Երգ Երգոց
1
Կամ օրհնությունների օրհնություն ասված Իսրայելի արքա Սողոմոնի կողմից
Հարսն ասում է.
1Թող համբուրի ինձ իր բերանի համբույրներով, քանզի քո ստինքները լավ են գինուց, և հոտը յուղերի քո՝ բոլոր խունկերից։
2Քո անունը հեղված յուղ է անուշ, դրա համար օրիորդները սիրեցին քեզ և դեպի իրենց ձգեցին քեզ։
3Քո յուղերի հոտի հետևից կընթանանք և մենք։ Արքան տարավ ինձ Իր սենյակը։ Ցնծանք և ուրախ լինենք քեզանով և սիրենք քո ստինքները գինուց ավելի։ Ուղղությունը սիրեց քեզ։
Հարսը պատմում է օրիորդներին փեսայի մասին, թե ի՛նչ է շնորհել իրեն.
Հարսը պատմում է օրիորդներին, և նրանք ասում են.
Օրիորդները հարսին ասում են փեսայի անունը.
Հարսն ասում է.
4Սև եմ ես և գեղեցիկ, դուստրե՛ր Երուսաղեմի, Կեդարի վրանների և Սողոմոնի խորանի պես։
5Մի՛ նայեք ինձ, որ սևացել-թխացել եմ, արեգակն է ինձ թխացրել։ Իմ մոր որդիներն ինձ հետ դաժան վարվեցին և ինձ այգեստանի պահապան դրեցին, Սակայն իմ այգին չկարողացա պահել։
Հարսն ասում է փեսային.
6Պատմի՛ր ինձ, իմ հոգո՛ւ սիրելի, որտե՞ղ ես հովվում քո հոտը, որտե՞ղ ես հանգչում միջօրեին. միգուցե մոլորվեմ քո ընկերների երամակների մեջ։
Փեսան ասում է հարսին.
7Եթե դու ինքդ չգիտես, գեղեցի՛կդ կանանց մեջ, հետևի՛ր դու հոտերի ոտնահետքերին և արածեցրո՛ւ քո ուլերին հովիվների վրանների մոտ։
8Մերձավո՛ր իմ, քեզ նմանեցրի փարավոնի կառքերին լծված իմ երիվարներին։
Օրիորդներն ասում են.
9Քանզի գեղեցկացան քո ծնոտները տատրակի նման և քո պարանոցը՝ մանյակների պես։
10Ոսկե զարդի պես դարձնենք քեզ՝ արծաթե կիտվածքներով հանդերձ,
11մինչև արքան քեզ իր գիրկն ընդունի։
Հարսն ասում է ինքն իրեն և փեսային.
12Իմ նարդոսն արձակեց իր հոտը, ստաշխի ծրար է ինձ համար իմ եղբորորդին, որը պիտի հանգստանա իմ ստինքների մեջ։
13Նոճու ողկույզ է ինձ համար իմ եղբորորդին՝ Ենգադդի այգեստանների մեջ։
Փեսան ասում է հարսին.
14Ահավասիկ գեղեցիկ ես, մերձավո՛ր իմ, ահավասիկ գեղեցիկ ես. քո աչքերն աղավնիներ են։
Հարսն ասում է փեսային.
15Ահա բարետես ես, սիրեցյա՛լ իմ, նաև գեղեցիկ մեր հանգստարանի հովանու ներքո։
16Մեր տան գերանները մայրիներ են, մեր ծածկերը՝ նոճիներ։