Սիրաք
15
Արդարի վարձատրությունը
1Ահա այսպես կանի նա, ով երկնչում է Տիրոջից, և ով ընդունում է Օրենքը, կհասնի իմաստության։
2Նրան կդիմավորի մոր նման և նրան կընդունի իբրև կույս աղջիկ։
3Նրան կսնի իմաստության ու իմացության հացով, նրան կխմեցնի ջուրն իմաստության և փրկության։
4Նա կհենվի նրան և չի ընկնի, նրա մեջ ապաստան կգտնի, ամոթով չի մնա և նրան ընկերներից ավելի վեր կբարձրացնի։
5Ժողովարանի մեջ կբացի նրա շուրթերը, իմաստության և խորամտության հոգով կլցնի նրան,
6նա ուրախություն, ցնծության պսակ և հավիտենական անուն կժառանգի։
7Անմիտ մարդկանց հասու չէ իմաստությունը, և մեղավորներն այն չեն տեսնի։
8Այն հեռու է հպարտությունից, և խաբեբա մարդիկ չեն հիշի նրան։
9Օրհնությունը գեղեցիկ չէ մեղավորի շուրթերին, քանզի այն Տիրոջից չուղարկվեց նրան։
10Թող իմաստությամբ ասվի օրհնությունը, և Տերը հաջողություն կտա նրան։
11Մի՛ ասա, թե հանուն Տիրոջ ապստամբեցի, քանզի պետք չէ անել այն, ինչ ատեց Տերը։
12Մի՛ ասա. «Նա՛ ինձ մոլորեցրեց», քանզի նրան հարկավոր չեն մեղավոր մարդիկ։
13Տերն ատեց բոլոր գարշելի բաները, դրանք հաճելի չեն Տիրոջից երկնչողներին։
14Նա ի սկզբանե ստեղծեց մարդուն և նրան թողեց իր իսկ կամքի ձեռքին։
16Եթե կամենաս, կպահես պատվիրանները և հաճությամբ կպահպանես քո հավատը։
17Քո առջև Տերը կրակ և ջուր է դրել. որը կամենաս, նրա մեջ էլ կմտցնես ձեռքդ։
18Մարդու առջև է կյանքն ու մահը. ինչ հաճելի կթվա իրեն՝ կտրվի նրան։
19Արդարև, մեծ է Տիրոջ իմաստությունը, նա հզոր է իր կարողությամբ և ամեն բան տեսնում է։
20Նրա աչքն իրենից երկնչողների վրա է, և ինքը կիմանա մարդու բոլոր գործերը։
21Նա ոչ մեկին չպատվիրեց ամբարշտություն անել և ոչ մեկին չքաջալերեց մեղանչել։