Սիրաք

17

1Տերը մարդուն ստեղծեց հողից, ըստ իր պատկերի ստեղծեց նրան և դարձյալ վերադարձրեց հողին։

2Նա մարդկանց տվեց հաշված օրեր ու ժամանակներ և նրանց տվեց երկրի վրա առկա ամեն բանի վրա։

3Ըստ իրենց բնույթի՝ զորությամբ զգեստավորեց նրանց և ըստ իր պատկերի արարեց նրանց։

4Մարդու ահը դրեց ամեն կենդանի էակի վրա՝ տիրելու գազաններին և թռչուններին։

5Մարդկանց միտք, լեզու, աչք, ականջ և սիրտ տվեց՝ դրանցով իմացություն ստանալու համար։

6Նրանց լցրեց գիտության հանճարով և չարն ու բարին ցույց տվեց նրանց։

7Իր աչքը դրեց նրանց սրտի մեջ՝ նրանց ցույց տալու իր գործերի մեծությունը, որպեսզի օրհնեն իր սուրբ անունը.

8նաև որ պատմեն իր գործերի մեծությունը։

9Ավելացրեց նրանց գիտությունը և նրանց ժառանգություն տվեց կյանքի օրենքը։

10Հավիտենական ուխտ հաստատեց նրանց հետ և իր դատաստանները ցույց տվեց նրանց։

11Նրանց աչքը տեսավ նրա փառքի մեծությունը, և նրանց ականջը լսեց նրա ձայնի փառքը։ Տերը նրանց ասաց. «Զգո՛ւյշ եղեք ամեն անիրավությունից»։

12Նա նրանցից յուրաքանչյուրին պատվիրեց հոգ տանել մերձավորին։

13Նրանց ճանապարհները միշտ նրա առջև են և չեն վրիպում նրա հայացքից։

14Յուրաքանչյուր ազգի համար առաջնորդ կարգեց, բայց Իսրայելը Տիրոջ բաժինն է։

16Նրանց բոլոր գործերը արեգակի նման նրա առջև են, և նրա աչքը միշտ նրանց ճանապարհի վրա է։

17Նրանց անիրավությունները չծածկվեցին նրանից, նրանց բոլոր մեղքերը Տիրոջ առջև են։

18Մարդու ողորմածությունը է նրա համար, և մարդու շնորհները նա պահպանելու է բիբի նման։

19Սրանից հետո Տերը պիտի ելնի ու հատուցի նրանց և նրանց արածների փոխարենը պիտի բերի նրանց գլխին։

20Սակայն ապաշխարողներին նա վերստին դարձի է բերում և մխիթարում նրանց, որոնց համբերությունը նվազել էր։

21Դարձի՛ր դեպի Տերը և թո՛ղ մեղքերդ։

Կոչ՝ Տիրոջը դառնալու

22Աղերսի՛ր նրա առջև, և նա կնվազեցնի հանցանքներդ։

23Դարձի՛ր դեպի Բարձրյալը, հե՛տ դարձիր անիրավությունից և խիստ ատի՛ր գարշությունը։

25Բարձրյալին ո՞վ կտա գերեզմանում նրանց փոխարեն, ովքեր ողջ են և գոհություն են տալիս նրան։

26Մեռյալից՝ իբրև անգոյից, կորել է փառաբանությունը։ Կենդանի և ողջ մարդը միայն կգովի Տիրոջը։

27Որքան մեծ է Տիրոջ ողորմությունը,

28նույնքան էլ՝ քավությունը նրանց նկատմամբ, ովքեր դառնում են դեպի Տերը։

29Ամեն ինչ չէ, որ մարդ կարող է անել, քանզի մարդու որդին անմահ չէ։

30Ի՞նչն է ավելի լուսավոր, քան արեգակը, բայց նա էլ է նվազում. մարդու մարմինն ու արյունը չարի մասին են մտածում։

31Տերն ինքն է հետևում երկնքի բարձր զորքերին. բոլոր մարդիկ հող և մոխիր են։

Նոր Էջմիածին · HYEJB2017