Սիրաք
5
Խրատ իր անձի բարիքի մասին
1Հույսդ քո ունեցվածքի վրա մի՛ դիր և մի՛ ասա, թե դա բավական է ինձ։
2Գերի մի՛ դարձիր քո անձին և քո ուժին, մի՛ հպարտացիր քո հարստությամբ, ինքնահավան մի՛ եղիր և մի՛ ասա, թե՝ «Իմ ունեցվածքը շատ է»։
3Մի՛ ասա՝ «Ո՞վ կհաղթի ինձ» և մի՛ ասա՝ «Ո՞վ չարություն կանի ինձ», որովհետև Տերը քեզանից վրեժխնդիր կլինի։
4Մի՛ ասա՝ «Մեղք գործեցի, բայց ի՞նչ եղավ ինձ»։
5Քանզի Տերը համբերատար է քո դարձի և քավության համար. քեզ անվախ մի՛ համարիր՝ մեղքերի վրա մեղքեր ավելացնելով։
6Մի՛ ասա՝ «Տիրոջ գթությունը շատ է, նա իմ բազում մեղքերը կքավի»,
7քանզի ողորմությունն ու բարկությունը նրանից են, և մեղավորների վրա է իջնում նրա զայրույթը։
8Որդյա՛կ, մի՛ հապաղիր քո մեղքերից դառնալ դեպի Տերը, որպեսզի մեղքերիդ մեջ չմեռնես։
9Հույսդ անարդար գանձերի վրա մի՛ դիր, որովհետև բարկության օրը դրանք չեն օգնի քեզ։
11Ամեն հողմի մի՛ ենթարկվիր և ամեն շավղով մի՛ գնա, քանզի դրանք մեղավորի ու երկերեսանի մարդու բաժինն են։
12Հաստա՛տ եղիր քո իմաստության մեջ, և քո խոսքը թող մեկ լինի։
13Լսելու մեջ փութկո՛տ եղիր, իսկ պատասխան խոսքի մեջ՝ համբերո՛ղ։
14Եթե քո մեջ իմաստություն կա, պատասխա՛ն տուր մերձավորիդ, իսկ եթե ոչ՝ քո ձեռքը թող բերանիդ վրա լինի։
15Փառքն ու անարգանքը լեզվի ձեռքում են, և մարդու կործանումը՝ իր լեզվի վրա։
16Մի՛ ունեցիր բանսարկուի համբավ և քո լեզվով չարիք մի՛ նյութիր.
17որովհետև գողի վրայից անպակաս է ամոթը, երկերեսանու վրայից՝ չար պարսավանքը։
18Անխոհեմ մի՛ եղիր ո՛չ մեծ և ո՛չ փոքր բաների մեջ։
Նոր Էջմիածին · HYEJB2017