Սիրաք
16
Տիրոջ բարեհաճությունը և խստությունը
1Մի՛ ցանկացիր անպիտան որդիների շատություն և մի՛ ուրախացիր ամբարիշտ որդիներով. եթե նրանք շատանան, մի՛ ուրախացիր նրանցով։
2Եթե նրանց մեջ չկա Տիրոջ երկյուղը, դու նրանց կյանքի նկատմամբ վստահ մի՛ եղիր և մի՛ ապավինիր նրանց շատությանը։
3Լավ է Աստծուց երկյուղ ունեցող մեկը, քան հազար ամբարիշտ, և լավ է մեռնել անզավակ,
4քան ամբարիշտ որդիներ ունենալ։
5Որովհետև միայն մեկ իմաստունի շնորհիվ շենանում է հայրենիքը, բայց այն կործանվում երեք ամբարիշտի պատճառով։
6Բազում այսպիսի բաներ տեսա իմ աչքերով, և սրանից էլ առավել զորավոր բաներ լսեց իմ ականջը։
7Մեղավորների հավաքույթներին կրակ կբորբոքվի, և Տիրոջ բարկությունը կթափվի անհնազանդ ազգի վրա։
8Տերը քավություն չտվեց հին հսկաներին, ովքեր, իրենց զորության վրա վստահ, ապստամբեցին։
9Չխնայեց նաև Ղովտի համաքաղաքացիներին, որոնցից զզվեց նրանց ամբարտավանության պատճառով։
10Չգթաց իրենց մեղքերի համար կորստյան դատապարտված ազգին։
11Այսպես վարվեց նաև վեց հարյուր հազար հետևակների հետ, ովքեր հպարտացել էին իրենց խստասրտությամբ։ Թեկուզ և նրանցից մեկն իսկ խստապարանոց լիներ, զարմանալի կլիներ, եթե չդատապարտվեր.
12քանզի թե՛ ողորմությունը, թե՛ բարկությունը նրանն է։
13Նա հզոր է ինչպես իր ներման, այնպես էլ իր բարկությունը թափելու մեջ. որքան մեծ է նրա ողորմությունը, այնքան էլ մեծ է նրա հանդիմանությունը։
14Մարդը դատվում է ըստ իր գործերի. մեղավորն իր հափշտակության համար չի ճողոպրի, իսկ բարեպաշտ մարդը շնորհ կգտնի իր համբերության համար։
15Ամեն ողորմածության համար Տերը տեղ կանի. յուրաքանչյուր ոք հատուցում կգտնի ըստ իր գործերի։
16Մի՛ ասա. «Կթաքնվեմ Տիրոջից» և «Ո՞վ կհիշի ինձ»։
17«Բազում ժողովրդի մեջ չեմ նկատվի, որովհետև իմ հոգին ի՞նչ է այդչափ արարածների մեջ»։
18Ահավասիկ, երկինքը, երկինքների երկինքը, անդունդներն ու երկիրը դղրդում են նրա այցելությունից,
19նույնպես լեռներն ու երկրի հիմքերը ցնցվում նրա հայացքից։
20Բայց սիրտը չի կարող խորհել այդ մասին։
21Ո՞վ կմտածի նրա ճանապարհների և այն որոգայթների մասին, որոնք մարդ չի տեսել։
22Իսկ նրա գործերից շատերը ծածուկ են. արդարության գործերն ո՞վ կհայտնի, կամ ո՞վ համբերությամբ կսպասի, որովհետև կասի. «Ուխտը հեռու է»։
23Ով պակասամիտ է, այսպես կխորհի, և անզգամ ու մոլորված մարդը հիմարություններ կմտածի։
Տիրոջ սահմանած տիեզերակարգը
24Որդյա՛կ, լսի՛ր ինձ, սովորի՛ր գիտությունը և իմ խոսքերին ունկնդի՛ր եղիր քո սրտով։
25Ես քեզ ցույց կտամ կշռադատված գիտությունը և ճշմարտությամբ կհայտնեմ իմացությունը։
26Տիրոջ գործերը սկզբից ևեթ ճշմարտությամբ էին, և նա արարչագործությունից իսկ զատեց նրանց մասերը։
27Հավիտյան կարգավորեց իր գործերը և կարգեր սահմանեց նրանց տեսակների մեջ։
28Դրանք ո՛չ քաղց ունեն և ո՛չ էլ հոգնություն, չեն դադարում իրենց գործերից, և դրանցից յուրաքանչյուրը նեղություն չի տալիս իր մերձավորին։
29Դրանք հավիտյան չեն հակառակվի Տիրոջ խոսքերին։
30Այնուհետև Տերը նայեց երկրին և այն լցրեց նրա բարիքներով։
31Բոլոր կենդանի էակների շունչը ծածկեց երկրի երեսը, և բոլորը դարձյալ վերադառնալու են երկիր։
Նոր Էջմիածին · HYEJB2017