Սիրաք

22

Ծույլի մասին

1Ծույլը նման է շաղախված կղանքի. ամեն ոք զզվանքով կթքի նրա վրա։

2Ծույլը հավասար է աղբի և թրիքի. ամեն ոք, ով այն վերցնի, զզվանքով թափ կտա իր ձեռքը։

Վատաբարո զավակների մասին

3Անդաստիարակ որդու ծնունդը հոր ամոթն է, իսկ դստեր ծնունդը հոր նվազությունից է։

4Ողջախոհ դուստրն իր ամուսինը կունենա, իսկ անամոթը տրտմություն է ծնողների համար։

5Անառակը ամոթով կթողնի իր հորն ու մորը և երկուսից էլ կանարգվի։

6Տարաժամ պատմությունը նույնն է, ինչ որ երաժշտությունը սգի ժամանակ, իսկ ծեծն ու խրատը իմաստություն են ամեն ժամանակ։

7Հիմարին սովորեցնողը նման է կոտրված խեցի կպցնողի

8և մեռածին խոր քնից արթնացնողի։

Հիմարն անուղղելի է

9Ով պատմում է հիմարին, նույնն է, թե պատմում է նիրհողին, որը վերջում հարցնում է՝ «Ի՞նչ»։

10Ննջեցյալի վրա լա՛ց եղիր, քանզի պակասեց լույսը։ Լա՛ց եղիր նաև տխմարի վրա, քանզի նրա համար չքացավ իմաստությունը։

11Մեղմ լա՛ց եղիր մեռելի վրա, քանզի նա գտավ իր հանգիստը, իսկ հիմարի համար ապրելը մահից վատ է։

12Մեռելի վրա սուգը յոթ օր է,

13իսկ անմիտ և ամբարիշտ մարդու համար՝ իր կյանքի բոլոր օրերին։

14Անզգամի հետ շատ մի՛ խոսիր և անմիտ մարդու մոտ մի՛ գնա։

15Զգո՛ւյշ եղիր նրանից, որպեսզի տանջանք չկրես և նրանից հեռանալիս կեղտով չշաղախվես,

16այլ խուսափի՛ր նրանից, և հանգիստ կգտնես ու չես ձանձրանա նրա անմտությունից։

17Կապարից ավելի ծանր ի՞նչ կա, և ի՞նչ է նրա անունը, եթե ոչ հիմար։

18Ավելի դյուրին է տանել ավազը, աղը և շիկացած երկաթը, քան անմիտ մարդուն։

19Ինչպես պահանգակապ շինվածքը ցնցումներից չի խախտվում, այդպես էլ անխախտ է մնում իմացության խորհրդով հաստատված սիրտը։

20Իմաստության խորհրդով հաստատված սիրտը վախի ժամանակ չի վհատվի։

21Ինչպես բարձրավանդակի վրա գտնվող հարդը և ավազաշաղախ քարաշեն պատի խճաքարերը հողմերի առաջ չեն դիմանա,

22այնպես էլ վախկոտ սիրտը տխմարի խորհուրդների պատճառով չի տոկա ամեն տեսակ երկյուղի առաջ։

Բարեկամի հավատարմության մասին

24Ով աչքն է խոցում, արտասուք է բերում, և ով սիրտն է խոցում, զգացմունքներ է հարուցում։

25Ով քար է նետում թռչուններին, քշում է նրանց. ով նախատում է բարեկամին, խզում է բարեկամությունը։

26Թե սուր էլ քաշես բարեկամի վրա, անհույս մի՛ եղիր, քանզի դարձ կա։

27Թե բարեկամի վրա բերան էլ բացես, մի՛ վախեցիր, քանզի կա, միայն թե դա չլինի նախատինք, ամբարտավանություն, գաղտնիք հայտնել և նենգ վիրավորանք։

28Ամեն տեսակ բարեկամ փախչում է սրանցից։ Մերձավորի մոտ հավատարմությո՛ւն ունեցիր նրա աղքատության ժամանակ, որպեսզի նրա հարստության օրոք ուրախ լինես։

29Նեղության ժամանակ մո՛տ եղիր նրան, որպեսզի դու էլ ժառանգես նրա ժառանգությունից։

30Ինչպես հնոցում կրակից առաջ գոլորշի և ծուխ է դուրս գալիս, այդպես էլ արյունահեղությունից առաջ՝ բամբասանքը։

31Ես չեմ ամաչի բարեկամիս պաշտպանել և նրա երեսից չեմ թաքնվի, թեկուզ ինձ չարիք պատահի նրա պատճառով,

32մինչդեռ ամեն ոք, ով լսի այդ մասին, պիտի խորշի նրանից։

33Ո՞վ ինձ պահապան կտար իմ բերանի վրա և խորագիտության ՝ իմ շուրթերին, որպեսզի չխորտակվեմ, և իմ լեզուն չկործանի ինձ։

Նոր Էջմիածին · HYEJB2017