Սիրաք
18
Աստծու մեծությունը
1Նա, որ կենդանի է հավիտյան, ամեն ինչ ստեղծեց հավասարապես, և միայն Տերն է արդար համարվում։ Ոչ մեկին չի տրված պատմել նրա գործերը։
2Ո՞վ կքննի նրա մեծագործությունները։
3Ո՞վ կչափի նրա հզորության մեծությունը։
4Ո՞վ կհամարձակվի պատմել նրա ողորմության մասին։
5Հնարավոր չէ ո՛չ նվազեցնել, ո՛չ ավելացնել և ո՛չ էլ հետազոտել Տիրոջ զարմանահրաշ գործերը։
6Երբ մարդը համարի, թե ավարտել է, կզգա, թե նոր է սկսել, և երբ դադարի պատմելուց, ապշահար կմնա։
Մարդու ոչնչությունը
7Ի՞նչ է մարդը, և ի՞նչ է նրա օգուտը։
8Ո՞րն է նրա բարիքը, ո՞րն է նրա չարիքը։ Մարդու օրերի թիվը ինչքան էլ շատ լինի, հարյուր տարի է։ Ինչպես ջրի կաթիլը ծովի համեմատությամբ և խիճը՝ ավազի, այնպես տարիներն են սակավ հավիտենական օրերի համեմատ։
9Սրա համար է, որ Տերը համբերատար է նրանց նկատմամբ և նրանց վրա հեղում է իր ողորմությունը։
10Նա տեսավ և իմացավ նրանց կործանումը, որ դաժան էր։
11Սրա համար էլ բազմապատկեց իր ներողամտությունը։
12Մարդու ողորմությունն իր մերձավորի վրա է, իսկ Տիրոջ ողորմությունը՝ բովանդակ մարմնավորի։
13Տերը հանդիմանում, խրատում և ուսուցանում է և իբրև հովիվ՝ նրան իր հոտն է վերադարձնում։
14Ողորմում է նրանց, ովքեր ընդունում են խրատը և շտապում են լսել նրա վճիռները։
Տալու ազնիվ ձևը
15Որդյա՛կ, քո բարիքին արատ մի՛ խառնիր և քո տվածներին՝ տրտմության խոսքեր։
16Մի՞թե ցողը չի զովացնում տոթը. այդպես էլ լավ խոսքն ավելի լավ է, քան նվերը։ Շնորհալի մարդը երկուսն էլ ունի։
17Հիմարն ապերախտությամբ նախատում է,
18չարակամ մարդու նվերը արցունք է բերում աչքերին։
Իմաստունի խոհեմությունը
19Խոսելուց առաջ մտածի՛ր և դեռ չհիվանդացած՝ հո՛գ տար քո մասին.
20նախքան Տիրոջ դատաստանը քննի՛ր քո անձը և նրա այցելության ժամանակ ողորմություն կգտնես։
21Մեղանչելու ժամանակ ցո՛ւյց տուր, որ դարձի ես գալիս։
22Մի՛ հապաղիր ժամանակին կատարել խոստումդ և մինչև մահ մի՛ հետաձգիր արդարացումդ։
23Աղոթելուց առաջ նախապատրաստի՛ր քեզ և մի՛ եղիր այն մարդու նման, որ փորձում է Տիրոջը։
24Հիշի՛ր վախճանի օրվա ցասումը և վրեժխնդրության ժամանակը, երբ Տերը քեզնից կշրջի իր երեսը։
25Լիության ժամանակ հիշի՛ր աղքատության ժամանակը և հարստության օրերին՝ աղքատությունն ու նեղությունը։
26Առավոտից մինչև երեկո փոփոխվում է ժամանակը. Տիրոջ առջև ամեն ինչ հարափոփոխ է։
27Իմաստուն մարդն ամեն ինչում զգույշ կլինի և մեղքի ժամանակ կխուսափի բազում հանցանքներից։
28Ամեն խելամիտ մարդ ճանաչում է իմաստությունը և գոհություն կտա նրան, ով գտել է այն։
29Խելամիտ խոսքերով իրենք էլ են իմաստնանում և ճշմարիտ ու տեղին առակներ բերում։
30Որդյա՛կ, անձնատուր մի՛ եղիր հեշտասիրությանը
31և թշնամիներից ոտնակոխ չես լինի։
32Մի՛ ուրախացիր փափուկ կյանքով և մի՛ կապվիր դրան։
33Գրավ դրած և պարտք վերցրած փողերով մի՛ աղքատացիր, քանզի հարբեցող մշակը նույնպես հարստության չի հասնի։