Սիրաք

32

Խրախճանքի մեջ իրեն պահելու մասին

1Եթե քեզ առաջնորդ են կարգել խրախճանքի մեջ, մի՛ հպարտացիր, նրանց մեջ եղի՛ր իբրև նրանցից մեկը։

2Հո՛գ տար նրանց մասին և հետո՛ նստիր, նրանց բոլոր կարիքները կատարելուց հետո՛ բազմիր, որպեսզի ուրախանաս նրանց հետ 3և լավ կառավարելու համար ստանաս։

4Խոսի՛ր, երբ ավագը դու ես, քանզի քեզ է վայել խոսել ստույգ իմաստությամբ։

5Մի՛ խանգարիր երաժիշտներին։

6Երբ ունկնդրում են քեզ, խոսքդ մի՛ երկարիր և իզուր մի՛ իմաստախոսիր։

7Ինչպես փայլուն ակն է ոսկե զարդի վրա, 8և զմրուխտե ակը՝ ոսկու շրջանակի վրա, այնպես էլ երաժիշտների նվագը քաղցր է գինու վրա։

10Եթե երիտասարդ ես, խոսի՛ր, եթե քեզ պետք է։ Հազիվ մեկ-երկու խո՛սք ասա, եթե հարցնեն։

11Ասա՛ գլխավորը, քիչ խոսքով՝ շատը։

12Եղի՛ր նրա նման, ով իմանում է, բայց լուռ է լինում։

13Մեծամեծներին մի՛ հավասարվիր, և որտեղ նրանք խոսում են, մի՛ շաղակրատիր։

14Որոտից առաջ փայլակն է շուտ երևում, իսկ ամոթխածից առաջ շնորհն է շտապում։

15Զարթնի՛ր ժամանակին, մի՛ եղիր վերջինը, գնա՛ քո տունը և մի՛ ծուլացիր։

16Այնտե՛ղ զվարճացիր և քո կա՛մքն արա, բայց ոչ գործելով և ամբարտավանությամբ։

17Այս բաների համար օրհնի՛ր քո Արարչին, որ կերակրում է քեզ իր բարիքներով։

Ընթանալ ըստ Տիրոջ կամքի

18Ով Տիրոջից երկնչում է, խրատ կստանա, և ովքեր առավոտ կանուխ դիմում են նրան, հաճություն կգտնեն։

19Ով օրենք է փնտրում, կլցվի նրանով, և ով կեղծավորություն անի, նրանո՛վ կգայթակղվի։

20Ովքեր երկնչում են Տիրոջից, կգտնեն և արդարությունն իբրև կվառեն։

21Մեղավոր մարդը խորշում է հանդիմանությունից և ըստ իր հայեցողության՝ գտնում է արդարացման օրինակներ։

22Առանց խորհրդածության ոչինչ մի՛ արա և անելուց էլ մի՛ զղջա։

23Առանց մտածելու մի՛ անտեսիր իմացությունը։

24Հպարտը և ամբարտավանը չեն զարհուրում Տիրոջ երկյուղից։

Նոր Էջմիածին · HYEJB2017