Սիրաք

2

Տիրոջ երկյուղը փորձության ժամին

1Որդյա՛կ, եթե նվիրվում ես Տիրոջը ծառայելու, քո անձը փորձությունների՛ պատրաստիր։

2Ուղղի՛ր քո սիրտը, համբերի՛ր և շփոթության մի՛ մատնվիր աղետների ժամանակ։

3Փարվի՛ր Տիրոջը և մի՛ հեռացիր, որպեսզի հետագայում բարձրանաս։

4Ինչ էլ որ գա քո գլխին, ընդունի՛ր հոժարությամբ և հաճախադեպ տառապանքների ժամանակ համբերատա՛ր եղիր։

5Քանզի ոսկին փորձվում է կրակի մեջ, իսկ մարդը՝ տառապանքների բովում։

6Հավատա՛ Տիրոջը, և նա կպաշտպանի քեզ, ուղղի՛ր քո ճանապարհները և հույսդ նրա վրա՛ դիր։

7Դուք, որ երկյուղ եք կրում Տիրոջից, ակնկալե՛ք նրա ողորմությունը և մի՛ խոտորվեք, որպեսզի չգլորվեք։

8Դուք, որ երկյուղ եք կրում Տիրոջից, հավատացե՛ք նրան, և չի կորչի ձեր վարձը։

9Դուք, որ երկյուղ եք կրում Տիրոջից, ակնկալե՛ք բարիքներ, հավիտենական ուրախություն և ողորմություն։

11Նայե՛ք հին ազգերին և տեսե՛ք՝ ո՛վ հավատաց Տիրոջը և ամոթով մնաց։

12Կամ ո՞վ մնաց Տիրոջ երկյուղի մեջ և հուսահատվեց. կամ ո՞վ կանչեց Տիրոջը, և նա անտեսեց նրան։

13Արդարև, Տերը գթած է և ողորմած, է մեղքերը և փրկում նեղության ժամանակ։

14Վա՜յ վատթար սրտերին, հուսալքված ձեռքերին և այն մեղավորին, որ քայլում է երկու շավիղներով։

15Վա՜յ հուսաբեկ սրտին, որ չի հավատում. դրա համար էլ նա պաշտպանություն չի գտնի։

16Վա՜յ ձեզ, որ կորցրել եք համբերությունը. ի՞նչ պիտի անեք, երբ Տերն այցելի հաշիվ պահանջելու։

18Ովքեր երկյուղ են կրում Տիրոջից, զանց չեն առնի նրա խոսքերը, և ովքեր սիրում են նրան, կպահեն նրա ճանապարհները։

19Ովքեր երկյուղ են կրում Տիրոջից, կփնտրեն նրա բարեհաճությունը, և ովքեր սիրում են նրան, կլցվեն Օրենքով։

20Ովքեր երկյուղ են կրում Տիրոջից, նրանց սրտերը պատրաստ կլինեն Տիրոջ առաջ, նրանց անձերը կխոնարհվեն Տիրոջ առաջ։

22Լավ է Տիրոջ ձեռքն ընկնենք և ոչ թե մարդկանց,

23քանզի ինչպես նրա մեծությունն է, այնպես էլ՝ նրա ողորմածությունը։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն