Սիրաք
21
Զգուշանալ մեղքից
1Որդյա՛կ, եթե մեղք գործեցիր, այլևս մի՛ արա և աղոթի՛ր հին մեղքերի համար։
2Փախի՛ր մեղքերից, ինչպես օձից. եթե մոտենաս, կխայթի քեզ։
3Մեղքի ժանիքները առյուծի ժանիքներ են, որ սպանում են մարդկանց հոգիները։
4Ամեն տեսակ անօրենություն նման է երկսայրի սրի. նրա տված վերքերին բժշկություն չկա։
5Արհավիրքն ու թշնամանքը ավերում են հարստությունը. այդպես էլ կավերվի ամբարտավանների տունը։
6Խոնարհների խնդրանքները հասնում են մինչև Տիրոջ ականջները, և նրանց արդար իրավունքը փութով հասնում է նրան։
7Ով ատի հանդիմանությունը, նա կլինի մեղավորների շավիղների մեջ, և ով երկյուղ է կրում Տիրոջից, սրտով նրան կդառնա։
8Լեզվով հզորը հեռվից է ճանաչվում, իսկ ով գիտուն է, տեսնում է իր սայթաքումը։
9Ով իր տունը կառուցում է ուրիշների ունեցվածքով, նման է նրան, որ քարեր է հավաքում ձմռանը։
10Անօրենների խումբը նման է դիզված վուշի, և նրանց վախճանը կրակի բոցի մեջ է։
11Մեղավորների ճանապարհները հարթ են, քարերից մաքրված, բայց վերջը դժոխքի խորխորատն է։
12Ով պահում է Օրենքը, իշխում է իր մտքերին,
13իսկ Տիրոջ երկյուղի վերջը իմաստությունն է։
14Ով խորագետ չէ, չի խրատվի։
15Բայց խորագիտություն էլ կա, որ շատացնում է դառնությունը։
Իմաստունի և հիմարի նկարագիրը
16Իմաստունի գիտությունը հեղեղի նման կսաստկանա, նրա խորհուրդները ակնաղբյուրի նման են։
17Տգետի սիրտը նման է ծակոտկեն ամանի. այնտեղ ոչ մի գիտելիք չի մնա։
18Եթե գիտունը իմաստուն խոսք լսի, կգովի այն և կավելացնի, մինչդեռ թեթևամիտը լսեց ու նրան հաճելի չթվաց ու թիկունք դարձրեց դրան։
19Տխմարի խոսքը ճանապարհի բեռան նման է, սակայն իմաստունների շուրթերի վրա այն շնորհ է ստանում։
20Իմաստունների խոսքերը քննվելու են ժողովարանում, և դրանց մասին խորհելու են իրենց սրտում։
21Ավերված տան նման է հիմարի իմաստությունը, տխմար մարդու գիտությունը անմիտ խոսք է։
22Անմիտների համար խրատը ոտնակապ է և աջ ձեռքի ձեռնակապ։
23Ծիծաղելիս տխմարը բարձրացնում է իր ձայնը, իսկ խորագետ մարդը հազիվ ժպտում է հանդարտ։
24Գիտունի համար խրատը նման է ոսկյա զարդի և աջ բազկի ապարանջանի։
25Տխմարի ոտքը արագ դիմում է դեպի մերձավորի տուն, սակայն բազմափորձ մարդը պատկառում է մարդկանցից։
26Անմիտը դռան արանքից է տան մեջը նայում, իսկ բարեկրոն մարդը մնում է դրսում։
27Մարդու համար անվայել բան է դռան մոտ ականջ դնելը, իսկ իմաստունը վշտանում է այդ անարգ արարքից։
28Շատախոս օտար բերանները պատմում են իրենց լսածի մասին, իսկ իմաստունների խոսքերը կշռադատված են։
29Հիմարների սիրտն իրենց բերանում է, իսկ իմաստունների բերանը՝ իրենց սրտում։
30Ամբարիշտը սատանային անիծելիս իր հոգին է անիծում։
31Բամբասողը պղծում է իր հոգին. նա որտեղ էլ բնակվի, ատելի կլինի։