Սիրաք
7
Այլազան խրատներ
1Չարիք մի՛ գործիր, և չարիք չի գա քեզ վրա։
2Հեռո՛ւ մնա անիրավությունից, և այն հեռու կմնա քեզնից։
3Որդյա՛կ, մի՛ սերմանիր անիրավության ակոսի մեջ, որպեսզի դրա յոթնապատիկը չհնձես։
4Տիրոջից իշխանություն մի՛ խնդրիր, եթե նրա կամքի համաձայն չես շարժվելու, թագավորից փառքի աթոռ մի՛ խնդրիր, եթե նրա կամքին հնազանդ չես լինելու։
5Տիրոջ առջև մի՛ փորձիր արդարանալ և թագավորի առջև ճարտարախոս մի՛ երևա։
6Մի՛ ձգտիր դատավոր լինել, գուցե չկարողանաս վերացնել անիրավությունը։ Գուցե երբևէ ակնածելով հզորից՝ սայթաքես քո արդարությունից։
7Քաղաքի բազմության հանդեպ մի՛ մեղանչիր և քեզ մի՛ նվաստացրու ամբոխի առջև։
8Մեղքի վրա մեղք մի՛ ավելացրու, որպեսզի որևէ մեկից չմեղադրվես։
9Մի՛ ծուլացիր քո ուխտի մեջ,
10անփույթ մի՛ եղիր ողորմածություն անելու մեջ։
11Մի՛ ասա, թե Տերը կնայի իմ բազմաթիվ զոհաբերումներին և բարձրյալ Աստծուն մատուցելիս՝ նա կընդունի։
12Մի՛ ծաղրիր այդ մարդուն, որի հոգին դառնացած է, քանզի Տե՛րն է նվաստացնում և բարձրացնում նրան։
13Քո եղբոր մասին ստեր մի՛ սերմանիր, նույնը՝ և բարեկամի մասին։
14Մի՛ ախորժիր ստեր ասել ամեն բանի մասին, քանզի հաճախակի ստելը լավ բան չէ։
15Մի՛ շատախոսիր ծերերի մեջ և մի՛ կրկնաբանիր քո աղոթքի մեջ։
16Մի՛ ատիր աշխատանքի տքնությունը և ոչ էլ այն մշակությունը, որ հաստատվել է Բարձրյալի կողմից։
17Մի՛ գտնվիր մեղավորների բազմության մեջ. հիշի՛ր, որ Տիրոջ բարկությունը չի ուշանա։
18Միշտ խոնարհեցրո՛ւ քո անձը,
19որովհետև մեղավորների ու ամբարիշտների դահիճը կրակն ու որդն են։
20Բարեկամիդ մի՛ փոխանակիր կաշառքի հետ և հարազատ եղբորդ՝ Սափիրական ոսկու հետ։
21Մի՛ լքիր իմաստուն և բարի կնոջը, քանզի նրա շնորհը ոսկուց էլ առավել է։
22Մի՛ չարչարիր ծառային, որ ջանասիրությամբ է աշխատում և վարձկանին, որ քեզ նվիրված է հոգով։
23Քո հոգին թող սիրի իմաստուն ծառային և նրան չզրկի ազատությունից։
24Եթե անասուն ունես, հո՛գ տար դրանց, և եթե դրանք քեզ պիտանի են, թող քեզ մոտ մնան։
25Եթե զավակներ ունես, խրատի՛ր նրանց, մանկությունից խոնարհեցրո՛ւ նրանց պարանոցը։
26Եթե դուստրեր ունես, զգո՛ւյշ եղիր նրանց մարմինների համար և քո դեմքի լրջությունն անպակա՛ս արա նրանցից։
27Ամուսնացրո՛ւ քո դստերը, և դու մեծ գործ արած կլինես. նրան իմաստուն մարդո՛ւ տուր։
28Քո սրտո՞վ է կինդ՝ մի՛ վտարիր։
29Քո բովանդակ հոգով պատվի՛ր հորդ և մի՛ մոռացիր մորդ երկունքը։
30Հիշի՛ր, որ նրանցից ես ծնվել և ի՞նչ կարող ես հատուցել նրանց՝ քեզ նրանց տվածի փոխարեն։
31Քո ամբողջ սրտով երկյո՛ւղ կրիր Տիրոջից և հարգի՛ր նրա քահանաներին։
32Քո ամբողջ ուժով սիրի՛ր Արարչիդ և նրա սպասավորներին մի՛ անտեսիր։
33Երկյո՛ւղ կրիր Տիրոջից և մեծարի՛ր քահանաներին։
34Ինչպես հրամայված է քեզ, տո՛ւր նրանց տուրքի մի մասը՝
35պտուղը, հանցանքների համար սահմանվածը, զոհաբերված անասունի թիակները, սրբության զոհը և սրբազան ընծաները։
36Քո ձեռքը մեկնի՛ր տնանկին, որպեսզի կատարյալ լինի քեզ տրվող օրհնությունը։
37Ողորմության շնորհը թող բաշխվի բոլոր ողջերին, բայց և մեռածի համար մի՛ խնայիր շնորհներդ։
38Մի՛ խուսափիր լացողներից և սգա՛ սգացողների հետ։
39Մի՛ հապաղիր հիվանդին տեսության գնալ. դա շնորհ կհամարվի քեզ համար։
40Քո բոլոր գործերի մեջ հիշի՛ր վախճանդ և երբեք չես մեղանչի։
Նոր Էջմիածին · HYEJB2017