Սիրաք

30

Մանուկների դաստիարակությունը

1Ով սիրում է իր որդուն, պետք է հաճախակի պատժի նրան, որպեսզի վերջում ուրախ լինի։

2Ով խրատում է իր որդուն, նրանից օգուտ կտեսնի և ծանոթների մեջ նրանով կպարծենա։

3Ով ուսուցանում է իր որդուն, թշնամու նախանձը կշարժի և բարեկամների առջև նրանով կպարծենա։

4Երբ նրա հայրը վախճանվի, կարծես չի էլ մեռել, որովհետև իրենից հետո իր նմանին է թողնում։

5Հայրը նրան տեսավ իր կյանքում և ուրախացավ և իր վախճանի մասին չտրտմեց։

6Թշնամիների առջև վրիժառու թողեց նրան և բարեկամների առջև՝ շնորհներ հատուցող։

7Ով գուրգուրում է իր որդուն, նրա վերքերը կկապի, և նրա ամեն ճիչի հետ կգալարվեն նրա աղիքները։

8Անվարժ ձին կամակոր է լինում, քմահաճ որդին՝ լկտի։

9Գգվի՛ր որդուդ, և նա քեզ կվախեցնի, խաղա՛ նրա հետ, և նա քեզ կտրտմեցնի։

10Մի՛ ծիծաղիր նրա հետ, որպեսզի ցավ չպատճառի քեզ, և հետո ինքը քեզ չգանահարի։

11Մանկության ժամանակ մի՛ տուր նրան և մի՛ անտեսիր նրա տգիտությունը։ Քանի դեռ տղա է, ջարդի՛ր նրա կողերը, 12որպեսզի չլինի թե երբևէ համառելով՝ չհնազանդվի քեզ։

13Խրատի՛ր քո որդուն և գործի՛ դիր նրան, որպեսզի խայտառակության մեջ չընկնես։

Առողջության մասին

14Լավ է առողջ և ուժեղ աղքատը, որն ըստ իր կարողության է ապրում, քան հաշմված մարմնով հարուստը։

15Լավ է առողջությունն ու առույգությունը, քան ամեն տեսակ ոսկին, և լավ է կարող մարմինը, քան անսպառ հարստությունը։

16Մարմնի առողջությունից ավելի մեծ հարստություն չկա և մարմնի խնդությունից՝ ավելի մեծ ուրախություն։

17Լավ է մահը, քան դառը կյանքը կամ երկար ցավը։

18Կուռքերին մատուցված ողջակեզներն ու զոհերը նույնն են, ինչ գերեզմանին դրված խորտիկները։

19Քանզի ով այս անում է, իր աչքով է տեսնում, որովհետև ո՛չ ուտում են, ո՛չ էլ հոտոտում։

20Այնպես էլ՝ ովքեր հալածվեն Տիրոջից, աչքով կտեսնեն ու կհառաչեն այն ներքինու նման, 21որը գրկում է կույսին և հոգոց հանում։

Ուրախության մասին

22Անձնատուր մի՛ եղիր տխրությանը և քեզ մի՛ նեղիր խորհուրդներով։

23Մարդու կյանքը սրտի ուրախությունն է, կյանքի երկարությունը՝ նրա ցնծությունը։

24Սփոփի՛ր քո հոգին, մխիթարի՛ր քո սիրտը և քեզանից հեռո՛ւ վանիր տխրությունը, 25քանզի շատերին սպանեց տխրությունը, և դրանից ոչ մի օգուտ չկա։

26Նախանձն ու բարկությունը կարճացնում են կյանքի օրերը, հոգսերը ծերացնում են ժամանակից շուտ։

Նոր Էջմիածին · HYEJB2017