկանգնեցնի նրա հովանու տակ, կհանգստանա բարիքի բնակարանում, իր զավակներին կդնի նրա հովանու տակ և նրա ճյուղերի ներքո։

27Նրանով կպատսպարվի խորշակից և կհանգստանա նրա փառքի մեջ։

Նոր Էջմիածին · HYEJB2017