Սիրաք
23
1Տե՛ր, Հա՛յր և Իշխա՛ն իմ կյանքի, մի՛ թող ինձ դրանց խորհուրդների մեջ։
2Ո՞վ կապանք կդներ իմ մտքերի վրա և իմաստության խրատ՝ իմ սրտի վրա,
3որպեսզի դրանք չխնայեն իմ տգիտությանը և թույլ չտան, որ մեղք գործեմ, որպեսզի չծանրանան իմ զանցանքները, և չմեծանան իմ մեղքերը, որպեսզի չընկնեմ հակառակորդների առջև, և իմ թշնամին ինձ ոտնատակ չանի։
4Տե՛ր, Հա՛յր և իմ կյանքի՛ Աստված,
5մի՛ տուր աչքերիս տեսածի համաձայն և հեռացրո՛ւ ինձնից սրտի ցանկությունը։
6Թող ինձ չհասնեն որովայնի ցանկությունն ու անառակությունը, և մի՛ մատնիր ինձ անամոթ մարդու ձեռքը։
Խրատներ լեզուն պահելու մասին
7Որդինե՛ր, լսե՛ք բերանի մասին այս խրատը. ով պահի այն, չի որսվի։
8Մեղավորն իր շուրթերով է որսվում, հայհոյիչն ու ամբարտավանը դրանցով են սայթաքում։
9Քո բերանը երդումի մի՛ ընտելացրու։
10Մի՛ վարժվիր Սրբի անունով երդվելուն։
11Ինչպես այն ծառան, որ հաճախ պատժի է ենթարկվում, անպակաս չէ վերքերից, այնպես էլ ով երդվում և մշտապես Սրբի անունն է տալիս, չի մաքրվում մեղքերից։
12Շատ երդվող մարդն անօրենությամբ է լցվում, և հարվածներն անպակաս կլինեն նրա տնից։
13Եթե հանցանք գործի, իր մեղքն իր վրա է, և եթե շփոթվի, կրկնակի մեղք է գործում։
14Եթե իզուր երդվեց, չի արդարանա, որովհետև նրա տունը տանջանքով է լցվելու։
Անպատեհ խոսելու մասին
15Խոսք կա, որ հավասար է մահվան. թող այն չգտնվի Հակոբի տոհմի ժառանգության մեջ։
16Թող այս ամենը բարեպաշտներից հեռու մնա, և նրանք մեղքի մեջ չեն թավալվի։
17Քո շուրթերը մի՛ ընտելացրու տգիտության, քանզի դրա մեջ մեղավոր խոսքեր կան։
18Երբ մեծամեծների մեջ նստես, հիշի՛ր քո հորն ու մորը,
19որպեսզի քեզ չկորցնես նրանց առջև և ըստ քո սովորության՝ հիմարություն չանես ու չասես՝ «Լավ էր չծնվեի», և քո ծննդյան օրն անիծես։
20Այն մարդը, որ վարժված է նախատինքի, իր բոլոր օրերում չի խրատվի։
Անպարկեշտության մասին
21Երկու բան կա, որ շատացնում է մեղքերը, մի երրորդ բան էլ, որ բարկություն է առաջ բերում։
22Ցասկոտ հոգին բորբոքված կրակի նման է՝ չի մարի, մինչև չսպառվի։
23Անառակաբարո մարդը չի դադարի իր մարմնի անդամների հետ անառակություն անել, մինչև որ կրակը չվառի նրան։
24Պոռնիկ մարդուն ամեն տեսակ հաց քաղցր է. նա չի դադարի, մինչև որ չմեռնի։
25Մարդը, որ մեղք է գործում իր մահճում, իր սրտում ասում է. «Ո՞վ կտեսնի ինձ։
26Իմ շուրջը խավար է, պատերը ծածկում են ինձ, ոչ ոք չի տեսնում ինձ. ինչո՞ւ կասկածեմ. չէ՞ որ Բարձրյալը չի տեսնում իմ մեղքը»։
27Նրա երկյուղը մարդկանց աչքն է։
28Նա չգիտի, որ Տիրոջ աչքը բյուր անգամ լուսատու է արեգակից, տեսնում է մարդկանց բոլոր ճանապարհները և նկատում նրանց բոլոր գաղտնի տեղերը։
29Մինչև նրանց ստեղծվելն ամեն ինչ ծանոթ էր նրան. այդպես էլ կլինի նրանց վախճանվելուց հետո։
30Այդպիսին կպատժվի քաղաքի հրապարակներում և կբռնվի այնտեղ, որտեղ չէր ենթադրի։
Անբարո կնոջ մասին
32Այդպես կպատժվի նաև այն կինը, որ թողել է իր ամուսնուն և օտարից ժառանգ բերել։
33Նախ՝ որովհետև Բարձրյալի օրենքին չհնազանդվեց, երկրորդ՝ հանցանք գործեց իր ամուսնու դեմ, և երրորդ՝ շնացավ պոռնկությամբ և օտար մարդուց որդի բերեց։
34Նա ժողովրդից պիտի վտարվի, և նրա որդիներին հոգ չպիտի տանեն։
35Նրա որդիներն արմատներ չպիտի արձակեն, և նրա ոստերը պտուղ չպիտի տան։
36Նա անեծք է թողնելու իր հիշատակին, և նրա նախատինքը չի ջնջվելու։
37Ավելի լավ բան չկա, քան երկյուղը Տիրոջից, և չկա ավելի քաղցր բան, քան Տիրոջ պատվիրաններին անսալը։